
«Յուրաքանչյուրը, ով ընտրում է չարիքի ճանապարհը, կործանում է ինքն իրեն». Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանում ընթացող իրադարձությունները, որտեղ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության վարձկանները ապստամբություն են բարձրացրել այդ երկրի ռազմական ղեկավարության դեմ։
«Յուրաքանչյուրը, ով ընտրում է չարիքի ճանապարհը, կործանում է ինքն իրեն։ Զինվորների շարասյուներն ուղարկում է մյուս երկրի կյանքերի կործանմանը և չի կարող պահել նրանց փախուստից ու դավաճանությունից, երբ կյանքը դիմադրում է։ <...> Նվաստացնում է մարդկանց և պատերազմ ուղարկում հարյուր հազարավորների, որպեսզի վերջապես բարիկադավորվի Մոսկվայի մարզում նրանցից, ում ինքն է զինել»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը «երկար ժամանակ քարոզչության միջոցով քողարկել է իր թուլությունը և կառավարման հիմարությունը»։ «Իսկ հիմա քաոսն արդեն այնքան շատ է, որ որևէ ստով այն չես թաքցնի։ Եվ այդ ամենը միայն մեկ մարդ է, որը կրկին և կրկին վախեցնում է 1917 թվականով, չնայած ոչ մի այլ բանի ունակ չէ հանգեցնելու»,- նշել է նա։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ «Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է»։ «Եվ ինչքան երկար Ռուսաստանը պահի իր զորքերը և վարձկաններին մեր հողի վրա, այնքան ավելի շատ քաոս, ցավ ու խնդիրներ իր համար հետո կստանա»,- եզրափակել է Զելենսկին՝ ավելացնելով, որ ուկրաինացի բոլոր հրամանատարներն ու զինվորները գիտեն, թե ինչ անեն։
Լուսանկարը՝ AFP/Getty Images
Մեկնաբանել