HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Բռնարարը ոստիկան չէ»․ փաստաբանները գործադուլ են անում՝ նրանց նկատմամբ կիրառվող բռնությունների կապակցությամբ

Այսօր՝ հունիսի 26-ին, փաստաբաններն իրականացնում են մեկօրյա գործադուլ՝ հրաժարվելով պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Նրանք բողոքում են փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության, ինչպես նաև այդ փաստով հարուցված քրեական վարույթներում դրսևորվող անգործության դեմ։

Նշենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ոտիկանության բաժանմունքում կիրառվել էր բռնություն։ Ալավերդյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ բռնություն էին կիրառել ոստիկանները, և վերջինիս պաշտպանելու նպատակով նա միջամտել էր գործընթացին և ինքը ևս դարձել բռնության զոհ։

Դեպքից ավելի վաղ ոստիկանության Էրեբունու բաժանմունքում բռնության զոհ էին դարձել նաև փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը։ Նրանք ներկայացրել էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։

Փաստաբանների պալատում գործադուլի կապակցությամբ այսօր հրավիրվել էր մամուլի ասուլիս։ Մինչ ասուլիսի մեկնարկը՝ փաստաբանները 1 րոպե լռությամբ հարգեցին փաստաբան Արսեն Մկրտչյանի հիշատակը, որը մահացել էր հունիսի 24-ին՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ 

Փաստաբանական պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ասաց․ «4 ամսվա ընթացքում փաստաբանները ենթարկվեցին բռնության, և փաստաբանական համայնքը, ակնկալելով պետական իրավասու մարմինների, միջազգային գործընկերների համապատասխան գնահատականը, ցավոք սրտի, այդ գնահատականը չտեսավ»։

Նա հիշատակեց փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ իրականացրած բռնությունը ոստիկանության բաժանմունքում, և ըստ Բաբայանի՝ առ այսօր չեն տեսնում մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն ուղղված քայլեր։ 

Բաբայանը հայտնեց իրենց պահանջների մասին, որոնք հետևյալն են՝

  • պետք է դադարեցվեն միջադեպին ներգրավված անձանց պաշտոնավարումը և աշխատանքային գործունեությունը,
  • պետք է քննարկել կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը այն դատախազի և քննիչի, որոնք իրականացրել են փաստաբանների նկատմամբ կիրառված բռնության վարույթները,
  • պետք է դադարեցվի նաև Կենտրոն ոստիկանական բաժանմունքի ղեկավարի պաշտոնավարումը, քանի որ, ըստ Բաբայանի, կան մի շարք բռնության դեպքեր, որոնք կապ ունեն հենց այդ բաժանմունքի հետ։

Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն ասաց, որ եթե Քննչական կոմիտեի համապատասխան քննիչները 4 ամիս առաջ պատշաճ ձևով Էրեբունու բաժանմունքում տեղի ունեցած բռնության դեպքին գնահատական տային, գուցե չլիներ Կարեն Ալավերդյանի դեպքը։

Զոհրաբյանը հայտնեց, որ կան տեղեր, որտեղ փաստաբաններին չի թույլատրվում հեռախոսով մուտք գործել, և այդ արգելքը պետք է հանվի։ «Ոստիկանական բաժանմունքում կարող են ցանկացած քաղաքացու տանել, մի քանի ոստիկաններով ծեծել, հետո քրեական գործ հարուցել ու ասել՝ այդ քաղաքացին էր ծեծում»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Նա նշեց նաև, որ փաստաբան Կարեն Ալավերդյանի մասով նախաձեռված քրեական վարույթի հոդվածները բավարար չեն։ Ըստ նրա՝ քրեական վարույթը հարուցվել է ՀՀ ՔՕ 450-րդ հոդվածի 1-ին մասով, հոդվածը կոչվում է խոշտանգում, ազատազրկումը նախատեսված է 4-8 տարի ժամկետով:

«Բայց խնդիրն այն է, որ մեր կարծիքով՝ այս հոդվածը բավարար չէ, որովհետև այդ նույն հոդվածի 2-րդ մասը 7-12 տարի է նախատեսում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից: Կարեն Ալավերդյանի հաղորդման մեջ գրված է, որ իրեն և իր վստահորդի նկատմամբ մի քանի հոգով են բռնություն կիրառել»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Վերջինիս խոսքով՝ կա նաև 441-րդ հոդվածի խնդիր՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, եթե կատարվել է հատուկ միջոց օգտագործելով, նույնպես 4-8 տարի ազատազրկում է նախատեսում: Հաջորդ հոդվածը, որը հիշատակեց Զոհրաբյանը, 478-րդն է՝ ապօրինի ձերբակալելը։ Ըստ Զոհրաբյանի՝ փաստաբանին ապօրինի են ձերբակալել:

«Փաստաբանին չի թույլատրվում խուզարկել, նա մտել է ոստիկանության բաժին՝ իր վստահորդին պաշտպանելու, ներկայացել է որպես փաստաբան, և ոստիկանության ծառայողները նրան ընկալել են որպես փաստաբան, բայց դրանից հետո բռնություն կիրառելու ընթացքում և հետո ձերբակալել ու խուզարկել են, որի իրավունքը չունեն»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Նա անդրադարձավ այն հարցին նաև, որ փաստաբանի նկատմամբ կիրառվել է հատուկ միջոց՝ արցունքաբեր գազ, որը օպերլիազորները չունեն, ունեն պարեկները, մինչդեռ գործի նյութերում որևէ կերպ ներառված չէ արցունքաբեր գազ կիրառելու հանգամանքը։ Զոհրաբյանը հավելեց նաև, որ եթե ոստիկանությունը իրենց պահանջներին չարձագանքի, հնարավոր է՝ իրենց պահանջներն ավելանան։

Մամուլի ասուլիսի ընթացքում փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության մասին խոսեցին նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը և փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը։

Թե քանի փաստաբան է միացել այս գործադուլին և թե քանի դատական նիստ է հետաձգվել գործադուլի հետևանքով, այս մասին դեռևս տեղեկություններ չուներ Պալատի նախագահը։ Բաբայանը հայտնեց նաև, որ որևէ պետական կառույցից կամ պաշտոնատար անձից արձագանք չունեն իրենց պահանջների վերաբերյալ։

Ասուլիսին ներս բերվեց Կենտրոն ոստիկանական բաժանմունքի ղեկավարի համար նախատեսված «նվերը», որը բռնցկամարտի ձեռնոց էր՝ մակագրված՝ «Նվեր ոստիկանության կենտրոնական բաժնի (բռնա)պետին»։

Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք՝ «նվերը» հանձնելու նպատակով։ Ակցիայի մասնակիցների ձեռքերին պաստառներ էին՝ «Ոչ բռնությանը», «Բռնարարը ոստիկան չէ» մակագրություններով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter