HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Հայկական կողմը ողջունում է Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու ՌԴ ցանկությունը». Վահան Կոստանյան

Այս պահին ընթանում են քննարկումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների օրվա հետ կապված։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Այն գործողությունները, որոնք Ադրբեջանը և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է, մասնավորապես՝ լարվածությունը թե՛ Հայաստանի սահմանին և կրակոցները ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, թե՛ իրավիճակի լարումը Լեռնային Ղարաբաղում, միանշանակ չեն աջակցում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելուն և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունները, թե իրենք իրապես հետաքրքրված են կայունության ու խաղաղության հաստատմամբ»,- նշեց փոխնախարարը։

Ըստ նրա՝ Հայաստանի համար շատ կարևոր է ֆիքսել սկզբունքները, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի իրավազորության և ինքնիշխանության հիման վրա։

«Հայաստանը կառուցողական մոտեցում է դրսևորել այս աշխատանքներում և շարունակելու է կառուցողական լինել, որովհետև հետաքրքրված ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ, որովհետև կարծում ենք, որ «Հայկական խաչմերուկ» ծրագիրը մեծ պոտենցիալ ունի՝ հաշվի առնելով նաև այն աշխարհաքաղաքական զարգացումները և այն լոգիստիկ խնդիրները, որին այսօր աշխարհը բախվում է։ Հայկական կողմի համար կարևոր է, որ ապաշրջափակման բոլոր դետալները, այդ թվում՝ նաև անվտանգության հետ կապված, տեղի ունենան ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմանում»,- ասաց Կոստանյանը։

Փոխնախարարը նշեց՝ թե՛ ապաշրջափակման թեմայով, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման թեմայով, թե՛ խաղաղության պայմանագրի կամ երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման համաձայնագրի վերաբերյալ քննարկումների պարագայում հայկական կողմը մշտապես պատրաստ է հանդիպումների իրականացման համար և շահագրգռված է այս երեք ուղղություններով արդյունքներ գրանցելու։

Խոսելով Հակարիի կամրջի միջադեպից, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայողները առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, փոխնախարարը հայտնեց, որ միջադեպը քննվում է։

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր դիրքորոշումն ու մտահոգությունները  ներկայացրել է խնդրի վերաբերյալ, սպասենք պաշտոնական արձագանքների»,- հայտնեց նա։

Անդրադառնալով Սյունիքում ռուսական հյուպատոսության բացմանը՝ Կոստանյանը նշեց, որ հայկական կողմը ողջունում է միջազգային գործընկերների ցանկությունը Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում ավելի լավ ծանոթանալու համար իրավիճակին։

Հարցին՝ անվտանգային կոմպոնենտ այս գործընթացում տեսնո՞ւմ է, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Քննարկվում է հենց Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը։ Կարծում եմ, թե ինչ ցանկություններով ու նպատակներով է ՌԴ-ն հենց Կապանը որոշել, ավելի ճիշտ կլինի՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը մեկնաբանի»։

Վահան Կոստանյանը նշեց՝ սկզբունքային հարցերի շուրջ այս պահին դեռևս չկա համաձայնություն, և երկու կողմերի տեսակետները բավական հեռու են իրարից, այդ թվում՝ քարտեզի ֆիքսման, թե որ թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտի հետ կապված, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքների հետ կապված, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի հետ կապված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter