HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզը սպասարկող 3 ՋՕԸ-երը ոռոգման ջրի մատակարարման տարեկան պլանները կրճատել են մինչև 30%-ով

Արմավիրի մարզում ոռոգման ջրի մատակարարման ծավալների մինչև 30%-ով կրճատման նպատակը սակավաջրության ռիսկերը մեղմելն է: «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի կանխատեսումների համաձայն 2023թ. Արմավիրի մարզը սնուցող ջրամբարների լցվածությունը կազմելու է 65-70%, իսկ գետերում հոսքի առավելագույն ելքերի մեծությունը սպասվում է 50-70%-ի սահմաններում։ 

Արմավիրի մարզպետարանում հիմք ընդունելով ներկայացված կանխատեսումների տվյալները՝ արձանագրել են, որ սպասվում է սակավաջուր տարի, ինչը պահանջում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ և մեծ ջանքեր ՋՕԸ-երից և ջրօգտագործողներից։

Հարցը քննարկվել է նաև հունիսի 23-ին հրավիրված մարզխորհրդի նիստի ժամանակ։

Համեմատության համար նշենք, որ ՊՈԱԿ-ի՝ ջրամբարների լցվածության վերաբերյալ տեղեկատվության համաձայն, հունիսի 20-ի դրությամբ  Ախուրյանի ջրամբարը լցված է 44%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 74%-ի փոխարեն, Ապարանի ջրամբարը՝ 29%, նախորդ տարվա 53%-ի համեմատ և այլն:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի փոխանցմամբ՝ 2023թ. ընթացքում ջրաղբյուրներում կանխատեսվող ջրի դիֆիցիտը մասամբ լրացնելու նպատակով «ՋՕԸ»-երի կողմից Ջրային կոմիտե է ներկայացվել առաջարկություններ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, առաջարկվում է ոռոգման ամենաակտիվ ամիսներին խորքային հորրն աշխատեցնել 24 ժամ:

«Էջմիածին» ՋՕԸ-ի  կողմից գործող խորքային հորերից թվով 67-ը միջին 16 ժամի փոխարեն 24 ժամով 120 օր աշխատեցնելու և շահագործվող 17 խորքային հորերի պոմպերի փոխարինման դեպքում հավելյալ կարտադրվի 11,46 մլն խմ ջրաքանակ: Սակայն, հավելյալ ծախսվելու է շուրջ 182,6 մլն դրամի էլեկտրաէներգիա։

«Արմավիր» ՋՕԸ-ի կողմից շահագործվող 10 խորքային հորերի պոմպերի փոխարինման, գործող դոտացիոն խորքային հորերը 24 ժամով 100 օր աշխատելու դեպքում և չշահագործվող 25 խորքային հորերը 100 օր ոռոգման նպատակով աշխատացնելու դեպքում լրացուցիչ կարտադրվի 15,84 մլն խմ ոռոգման ջուր, որի համար լրացուցիչ կծախսվի 221,76 մլն դրամի էլեկտրաէներգիա։

«Շենիկ» ՋՕԸ-ի կողմից ներկայացվել է մայր ջրանցքի վերջնամասում գտնվող գյուղերի խորքային հորերի հորատանցքի խորացման աշխատանքների վերաբերյալ առաջարկներ:

Արթուր Այվազյանն առաջարկում է նաև հնարավորինս արագացնել 2023թ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող խորքային հորերի վերականգնման, ինչպես նաև 2022թ. վերանորոգումը ավարտած հորերի շահագործման աշխատանքները։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին հատկապես Արմավիրի և Արարատի մարզերում ոռոգման ջրի պակասը շատ է զգացվում: Դեռևս երկու տարի առաջ էինք գրել, որ Արմավիրի մարզում ոռոգման ջրի սակավության, բացակայության, ինչպես նաև ոռոգման ցանց չլինելու պատճառով չի մշակվում գյուղատնտեսական նշանակության և տնամերձ շուրջ 10 հազ. 700 հա հողամաս: Լուրջ դժվարություններ են ստեղծվում հատկապես մարզի 25 համայնքում:

Ինֆոգրաֆիկան՝ «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter