HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

««Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է թրաֆիքինգի մեջ

««Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Պետրոսյանը մեղադրվում է թրաֆիքինգի մեջ։ Մասնավորապես՝ Արա Պետրոսյանին առաջադրված մեղադրանքում նշվում է, որ նա 2018 թ. սեպտեմբերից մինչև 2020 թ. մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում թրաֆիքինգի՝ շահագործման է ենթարկել Տիգրան Ներսիսյանին՝ պահելով ստրկությանը նմանվող վիճակում, որը զուգորդվել է նրա առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ: Բացի այդ, նույն ժամանակահատվածում դիտավորությամբ Տիգրան Ներսիսյանի առողջությանը պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Հունիսի 21-ին տեղի ունեցավ գործով հերթական դատական նիստը, որը հետաձգվեց Արա Պետրոսյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանի միջնորդությամբ։ Նա մեզ փոխանցեց, որ նոր է գործում ներգրավվել որպես հանրային պաշտպան և դեռ ծանոթ չէ գործի նյութերին ամբողջությամբ։

Արա Պետրոսյանի նախկին պաշտպան Լևոն Սահակյանը հայտնեց, որ Տիգրան Ներսիսյանը, որին Արա Պետրոսյանը ենթադրաբար ենթարկել է թրաֆիքինգի, եղել է Արա Պետրոսյանի՝ Ծաղկուտ գյուղում գտնվող տան աշխատակիցը, ավելի կոնկրետ՝ անասնապահը։ «Նա անասուններին է պահել, տանը աշխատանք է կատարել, որի համար վարձատրվել է»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Տիգրան Ներսիսյանը այդ ամենը կատարել է իր կամքով, նույնիսկ բնակվել է Արա Պետրոսյանի տանը։ «Ունեցել է ազատ ելումուտի հնարավորություն, ունեցել է հեռախոս, որը մշտապես հասանելի է եղել, կարողացել է կապ հաստատել ցանկացած անձի հետ, այդ թվում՝ եթե ցանկանար, ոստիկանության, իր ծնողների, հարևանների»,- նշեց Լևոն Սահակյանը։ Նրա պնդմամբ՝ Տիգրան Ներսիսյանը նույնիսկ անձանց է հրավիրել Արա Պետրոսյանի տուն, միասին սրճել և հաց են կերել, մասնակցել է Արա Պետրոսյանի գրեթե բոլոր առիթներին։ Փաստաբանը հայտնեց, որ այդ ամենը վկայող ապացույցներ կան, որոնք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։

Խոսելով թրաֆիքինգի հանցակազմից՝ Լևոն Սահակյանն ասաց, որ Տիգրան Ներսիսյանը նեղացել է Արա Պետրոսյանից այն բանի համար, որ վերջինս իրեն խոստացել է նվիրել կով, սակայն չի նվիրել։ «Ինչքան էլ զավեշտալի է հնչում, կով խոստանալու և չնվիրելու առերևույթ արարքը որակվել է որպես թրաֆիքինգ»,- ասաց Սահակյանը։

Մեր այն դիտարկմանը, թե մեղադրանքում նշված է, որ Արա Պետրոսյանը դիտավորությամբ Տիգրան Ներսիսյանի առողջությանը պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, ինչի՞ մասին է, փաստաբանը պատասխանեց․ «Բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»։

Այս գործով հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 3-ին՝ 16։30-ին։

Նշենք, որ Արա Պետրոսյանը 2017 թվականին մեղավոր էր ճանաչվել այն բանի համար, հանդիսանալով ««Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ իմացել է այնտեղ պահակ աշխատող Դավիթ Ամիրյանի կողմից աշխատանքի չհաճախելու հանգամանքի մասին և շահադիտական դրդումներով, նպատակ ունենալով յուրացման եղանակով հափշտակել վերջինիս անվամբ հատկացված աշխատավարձի գումարները, ոչ միայն չի լուծել Դավիթ Ամիրյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, այլ նաև մեկ միասնական դիտավորությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր ստորագրությամբ հաստատել, կնքել և վավերացրել է ««Արփի Լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 6 ամիսների պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատավարձի վճարային տեղեկագրերը։

Այդ տեղեկագրերում կեղծ տեղեկություններ են ներառվել Դավիթ Ամիրյանի կողմից աշխատանքի հաճախելու և աշխատավարձ ստանալու վերաբերյալ, ապա անձամբ ստանալով Դավիթ Ամիրյանի անվամբ ելքագրված ընդհանուր զգալի չափերի 422 705 դրամ աշխատավարձի գումարները՝  յուրացման եղանակով հափշտակել է:

Բացի դրանից, ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել Դավիթ Ամիրյանի կողմից աշխատանքի հաճախելու և աշխատանքային պարտականությունները կատարելու համար աշխատավարձի գումարներ ստանալու վերաբերյալ:

Արա Պետրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակել տուգանք 700 000 դրամի չափով և նրան զրկել էին նյութական և ֆինանսական միջոցներ տնօրինելու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 տարի ժամանակով:

Սակայն Պետրոսյանի նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության Անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը, և նա ազատվել է նշանակված հիմնական՝ տուգանքի ձևով պատժից:

Ի վերջո, դատարանը որոշել է Արա Պետրոսյանից բռնագանձել 208 440 դրամ՝ որպես դատական ծախս և բավարարել Դատախազության հայցը՝ Արա Պետրոսյանից բռնագանձել 422 705 դրամ, որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման գումար։

Դատարանը որոշել է նաև Արա Պետրոսյանին պատկանող Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում ունեցած, բնակարանի վրա դրված արգելանքը թողնել անփոփոխ, մինչև դատական ծախսի և քաղ. հայցով գումարների բռնագանձման ավարտը:

Արա Պետրոսյանը դատարանի որոշումը բողոքարկել էր վերադաս ատյան, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել էր նրա բողոքը։

Լուսանկարը՝ Արա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter