
Ռուսաստանում գրանցվում են Telegram-ի աշխատանքի խափանումներ
Ռուսաստանի մի քանի շրջաններում նկատվում են Telegram մեսենջերի աշխատանքների խափանումներ։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով DownRadar ծառայության տվյալներին։
Խափանումները նկատվում են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Վորոնեժի և Վոլգոգրադի մարզերում։
Միևնույն ժամանակ տելեգրամյան Brief ալիքը, հղում անելով Downdetector-ին, գրում է, որ Telegram-ը պարբերաբար անհասանելի է դառնում նաև Նովոսիբիրսկում, Սոչիում, Կրասնոդարում և Սևաստոպոլում։
Varlamov News տելեգրամյան ալիքը ենթադրում է, որ խափանումները կարող են կապված լինել «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության զինված ապստամբության ֆոնին Telegram-ի աճող ծանրաբեռնվածության հետ։
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հունիսի 23-ի երեկոյան ռուսական զինված ուժերին մեղադրեց վարձկանների ճամբարի հրթիռակոծման մեջ և հայտարարեց, որ Ռուսաստանում փաստացի պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացնել՝ դա անվանելով «արդարության երթ»։
Հունիսի 24-ի առավոտյան վագներականների ձեռքն անցան Դոնի Ռոստովի քաղաքացիական ու ռազմական օբյեկտները։ Ավելի ուշ, տեղեկատվություն տարածվեց, որ ընկերության մարտիկները Վորոնեժում զբաղեցրել են նաև ռազմական նշանակության մի շարք օբյեկտներ։ Իր հերթին նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարեց, որ ռուսական զորքերը մարզում իրականացնում են «օպերատիվ մարտական միջոցառումներ»։
Ռոստովի մարզի բնակիչները հայտնում են մարտերի ձայների մասին։ Մարզում այրվում է նաև նավթաբազաներից մեկը։
Իլյուստրացիան՝ iStock-ից
Մեկնաբանել