HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Պարեկը տուգանել է փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող 16 տարին չլրացած հետիոտնին

Այս տարվա հունիսի 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության սերժանտ, կրտսեր պարեկ Մերի Նիկոյանը փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնելու համար 5000 դրամով տուգանել է 15-ամյա Աշոտ Արթուր Մելքոնյանին։

Աշոտ Արթուր Մելքոնյանի տատիկը՝ Ռուզաննա Հակոբյանը դիմել է «Հետքի» խմբագրություն, քանի որ կարծել է՝ անչափահաս թոռանը տուգանելու իրավունք պարեկային ծառայողները չունեին։

Հարկ է նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց 16 տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը:

«Թոռս է եղել ու իր ընկերներից մեկը՝ էլի իր տարիքի մի տղա; Էդ մյուս երեխան Հայաստանի քաղաքացի չէր, նրան չեն տուգանել; Իրենց մոտ պլանշետ է եղել, որով նույնականացում են արել, գտել են թոռանս տվյալները, ասել՝ քանի որ անչափահաս եք, մեկիդ ենք տուգանում, բայց երկուսով կգնա՛ք, կկիսե՛ք տուգանքը, կմուծե՛ք»,- պատմում է Ռուզաննա Հակոբյանը։

Հունիսի 6-ի երեկոյան՝ ժամը 20:40-ի սահմանում, պարեկային ծառայող Մերի Նիկոյանը մոտեցել է Աշոտ Արթուր Մելքոնյանին և իր ընկերոջը, որոնք այդ պահին ոչ թույլատրելի հատվածով հատելիս են եղել Թամանյան փողոցը և հայտնել, որ պետք է խախտման համար տուգանվեն։ 

Վարչական իրավախախտման որոշումը կազմվել է Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, որում մասնավորապես ասվում է, որ հետիոտնները պետք է երթևեկելի մասը հատեն  հետիոտնային անցումներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ խաչմերուկներում՝ մայթերի կամ կողնակների ուղղությամբ։

Այս դեպքում հետիոտները երթևեկելի մասը հատել են ոչ թույլատրելի հատվածով, թեև քիչ հեռու հետիոտնային անցում է եղել։

Վարչական իրավախախտման գործով որոշման մեջ նշված է, որ հետիոտն  Աշոտ Արթուր Մելքոնյանը տուգանվել է  տեսադաշտում հետիոտնային անցման առկայության պայմաններում երթևեկելի մասը հետիոտնային անցումից դուրս հատելու համար։

Ռուզաննա Հակոբյանը իր խոսքում նշում է, որ չի արդարացնում թոռան արած խախտումը, բայց զայրացած է, որ պարեկային աշխատողը չի տիրապետում իր իրավունքներին։

«Ես հստակ գիտեմ, որ 16 տարին չլրացած քաղաքացին չի կարող տուգանվել, բայց շատ մարդիկ հաստատ չգիտեն, ու մտածում եմ, որ պարեկներն օգտվում են քաղաքացիների անտեղյակությունից ու տուգանքներ գրում, եթե անգամ դրա իրավունքը չունեն»,- ասում է նա։

Ռուզաննա Հակոբյանը որոշել է բողոքարկել որոշումը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ քաղաքացին ունի տուգանքի որոշումը բողոքարկելու իրավունք և կարող է օգտվել իր իրավունքից։

Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter