HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Քաղաքապետարանի ներկայացուցիչ. Նանսենի թանգարանի դեպքում հանրային լսումների կարիք չկա

Օրեր առաջ բնապահպանները մտահոգություն են հայտնել, որ Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան փողոցին հարակից համանուն զբոսայգու տարածքում նախատեսված թնագարանը կարող է վնասել ոչ միայն կանաչ տարածքներին, այլև ծառայել այլ նպատակի:  

Այնինչ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ճարտարապետ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը հավաստիացրեց, որ թանգարանի փոխարեն այդ տարածքում այլ շինություն չի կարող լինել. կառուցվելու է Նանսենի անվան թանգարան, որի ճարտարապետն է Ալբերտ Սոխիկյանը: Նրա խոսքերով` թանգարանի տարածքը լինելու է այգու միջնամասը, այն ծառազուրկ է և, ըստ հատակագծի, շենքը զբաղեցնելու է 52 ք/մ մակերես: Նախատեսվում է հիմնել թնագարան-ցուցասրահ, շենքը լինելու է մեկ հարկանի, խուլ պատերով, իսկ բնական լուսավորությունն ապահովվելու է տանիքից:

«Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի» տնօրեն Ֆելիքս Բախչինյանը նույնպես հավաստիացնում է, որ այդ տարածքում ոչ մի ծառ չի հատվելու, անգամ այն ծառերը, որոնց վնասվելու հավանականությունը մեծ է:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք անց են կացվել կամ նախատեսվում են հանրային լսումներ, քանի որ բնակիչների մի մասը բողոքում է, քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ նման շինության դեպքում հանրային լսումների կարիք չկա, ամեն ինչ որոշել են մասնագետները: Իսկ Ֆ. Բախչինյանը հավելեց, որ հանրային լսումներ անց են կացվել Նանսենի արձանի (արձանը տեղադրվել է Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում, հիմնվել է մասնավոր հովանավորությամբ և արժեցել 20 մլն դրամ) համար, որը պետք է լիներ համանուն այգու տարածքում: Այնինչ, արձանը և թանգարանը չեն կարող զբաղեցնել նույն տարածքը:

Հիմնադրամի նախագահը նաև նշեց, որ Նանսենի անվան թանգարան նախատեսվում էր բացել Գյումրիում: Սակայն թանգարանի համար տրամադրված շենքը վերանորոգման կարիք ուներ, և ոչ մշակույթի նախարարությունը, ոչ էլ Գյումրու քաղաքապետարանը չեն տրամադրել անհրաժեշտ 3 մլն դրամը: Այնուհետև, Ֆ. Բախչինյանը հավելեց, որ իր խնդրանքով` թանգարանի հովանավորությունն իրենց վրա են վերցրել ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե թանգարանի տարածքում բարերարի որդին ատամնաբուժարան ունի, և բնակիչները մտավախություն ունեն, որ նախատեսված թանգարանն այլ նպատակի է ծառայելու, Ֆ. Բախչինյանը պատասխանեց, որ նման բան չկա:

Թանգարանի պատվիրատուն Երևանի քաղաքապետարանն է, և շինարարության ավարտից հետո, որը կտևի 4 ամիս, շենքը հանձնվելու է քաղաքապետարանին: Թանգարանում ներկայացվելու են հուշանվերներ, գրքեր, լուսանկարներ, նանսենյան անձանգրերի կրկնօրինակներ, այն ամենը, ինչը փաստում է Նանսենի կապը Հայաստանի հետ: 

Մեկնաբանություններ (1)

Սահակ
....արձանը տեղադրվել է Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում, հիմնվել է մասնավոր հովանավորությամբ և արժեցել 20 մլն դոլար....Ճի՞շտ եմ կարդում...$20 միլիոն Նանսենի արձանի համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter