HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մայիսին Հայաստանի պետական պարտքը հատել է 11 մլրդ դոլարի շեմը

2023 թվականի մայիսի վերջի դրությամբ` Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 26.5 մլն դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է մոտ 389 մլն դոլարով կամ 3.7%-ով։

Պետական պարտքն աճում է բացառապես ներքին պարտքի հաշվին։

Ներքին պարտքը հիմնականում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն են։ Մայիսի վերջի դրությամբ այն կազմել է 4 մլրդ 617 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ աճել է 425 մլն դոլարով կամ 10.1%-ով։

Արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 409 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ նվազելով 36 մլն դոլարով կամ 0.6%-ով։ Արտաքին պարտքի կազմում էական կշիռ ունեն միջազգային կազմակերպություններից ու պետություններից վերցված վարկերն ու փոխառությունները (4 մլրդ 439 մլն դոլար)։ Ոչ ռեզիդնետների կողմից ձեռք բերված արտարժութային պարտատոմսերը, կամ ինչպես ավելի հայտնի է՝ եվրապարտատոմսերը կազմել են 1 մլրդ 199.5 մլն դոլար։ Մնացածը ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն են ու արտաքին երաշխիքները։

Արտաքին պարտքի 91%-ը Կառավարության պարտքն է, 9%-ը՝ Կենտրոնական բանկինը։

Կառավարության արտաքին վարկերի ու փոխառությունների կազմում ամենամեծ կշիռը Համաշխարհային բանկից ստացված գումարներինն է։ Համաշխարհային բանկի երկու կառույցներին՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին (IBRD) և Զարգացման միջազգային ընկերակցությանը (IDA) միասին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին վարկերի 35.9%-ը: Մայիսի վերջի դրությամբ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին է բաժին հասնում Հայաստանի արտաքին վարկերի 18.6%-ը, իսկ Զարգացման միջազգային ընկերակցությանը՝ 17.3%-ը:

Հայաստանի հաջորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն է՝ 18.8% կշռով։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դոլար: Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով: Նշված տարում ևս պետական պարտքը աճել է ներքին պարտքի հաշվին:

 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter