HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու արդեն 5-րդ փորձն էր. Փաշինյան

Այսօր՝ հունիսի 20-ին, տեղի է ունենում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը։ Այն նախագահում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։

Նիստը որոշվել է անցկացնել դռնբաց, սակայն եթե հարցեր լինեն, որոնք կառնչվեն ազգային անվտանգությանը, կքննվեն դռնփակ ռեժիմով։ Նիստին որոշվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես գա պատերազմի հանգամանքների մասին։ Իսկ հաջորդ նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն իրենց հարցերը կուղղեն վարչապետին։ 

Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, թե ինչու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրեց, և պատերազմը կանգ առավ հենց այդ ժամանակ։

Նրա խոսքով՝ շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը. «Էականն այստեղ ոչ միայն Շուշիի խորհրդանշական արժեքն է, այլև ռազմավարական։ Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Մարտունու վրա, և որ ամենակարևորն է՝ շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»,- ասաց նա։

Փաշինյանը հայտնեց, որ 2020 թվականի պատերազմը կանգնեցնելու արդեն 5-րդ փորձն էր նոյմբերի 9-ի հայտարարությունը։ Նա ծավալուն անդրադարձ կատարեց պատերազմը կանգնեցնելու առաջին փորձին։

Ըստ նրա՝ այդպիսի առաջին խոսակցությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, երբ, ծննդյան օրը շնորհավորելու առիթով զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Շնորհավորական խոսակցությունից հետո Ռուսաստանի նախագահը կարևոր է համարել այն, որ Փաշինյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է գնալ կոմպրոմիսների, և օգտվելով այդ առիթից՝ Պուտինը հայտնել է, որ ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել՝ հնարավորինս արագ կրակի դադարի հասնելու համար։ 

«Ասացի, որ համաձայն եմ, մինչ այդ՝ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով պետք է լինի կրակի դասարեցումը։ Մեր ըմբռնումն այն է, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, որից հետո պիտի սկսվեն խորհրդակցություններ, թե որոնք են այն կոմպրոմիսները, որոնց պատրաստ են կողմերը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին երկրորդ հեռախոսազրույցը։ Վարչապետի խոսքով՝ Պուտինն ասել է, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման, այսինքն՝ համաձայն չէ հրադադար հաստատել։ Փաշինյանի խոսքով՝ Պուտինն ասել է, թե հաջորդ օրը նորից կխոսի Իլհամ Ալիևի հետ։ 

«Հաջորդ օրը ՌԴ նախագահը ինձ տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը հրադադարի համար նախապայման ունի, ակնկալում է, որ առանց մարտերի իրենց հանձնվի Ֆիզուլին, և հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խուտաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել՝ ոռոգման նպատակով։

Բացի դա՝ Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում էր ետ ստանալ Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին ու Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել։ Ընդ որում, այս գործողությունների դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար։ Դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման չպիտի լիներ։ 

Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների և հետո նույնիսկ եթե ես համաձայնվեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը։ 

Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցրի՝ արձանագրելով, որ Խուտաֆերինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից ադրբեջանցիների ջուր վերցնելուն, Ասկերովի և Գուլիևի վերադարձի պայմանը քննարկելի է, եթե Ադրբեջանն ասի, թե ՌԴ միջնորդությամբ իր հերթին քանի գերի է պատրաստվում վերադարձնել հայկական կողմին, Ֆիզուլին առանց մարտի հանձնելու և Արաքսի ափով նահանջելու պայմանը ընդունելի չէ, զոհվածների մարմինները հուղարկավորելու նպատակով հումանիտար հրադադար հասատելու առաջարկը լիարժեք ընդունելի է։ 

Մեր հաջորդ խոսակցության ժամանակ, որը տեղի ունեցավ կրկին հոկտեմբեր 8-ին, ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանը համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի կեսգիշերից հրադադար հաստատել։ Դա քննարկելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա՝ խորհրդակցություններ սկսելու ՌԴ միջնորդությամբ։ Նաև պետք է փոխանակվեին գերիները և զոհվածների աճյունները։ Ես համաձայնվեցի այս առաջարկին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ իրենց խոսակցությունից հետո ՌԴ նախագահի կայքում հրապարակվեց հայտարարություն, թե հումանիտար հրադադար հասատելու նպատակով երկու երկրների ԱԳ նախարարները հրավիրում են Մոսկվա։

Նախարարների հանդիպումից հետո ընդունվեց հայտարարություն, որով կողմերը համաձայնեցին հաստատել հումանիտար հրադադարին, ռազմագերիների և աճյունների փոխանակմանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ 

Փաշինյանը նշեց, որ չնայած այս հայտարարությանը՝ Ադրբեջանը ոչ միայն չէր պահպանում կրակի դադարեցման ռեժիմը, այլև ակտիվացնում էր իր գրոհային գործողությունները՝ հարձակում ձեռնարկելով արդեն ԼՂ նախկին ինքնավար մարզի տարածքի վրա, հրթիռային հարվածներ հասցնելով Ստեփանակերտին, Մարտակերտին, գրոհելով Հադրութի ուղղությամբ։ 

Վարչապետը նշեց, որ խոսակցություն է եղել նաև ռուսական դիտորդների տեղակայման մասին, որ հետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը, սակայն Ադրբեջանը դեմ է եղել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter