HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գաիանէի ռե մաժոր մազերը․ սինեսթետիկ դաշնամուրային համերգ

Երաժշտական փորձարարությունների սիրահար դաշնակահարուհի Գայանե Ասլանյանի (Գաիանէի) համերգը՝ Սինեսթետիկ դաշնամուրային փորձառությունը, ոգեշնչված է գույնի և հնչյունի կապի գաղափարով։ Այն տեղի կունենա այսօր՝ հունսիսի 24-ին՝ ժամը՝ 20։00-ին, Գաֆէսճեան համերգասրահում։

«Կարմիր գույնը ինձ համար ֆա դիեզն է, մի բեմոլը՝ մուգ կապույտը, կանաչ մազերս էլ ռե նոտան է, երևի իրենց պատվին ռե մաժորում երաժշտություն գրեմ ու ինքս ինձ նվիրեմ»,-ասում է Գաիանէն, ով, տարվելով Ալեքսանդր Սկրյաբինի երաժշտությամբ, սկսել է նրա նման ուսումնասիրել և փորձարկումներ անել հնչյունի և գույնի հետ։

Հունիսի 24-ի իր համերգի ժամանակ Գաիանէն կատարելու է Սկրյաբինի, Ռավելի, Սատիի և իր հեղինակային ստեղծագործությունները. բոլոր կատարումների ժամանակ հնչյուններին ուղեկցելու են գույնները։

Գաիանէն ավարտել է Երևանի կոնսերվատորիայի մագիստրատուրան 2019թ․-ին, որից հետո աշխատում է այնտեղ որպես նվագակցող։ Բացի կատարող լինելուց, Գայանեն նաև գրում է երաժշտություն, ոչ միայն դաշնամուրային, այլև էլեկտրո, ունի գրած երաժշտություններ համակարգչային խաղերի համար։

-Ինչպե՞ս Գաիանէն դարձավ դաշնակահարուհի

-Մայրս շատ էր սիրում երաժշտություն, դաշնամուր նվագել և  ինձ տարավ երաժշտական դպրոց։ Հետո իներցիայով երաժշտական դպրոցից ընդունվեցի Կոնսերվատորիա՝ դաշնամուրային բաժին, բայց դեռ չէի պատկերացնում, որ պետք է երաժշտությամբ զբաղվեմ ապագայում։ Այն, որ երաժշտությունը իմն է, հասկացա Կոնսերվատորիայում․ դրան նպաստեց երկու գործոն՝ իմ  դասախոսը, որի հետ երաժշտությունն սկսեցի ընկալել արդեն լրիվ ուրիշ մակարդակում և Ռավելի երաժշտությունը, որով տարվել էի։ Իսկ իր գործերը կատարելը դժվար էր, և պետք է շատ աշխատեի ինձ վրա, որ հասնեի էդ մակարդակի, սկսեցի շատ պարապել։  

Գաիանէն և Մորիս Ռավելը

«Ռավելը շատ անկեղծ է իր երաժշտության մեջ ու շատ պատկերավոր․ իր երաժշտության մեջ տեսնում ես էն, ինչը ինքն ուզում էր ցույց տալ։ Օրինակ՝ «Նավակը օվկիանոսում» պիեսը լսողը միանգամից կպատկերացնի էդ ալիքների ձայնը, նավակը, որին խփում են այդ ալիքները, նույնիսկ էդ խփվելու ձայնը կարելի է լսել նրա մեջ»։ 

-Ինչպե՞ս Գաիանէն սկսեց գրել երաժշտություն

- Միշտ կոմպլեքս է եղել այն, որ ես ինքս երաժշտություն չէի գրում, չէի կարողանում միանգամից իմպրովիզ անել, ես միշտ դրա պակասը զգացել եմ։ Դրա համար սկսեցի ուսումնասիրել իմ սիրելի ստեղծագործությունների հարմոնիան, կառուցվածքը։ Նոր գործ սովորելուց ես անալիզ էի անում իմ մեջ, թե ոնց է էդ ամեն ինչն արվել, ու սպասում էի, որ մի օր ես էլ կգրեմ երաժշտություն։ Այդ մի օրը եկավ․ տարօրինակ զգացողություն էր, տարօրինակ կտրվածություն էր մոտս, կարծես աշխարհի մասը չլինեի, ոչ մի բան չէի ուզում անել, բացի դաշնամուրի մոտ անվերջ փնտրելուց․ գտա մեղեդի ու շարունակեցի կառուցել երաժշտությունը, կարծես ինչ-որ մի բան կարողացա դուրս հանել մեջիցս երաժշտության միջոցով»։

Գաիանէն և Ալեքսանդր Սկրյաբինը 

«Հետաքրքրությունը Սկրյաբինի երաժշտությամբ միշտ էլ կար, բայց Կոնսերվատորիան ավարտելուց հետո ավելի շատ սկսեցի կատարել և ուսումնասիրել իրեն։ Ինքը սինեսթեզիա (համազգացողություն, միաժամանակյա զգացում) ուներ, ու ես էլ արդեն սկսել էի պատկերացնել իր գրած հարմոնիաները՝ գույներով, բայց ոչ թե իր՝ Սկրյաբինի տեսած, այլ իմ ասոցիացիաներով։ Հետո միտք առաջացավ համերգ տալու, որտեղ կհնչի նաև իմ գրած ստեղծագործությունը՝ գույների հետ «խաղով»։ Հնչելու են նաև Սկրյաբինի, Ռավելի, Սատիի ստեղծագործությունները, որոնք ինձ վրա մեծ ազդեցություն են թողել։ Հրավիրում եմ բոլորին մասնակցելու այս դաշնամուրային սինեսթետիկ փորձառությանը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter