HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակից Քըլըչդարօղլուին սպառնում է մինչև 110 տարի ազատազրկում

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը 2023 թվականի նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցն էր, կարող է ձերբակալվել՝ նրա դեմ ներկայացված 28 հայցերով հետաքննության շրջանակներում։ Այդ մասին հայտնում է թուրքական Cumhuriyet պարբերականը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ քանի որ Քըլըչդարօղլուն մասնակցում էր նախագահական ընտրություններին, նա չէր կարող մասնակցել խորհրդարանականին, որն ընթանում էր միաժամանակ, ինչի հետևանքով մնացել է առանց պատգամավորական անձեռնամխելիության։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Քըլըչդարօողլուին ընդհանուր առմամբ սպառնում է մինչև 110 տարի ազատազրկում։ Ընդդիմության առաջնորդի դեմ հայցերի մեծամասնությունը վերաբերվում է գործող նախագահ Էրդողանի հասցեին վիրավորանքներին։

Միևնույն ժամանակ ռուսական TACC գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ թուրք քաղաքագետները քիչ հավանական են համարում ընդդիմության առաջնորդին քրեական պատասխանատվության ենթարկումը, քանի որ դա կարող է հանգեցնել Թուրքիայում քաղաքական իրավիճակի ապակայունացմանը։

Թուրքիայում նախագահական ընտրությունները կայացել էին 2023 թվականի մայիսի կեսերին։ Ընտրությունների առաջին փուլում Էրդողանն ստացել էր ձայների 49,35 %-ը, իսկ Քըլըչդարօղլուն՝ 45 %-ը։ Հաղթանակի համար Էրդողանին անհրաժեշտ էր ստանալ ավելի քան 50 % ձայն, այդ իսկ պատճառով տեղի ունեցավ երկրորդ փուլ, որի արդյունքները Թուրքիայի ԿԸՀ-ն հրապարակեց մայիսի 28-ին։ Ըստ այդմ՝ Էրդողանը հաղթել էր ձայների 52,14 %-ով, իսկ Քըլըչդարօղլուն ստացել էր 47,86 %։

Լուսանկարը՝ Cumhuriyet-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter