
Ծովային թարմ հոսանքներ Ազգային պատկերասրահում. բացվել է Այվազովսկու մշտական ցուցադրությունը
Դեռևս 2017թ.-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց մեծածավալ ցուցադրություն՝ նվիրված աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին։ Դա մշակութային մեծ իրադարձություն էր․ ընդգրկված էր շուրջ 100 ստեղծագործություն:
«Հնգամյա դադարից հետո վերսկսվել է Այվազովսկու ցուցադրությունը՝ արդեն վերանորոգված և առավել արդիականացված սրահներով: Այստեղ ներկայացված են ծովանկարչի գեղանկարչական, գրաֆիկական, դեկորատիվ, կիրառական արվեստի նմուշները, որոնք բացահայտում են մեծ ծովանկարչին, որն ընդլայնեց այս ժանրի սահմանները՝ հարստացնելով այն նոր թեմաներով ու սյուժեներով»,- ասում է Ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի վարիչ, համադրող Հայկուհի Սահակյանը ցուցադրության բացման օրը՝ հունիսի 21-ին:
«Արդեն երկու տարուց ավել էր՝ թանգարանը փակ էր, փակ էին մշտական ցուցադրությունները, պատճառը 2020թ.-ի համավարակն էր և պատերազմը, իսկ հետո տարվող աշխատանքերն էին՝ ներդրվել է արդի ջերմախոնավային համակարգ: Այն չափազանց կարևոր է յուրաքանչյուր թանգարանի համար։ Քանի որ շենքը բավականին հին է ջերմախոնավային համակարգի ներդրման արդյունքում, կարիք եղավ ընդհանուր վերանորոգման: Այս պահին մենք հարկ առ հարկ ամբողջովին վերանորոգում և արդիականացնում ենք ցուցասրահները: Մեծ աշխատանք է տարվում նաև ցուցանմուշների հետ, որոնք տարիներ շարունակ կախված են եղել, ռեստավրացիոն շատ կարևոր գործողություններ չէին կատարվել, այժմ համալիր ձևով փորձում ենք բոլոր հարցերը լուծել»,- պատմում է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։
Սկզբում մշտական ցուցադրություններից վերաբացվել էին Հայ հին և միջնադարյան արվեստի և Հակոբ Գյուրջյանի քանդակների ցուցասրահները: Հունիսի 21-ին բացվեց նաև Հովհաննես Այվազովսկու մշտական ցուցադրությունը, որ աշխարհում Այվազովսկու լավագույն հավաքածուներից է։
Ուղեկցելով սրահներով՝ համադրող Հայկուհի Սահակյանը ներկայացրեց ըստ թեմատիկայի առանձնացված չորս բաժինները:
Առաջինը լույսի թեմայով սրահն էր՝ արևածագ, մայրամուտ, բիբլիական լույս: Այս սրահում է ցուցադրության առանցքային գործերից մեկը՝ «Նոյն իջնում է Արարատից» կտավը:
Երկրորդ սրահում փոթորիկներն են, Այվազովսկու վրձինը մեծ վարպետությամբ էր գործում հատկապես փոթորկոտ ծովային տեսարաններում, որոնցում, չնայած ահեղ, ավերիչ տեսարանների, կա լավատեսություն. Մարտիրոս Սարյանի խոսքերով ասած` «փրկության այդ լույսի մեջ է Այվազովսկու բոլոր փոթորիկների իմաստը»:
Երրորդ սրահում ճամփորդություններն են. այդ ընթացքում նա ընդլայնում էր իր ծովային աշխարհագրությունը, ստեղծում էր նոր ծովային տեսարաններ: Կյանքի վերջին շրջանում նկարիչը կնոջ՝ Աննա Բուրնազյանի հետ ձեռնարկում է ճանապարհորդություն դեպի Ամերիկա, նրա խոսքերով, նա ուզում էր ուսումնասիրել օվկիանոսը, հայտնաբերեր ծովի նոր շերտեր, նոր ալիքներ, տեսներ Նիագարան:
Չորրորդ սրահում պատկերված են ծովանկաչի գիշերային տեսարանները: Այվազովսկու գիշերային ծովային տեսարանները լի են խորհրդավորությամբ, ռոմանտիզմով: Նրա կտավների լիալուսնի ցոլքերի արտացոլումը ծովի մակերևույթին համարվում է անգերազանցելի վարպետություն:
Համադրող Հայկուհի Սահակյանն ասում է՝ իր ամենասիրելի կտավը Հովհաննես Այվազովսկու հավաքածուից «Լուսնյակ գիշեր»-ն է: Այն փայտի վրա յուղաներկով արված Դանթեի «Աստվածային կատակերգության» թեմայով, չափսերով փոքրիկ մի գործ է, որին երկար դիտելուց հետո ես միայն հասկանում, թե ինչ անսահման խորություններ է նկարը իր մեջ թաքցնում:
Հունիսի 21-ից Հայաստանի ազգային պատկերասրահում Հովհաննես Այվազովսկու ոգեշնչող ալիքները և փոթորիկները, ֆանտաստիկ մայրամուտները և այգաբացները բաց են բոլորի համար: Ազգային պատկերասրահում մշտական ցուցադրությունների տոմսի արժեքը մեծահասակների համար 2000 դրամ է, դպրոցականների, ուսանողների և թոշակառուների համար՝ 1000 դրամ։
Լուսանկարները՝ «Հետք»-ի:
Մեկնաբանել