
Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Պուտինին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ տարածված հաղորդագրության՝ Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Ռուսաստանում առկա իրավիճակի մասին, ինչը պայմանավորված է «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության զինված ապստամբության փորձի հետ։
Կրեմլը նշում է, որ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել ռուսական իշխանությունների գործողություններին։
«Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է երկրում առկա իրավիճակի մասին՝ զինված ապստամբության փորձով պայմանավորված։ Թուրքական Հանրապետության նախագահն իր ամբողջական աջակցությունն է հայտնել ռուսական ղեկավարության քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մինչ Էրդողանի հետ հեռախոսազրույցը, Կրեմլը փոխանցել էր, որ Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել