HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Դարդեն եղբայրները. «Ոսկե Ծիրան»-ի լեգենդար հյուրերը

Բելգիացի ռեժիսորներ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն եղբայրների ցածրաբյուջե, սուր սոցիալական թեմաներով նկարահանված ֆիլմերը արդի ժամանակների առակներ են: Անհնար է անտարբեր մնալ նրանց ճնշված ու միայնակ հերոսների հանդեպ: Դարդեն եղբայրների ֆիլմերում դերասանական արհեստականություն կամ կեղծիք չկա, տեսախցիկը շարժվում է հերոսների հետ այնքան սահուն և մոտիկից, որ թվում է` ոչ թե հետևում ես ընթացքին, այլ մասնակիցն ես:  Եղբայրների ուշադրությունը հասարակական, էթիկական խնդիրների նկատմամբ նույնքան հեղափոխական է, որքան իրենց ստեղծած յուրահատուկ գեղագիտությունը, նկարելու տեխնիկան: Դարդենները 21-րդ դարի հեղինակային կինոյի գլխավոր ֆիգուրներից են:

Ժան-Պիեռ և Լյուկ Դարդենները կինոյում են 1970-ականներից. Ժան-Պիեռը մասնագիտությամբ դերասան էր, Լյուկը՝ թատրոնի ռեժիսոր: Մի օր նրանք որոշեցին միացյալ ուժերով բեմադրել պիես, իսկ երբ պիեսը դիտեցին նկարահանված տարբերակով, որոշեցին նկարահանել ֆիլմ, այդպես եղբայրները մտան կինոաշխարհ։ Մինչ այսօր նրանք նկարել են 12 լիամետրաժ ֆիլմ, որոնց սցենարների հեղինակները նույնպես իրենք են:

Եղբայրները միջազգային հռչակ ձեռք բերեցին 1999 թվականից, երբ նրանց «Ռոզետա» (Ֆր.Rosetta) ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացավ գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն»։ 2005թ․ եղբայրների «Մանուկը» (Ֆր.L'Enfant) ֆիլմը բերեց ռեժիսորներին երկրորդ «Ոսկե արմավենու ճյուղը»։ Նրանց «Հեծանիվով տղան» (Ֆր. Le gamin au vélo) ֆիլմը 2011թ․ արժանացել է Կաննի կինոփառատոնի «Գրան պրի» մրցանակին, իսկ «Երիտասարդ Ահմեդ» (Ֆր.Le Jeune Ahme) ֆիլմի համար եղբայրները 2019թ. Կաննի 72-րդ կինոփառատոնում ճանաչվել են լավագույն ռեժիսորներ:

Դարդեն եղբայրները այս տարվա՝ հուլիսի 6-19-ը կայանալիք Երևանի «Ոսկե Ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրերն են: Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն եղբայրներին կշնորհվի «Ոսկե Ծիրան»-ի պատվո մրցանակը՝ կինոյում ունեցած մեծագույն ավանդի համար։

Երևանում  կանցկացվի Դարդեն եղբայրների ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը և մեծ հանդիպումը ռեժիսորների հետ։

Գլխավոր լուսանկարը «Ոսկե Ծիրան»-ի էջից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter