HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչո՞վ է պայմանավորված «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործով իրավապահների անգործությունը

15 անձի մահվան և մեկ անձի անհետ կորելու պատճառ դարձած «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի մեկ տարին շուտով կլրանա, սակայն, թե տուժողները, թե նրանց փաստաբանները դժգոհ են, որ հարուցված քրեական գործի քննությունը պատշաճ չի իրականացվում: Ավելին՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին «մեղադրում» են կողմնակալ դիրքորոշումներ ունենալու մեջ : Մեկ տարի է` փաստաբաններին չի հաջողվում հասնել «Սուրմալուն» շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գույքի վրա արգելանք կիրառելուն:

2021թ. ապրիլի 6-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հարուցված քրեական գործը միացվել է 2022թ. օգոստոսի 14-ին նույն հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախաձեռնված քրեական վարույթին: Գլխավոր դատախազությունից «Հետքին» հայտնում են, որ 2021թ. հրդեհի հետևանքով «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ին պատճառվել է 46 մլն 279 հազ., իսկ 16 տաղավարների այրման հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է մոտ 15 մլն դրամ: Բացի այդ, 5 ՍՊԸ-ի և 6 անհատ ձեռնարկատիրոջ պատճառվել է խոշոր գույքային վնաս՝ ընդհանուր 505 մլն 421 հազ. դրամի չափով:

2022թ. օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 61 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, գույքային վնաս է պատճառվել 32 անհատ ձեռնարկատերերի, այրվել է 29 ավտոմեքենա, 15 անձ մահացել է, 1-ը՝ անհետ կորել: 

Համաձայն տուժողների կողմից հայտնած տվյալների՝ պայթյունի հետևանքով պատճառված գույքային վնասը կազմում է 1 մլրդ 521 մլն դրամ: Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ:

Դատախազության փոխանցմամբ՝ 2022թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Երևան քաղաքի դատախազի կողմից երկու միջնորդագիր է հասցեագրվել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որից հետո՝ մասնագետների կողմից 2022թ. սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 12-ն ընկերությունում իրականացվել է ստուգում: Դրա արդյունքում առևտրի կենտրոնում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների խախտման բազմաթիվ դեպքեր, որոնք արձանագրվել են տեսուչների կողմից: Նշված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղարկվել են նախաքննություն իրականացնող քննիչին՝ քրեական վարույթի շրջանակներում այդ մասով ևս քննություն կատարելու նպատակով:

Թեև իրավապահ մարմինները ցույց են տալիս կատարված աշխատանք, սակայն տուժողների ներկայացուցիչներն ու փաստաբանները հակառակն են պնդում: 2021թ. հրդեհի հետևանքով տուժած «Լատե» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մուրադյանը մեզ հետ զրույցում ասում է՝ պայքարում են, որպեսզի ընկերությունն իրեն պատճառված վնասների փոխհատուցումը ստանա, դա շուրջ 135 մլն դրամ է: Ըստ Մուրադյանի՝ հիմնովին այրվել է ընկերության գույքը: 

Տևական ժամանակ է՝ Տիգրան Մուրադյանը տարբեր գրություններ է հասցեագրում վարույթն իրականացնող մարմնին, դատախազություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դժգոհելով իրավապահ մարմինների անգործությունից, սակայն, ինչպես ինքն է պնդում՝ ապարդյուն:

Փաստաբանի պնդմամբ՝ մինչ օրս «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող կազմակերպության գույքի վրա արգելանք դրված չէ, որպեսզի տուժողները երաշխիք ունենան, որ իրենց կրած նյութական վնասները կփոխհատուցվեն: Արգելանք կիրառելու միջնորդությունը Քննչական կոմիտե ներկայացրել են մի քանի անգամ, պատասխան չեն ստացել: Դրանից հետո, երբ վերջերս գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ, ստացվել է պատասխան, որ միջնորդության քննությունը հետաձգվում է, որպեսզի քննիչը ծանոթանա գործի նյութերին:

«2021թ․-ից երկու տարի է անցել, ինչ հանգամանք կա լրացուցիչ պարզելու, ամեն ինչ ավելի քան պարզ է: Մեղադրանքն առաջադրվել է ընկերության աշխատակիցներին, տնօրենին, փոխտնօրենին: Ընկերությունը գույքային պատասխանատվություն է կրում այդ աշխատողներին պատճառված վնասի համար, հետևաբար պետք է ընկերության գույքի վրա կալանք դրվի»,- նշում է Տ. Մուրադյանը:

Փաստաբանն ասում է՝ արգելանքի բացակայության պայմաններում ընկերության սեփականատերն այդ գույքը կարող է ծանրաբեռնել այլ իրավունքներով, օրինակ՝ բանկից վարկ վերցնել շուկան վերակառուցելու նպատակով, և այնպիսի ահռելի պարտավորություններով ծանրաբեռնել, որ տուժողներից որևէ մեկը չկարողանա հետագայում փոխհատուցում ստանալ:

«Այսօր քրեական գործով օբյեկտիվ փաստերը տեսնելով՝ արգելանք չի կիրառվում: Համարում եմ անգործություն, որը դրսևորվում է պետության կողմից կամ դիտավորյալ է արվում: Փաստն այն է, որ արգելանք չի դրվում»,- ասում է Տիգրան Մուրադյանը:

Բացի այդ, ըստ փաստաբան Մուրադյանի, մի քանի տուժողներ 2022թ. սեպտեմբերին միջնորդություն են ներկայացրել, որով հայտնել են ընկերության սեփականատիրոջից բացի ևս 4 հոգու կողմից առևտրի կենտրոնի կառավարումն իրականացնելու մասին: Այդ անձինք նախկինում աշխատել են դատախազությունում և սերտ հարաբերություն ունեն դատախազության ղեկավար կազմի վերին օղակների հետ: Միջնորդություն ներկայացրած անձանց չեն հրավիրել, չեն հարցաքննել, ինչը ևս փաստում է այդ կապի մասին:

Տիգրան Մուրադյանը ներկայացրել էր կոնկրետ անուններ: Մասնավորապես, նշել էր, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնը փաստացի կառավարել և պարտադիր կատարման ցուցումներ են տվել և՛ Արթուր Զախարյանը, վերջինիս հորեղբոր որդի Ռուբեն Զախարյանը, և՛ Ստեփան անունով անձ: Փաստաբանը դատախազությանը հայտնել է նաև, որ ընկերության հետ կապեր ունեն նաև քրեական հեղինակություններ, որոնք ազդեցություն են ունենում քրեական գործի վրա:

Ավելին, 2022թ. սեպտեմբերի 30-ին գլխավոր դատախազ Աննա Վարդաետյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն են ուղարկել, որ ընկերության փաստացի կառավարմամբ զբաղվող անձանցից Արթուր Զախարյանը և այդ ժամանակ Երևան քաղաքի դատախազ, այժմ՝ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն աշխատել են միասին և աշխատանքային մոտ հարաբերություններ են ունեցել:  Բացի այդ, այժմ «Սուրմալուի» շահերը պաշտպանող փաստաբաններից մեկը նախկինում նույնպես աշխատել է դատախազական համակարգում և մոտ աշխատանքային հարաբերություններ է ունեցել Լ. Գրիգորյանի հետ: Տիգրան Մուրադյանը կասկած է հայտնել, որ այդ համագործակցության արդյունքում է, որ գործը դոփում է տեղում, առաջ չի գնում, և ողջամիտ պատասխան չեն ստացել:

«Ես չեմ բացառում, որ նաև սրա հետ կապված է գործը գնացել Ազգային անվտանգության ծառայություն: Բայց ներկայում էլ ԱԱԾ-ից չեն հրավիրել, չեն հարցաքննել, չենք պատկերացնում, որ այս գործը առաջ է գնում»,- ասում է փաստաբան Մուրադյանը:

Տուժողների փաստաբանները նաև նշում են, որ 2021թ. հրդեհից հետո, ծանոթանալով տեսչական մարմնի արձանագրած խախտումներին, որ հրդեհի պատճառը եղել է հոսանքի կարճ միացում, ինչից հետո էլ տեսչական մարմինը հրդեհային անվտանգությանը վերաբերող մի շարք խախտումներ էր արձանագրել՝ միջնորդել են Երևան քաղաքի դատախազին, որպեսզի դադարեցնեն առևտրի կենտրոնի շահագործումը: Փաստաբանների փոխանցմամբ՝ եթե դադարեցներ, քիչ է հավանականությունը, որ երկրորդ հրդեհն ու պայթյունը տեղի կունենային: Առնվազն թերությունները կշտկվեին: Մինչդեռ պետական մարմինները տարիներ շարունակ հանդուրժել են այդ իրավիճակը:

Տիգրան Մուրադյանի խոսքով, երբ առաջին հրդեհից հետո դիմել են դատախազություն՝ առևտրի կենտրոնի գործունեությունը դադարեցնելու համար, ընդհանրապես պատասխան չեն ստացել: Բանավոր հայտարարել են, որ տեսչական մարմինը պետք է այդ հարցը լուծեր, սակայն, վերջինս էլ ասել է, որ քրեական գործի շրջանակում վարույթն իրականացնող մարմինը պետք է զբաղվեր:

Դատախազությունից հետաքրքրվել էինք՝ արդյոք քրեական վարույթի շրջանակներում որևէ պաշտոնատար անձի կամ իրավապահ մարմինների ներկայացուցչի մեղադրանք է առաջադրվել: Ստացել ենք բացասական պատասխան:

Ինչպես հայտնում են դատախազությունից՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստաբան Տ. Մուրադյանի ներկայացրած միջնորդությունները և բողոքները քննարկվել են և դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ են կայացվել Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ քննիչին հայտնած բացարկը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հարցրել էինք, թե ինչու են անգործություն դրսևորել վարույթն իրականացնող մարմնի պաշտոնատար անձինք, որի մասին պնդում են փաստաբանները, ինչին ի պատասխան դատախազությունից հատնում են, որ քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հսկող դատախազի և վերադաս դատախազի անգործության մասին հարցադրումը կոռեկտ չէ, այդպիսիք նախաքննության ընթացքում չեն արձանագրվել, հետևաբար պատճառահետևանքային կապի մասին մտորումները տեղին չեն:

Գլխավոր դատախազությունից հայտնում են նաև, որ քրեական վարույթով արգելանք է կիրառվել քրեական վարույթով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող 3 անձանց գույքերի նկատմամբ: Հաշվի առնելով, որ 2021թ. ապրիլի 6-ի հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերով պատճառված գույքային վնասի ընդհանուր չափը գերազանցում է 2 մլրդ դրամը, մեղադրյալների գույքերի նկատմամբ արգելանքը կիրառվել է ամբողջ ծավալով:

2022թ. պայթյունի տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Ավագ Լալայանն էլ նշում է, որ այստեղ կարևոր է ընկերության նկատմամբ արգելանքի կիրառումը, քանի որ կապիտալը ընկերությունում է: Ֆիզիկական անձինք գուցե այդչափ գույք չունեն, հետևաբար այդ արգելանքը պարզապես շղարշ է:

Ավագ Լալայանը, տեսնելով, որ իրավապահ մարմինները «մոռացել» են գործընկեր փաստաբանի միջնորդությունների մասին, 2022թ. նոյեմբերին միջնորդություն է ներկայացրել քննչական մարմին՝ հիշեցնելով նախկինում ներկայացված միջնորդությունն, այն մասին, որ առևտրի կենտրոնի գործունեությունը պետք է դադարեցվի՝ հիմքում դնելով փորձագետների եզրակացությունը:

«Այդ նույն խախտումները վկայակոչելով՝դատախազը քրեական վարույթի հիմք է ստեղծել: Մինչդեռ այդ խախտումները գործունեությունը դադարեցնելու առիթ չեն հանդիսացել: Եթե 2021թ․-ին գործունեությունը դադարեցվեր, ապա երկրորդ պայթյունը տեղի չէր ունենա, և մարդկային կորուստներ էլ չէին լինի»,- նշում է փաստաբանը:

Նշենք, որ «Սուրմալուի» գործունեությունը դադարեցվել է միայն 2023թ. մարտի 14-ին, և երկու շաբաթ անց թույլատրվել է գործունեությունը:

Ավագ Լալայանն ասում է, որ վարչապետը տեղյակ է եղել Սուրմալու առևտրի կենտրոնում արձանագրված խախտումների վերաբերյալ, հանձնարարականներ է տվել, որոնք չեն կատարվել: Ըստ փաստաբանի՝ առկա է մի իրավիճակ, երբ բոլորը տեղյակ են եղել, որ առևտրի կենտրոնը խախտումներով է շահագործվում, սակայն քայլեր չեն ձեռնարկվել:

Փաստաբանը պնդում է, որ տարբեր միջնորդություններ են ներկայացվել՝ բարձրացնելով բազմաթիվ հարցեր, սակայն փաստացի պատշաճ քննություն չի իրականացվում: Ընդամենը գրություն է ստացել, որ ուսումնասիրվում են, սակայն իրականում ոչինչ չի արվել:

Մասնավորապես, Լալայանը նշում է, որ պայթյունից մահացած Արտավազդ Հայրապետյանի ավտոմեքենան պայթյունից շրջվել և այրվել է: Դեպքից մի քանի ամիս անց  դիմել են քննչական մարմին ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու խնդրանքով: Մինչ այդ քննչական մարմինները որևէ ջանք չեն գործադրել պարզելու, թե վնասված մեքենան ում է պատկանում կամ որևէ այլ գործողություն չեն իրականացրել այդ մասով:

«Սա ընդամենը գնահատական է, որ պետական մարմինը պարզապես չի ցանկացել պարզել»,- նշում է Ա. Լալայանը:

Արտավազդ Հայրապետյանի որդին՝ Արկադի Հայրապետյանը, տեղեկություն է ունեցել, որ առևտրի կենտրոնի տարածք մոտ 3-4 տոննա վառոդ է բերվել: Նպատակ են ունեցել տեղում հրավառության պարագաներ արտադրել:

Այդ մասին քննիչների հետ խոսել են, տեղյակ պահել և խնդրել են քննչական գործողություններ իրականացնել: Բայց նույնիսկ այդ պարագայում արագ քայլեր չեն ձեռնարկվել: Միայն ամիսներ անց են Ա. Հայրապետյանին հրավիրել հարցաքննության: Վերջինս ասել է նաև, որ տեղեկություններ է ունեցել պայթյունից առաջ տեսչական մարմնի ստուգումների, արձանագրված խախտումների մասին, ինչից 10 օր անց տեղի է ունեցել կյանքեր արժեցող պայթյունը:

«Քաղաքացու առջև պետությունն է կրելու պատասխանատվությունը, ինչքան էլ որ պատասխանատու լինեն պաշտոնատար անձինք: Վարչապետն իր ելույթում ասում է, որ ժամանակ չունի, որ յուրաքանչյուր հանձնարարականի հետևից գնա, տեսնի՝ կատարվել է, թե ոչ, բայց շատ ներողություն, հետևելու պարտականությունը չկատարելու հետևանքով մարդիկ են զոհվում»,- նշում է Լալայանը:

Փաստաբանները նշում են, որ պայքարը շարունակելու են՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես են աշխատում դատախազներն ու քննչական մարմինները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter