HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փոսը շրջանցելով՝ հայտնվում են փոսի մեջ

Վաղարշապատը Խոյ համայնքի Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ գյուղերին կապող մարզային նշանակության մոտ 7 կմ ճանապարհի մեծ մասը փոսերի պատճառով դարձել է անանցանելի: Մոտ մեկ տասնամյակ է՝ համայնքապետարանն ու բնակիչները տարբեր գրություններով անհանգստացրել են պատկան մարմիններին: Մինչդեռ լուծումը գտել են փոսերի մեջ խիճ ու ավազ լցնելով, որը ժամեր անց ավտոմեքենայի անիվների հետ դուրս է գալիս փոսերից:

Աղավնատուն գյուղի բնակիչները, պարբերաբար 5-15 հազար դրամ հավաքելով, իրենց ուժերով վերանորոգման աշխատանքներ կատարել են: Սակայն 1970-ական թվականներից չհիմնանորոգված ճանապարհն այլևս անհնար է «կարկատաններով» պահել: 

2022թ. հոկտեմբերին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարություն տարածեց, որ հայտարարվել է նշված ճանապարհի նախագծի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ: Հատկապես վարորդները հույս ունեին, որ վերանորոգման աշխատանքները գարնանը կսկսվեն, մինչդեռ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մրցույթը նույնիսկ չի հայտարարվել:

Նշված ճանապարհը կարևոր նշանակություն ունի. այն կապում է Արմավիրի ու Արագածոտնի մարզերը՝ Ոսկեհատ-Ոսկեվազ գյուղերի միջոցով: Ուղևորահոսքը շատ է, իսկ գյուղատնտեսական ամիսներին պատշաճ ճանապարհ ունենալը դառնում է կենսական նշանակության:

Տաքսիները նախկին 1000 դրամի փոխարեն այժմ Վաղարշապատից 1300-1500 դրամով են իրականացում Աղավնատուն-Լեռնամերձ փոխադրումները: Իսկ ոմանք ընդհանրապես հրաժարվում են այդ գյուղեր գնալուց՝ մատնանշելով վատ ճանապարհը: Վիճակն ավելի անտանելի է հատկապես գիշերվա ժամերին, երբ ճանապարհը չի լուսավորվում ու փոսերը շրջանցել չի ստացվում: Իսկ գյուղացիները մեծածախ վաճառքի համար բերքը շուկա տանում են հենց գիշերային ժամերին:

Գյուղացիները ստիպված մի քանի կիլոմետր ավել վարել, այլ՝ շրջանցիկ ճանապարհներ գտնել:

Փոսերի մեծացմանը նպաստում են նույն ճանապարհով անցնող «ՄԼ Մայնինգ» ընկերության ավտոմեքենաները, որոնք ավազ ու խիճ են տեղափոխում մոտակա հանքավայրից:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից «Հետք»-ին հայտնում են, որ կազմվել է նշված ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագիծ, որի փորձաքննությունն ավարտական փուլում է: Նախատեսվում է ճանապարհի 7,3 կմ հատվածի հիմնանորոգում:

«Նախագիծն ընդունված կարգով փորձաքննության փուլն անցնելուց հետո նախատեսվում է հայտարարել հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ: Աշխատանքների կատարման ժամկետներին հնարավոր կլինի անդրադառնալ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ համապատասխան պայմանագիրը կնքելուց հետո»,-պատասխանել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter