HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Արցախի ժողովրդի վիճակն ամեն օր ավելի խոցելի է դառնում»․ Գեղամ Ստեփանյան

Արդեն 6 ամիս է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Հունիսի 15-ից Ադրբեջանը արգելել է նաև հումանիտար օգնության տեղափոխումը։ Արցախում ստեղծված իրավիճակի մասին «Հետքը» զրուցել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։

Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է հումանիտար փոխադրումները, ներկայում ի՞նչ խնդիրներ է այն առաջացրել։

Ընդհանրապես 6 ամսից ավել շրջափակման մեջ գտնվող Արցախում արդեն իսկ հումանիտար իրավիճակը բավականին լարված է: Բավականին ճգնաժամային է, այս 6 ամսվա ընթացքում սահմանափակ քանակությամբ այդ փոխադրումները, որ հնարավոր է եղել իրականացնել խաղաղապահ զորակազմի կամ Կարմիր խաչի ուղեկցությամբ, որևէ ձևով հնարավորություն չեն ապահովել, որպեզի տարբեր ապրանքատեսակների համար հստակ պաշարներ ձևավորվեն։ Այսինքն՝ այս 6 ամսվա շրջափակման պայմաններում պարենային և դեղորայքային խոցելիությունը բավականին սուր է արտահայտված։ Հաշվի առնեով նաև, որ տեղական արտադրանքն Արցախում շատ չնչին է և չի համապատասխանում տեղական պահանջարկին, մենք լրջագույն խնդիր ունենք հենց առաջին հերթին առկա պահանջարկին համապատասխան պարենամթերքի  բավարարման տեսանկյունից։ 

Դրա հետ մեկտեղ պետք է չմոռանալ նաև առաջին անհրաժեշտության այլ պարագաների՝ վառելիքի մասին, որն օգտագործվում է հանրային տրանսպորտի կազմակերպման համար։ Հիմա արդեն գյուղատնտեսական սեզոն է, բերքահավաքի կազմակերպման կամ սանիտացիայի կազմակերպման համար։ Առհասարակ այս փոխադրումների դադարեցումը հղի է մեծ վտանգներով, և այսօր արդեն իսկ ավելի նկատելի է, երբ չի իրականացվում փոխադրումները լրջագույն խնդիրներ է առաջացնում կյանքի կազմակերպման տարբեր ոլորտներում, սկսած պարենամթերքի բավարարման, առաջին անհրաժեշտության պարագաների, վառելիք, հիգիենայի ապրանքներ, դեղորայք և այլն։ Մեծ հաշվով այս իրավիճակը շարունակվելու պարագայում ես կարծում եմ, որ հումանիտար աղետն ուղղակի անխուսափելի է։ 

Ամենաշատը ո՞ր ապրանքների պակասն է այժմ զգացվում։

Կա արդեն արտահայտված սղություն․ առաջին հերթին միրգ բանջարեղենի մասին պետք է խոսենք, որոնք որ ամենօրյա օգտագործման են և քանի որ պահպանման ժամկետներ ունեն հստակ, մեծ ծավալներով չենք կարող ներկրել։ Այսօր Արցախում սպառվում է միայն տեղական արտադրության միրգ-բանջարեղենը, որն ինչպես նշեցի, շատ չնչին տոկոսն է կազմում, չկա էդ առումով պարենային բավարարվածության հստակ մակարդակ։ Այսօր եթե Ստեփանակերտի կամ շրջկենտրոնների խանութներով պտտվեք, միրգ-բանջարեղենից գրեթե ոչինչ չեք գտնի, մարդիկ փորձում են իրենց ունեցածը եթե օրինակ՝ ժամանակին իրենց այգիներում տնկել են, կիսվել, միմյանց հետ փոխանակվել, բայց հատկապես քաղաքային բնակչության վրա այս խնդիրը բավականին սուր է արտահայտվել։ Նկատվում է շաքարավազի, արևածաղկի ձեթի պակասություն։ Խանութներում ևս մի շարք տարբեր ապրանքների պակաս կա, բայց ես ուզում եմ հենց այն շեշտադրումն անել, որ  10-12 օր է անցել, որ հումանիտար փոխադրումները դադարեցված են, ավելի երկար ժամկետում միանշանակ բազմաթիվ այլ ապրանքնեերի ուղղությամբ արդեն լրջագույն խնդիր ենք ունենալու։ Ստեփանակերտում հիմա մեքենաների շարժ գրեթե չկա, որովհետև վառելիք չկա։ Շատ լուրջ է արտահայտված գյուղերում դիզվառելիքի խնդիրը։Բերքահավաք կազմակերպելու համար մարդիկ չեն կարողանում համապատասխան քանակությամբ վառելիք ձեռք բերել, իսկ դա հանգեցնում է նրան, որ իրենց ամբողջ տարվա աշխատանքն ուղղակի մնում է դաշտում, չեն կարողանում հավաքել, դա էլ իր հերթին ազդում է պարենային բավարարվածության մակադակի վրա։ 

Ամենաարագ սպառվող ապրանքները որո՞նք են։

Ամենաարագ սպառվող ապրանքները ինչպես արդեն նշեցի ձեթն է, միրգ-բանջարեղենն է, հացն է, որի պակասությունը, փառք Աստծո, դեռևս չկա, կաթնամթերքն է, որն էլի օգտագործվում է եղածը, որը շատ քիչ է։

Խանութներում կան ապրանքներ, որոնք իսպառ բացակայում են, օրինակ՝ մի խանութում կարող ենք տեսնել, որ հիգիենայի պարագաներ չկան, մեկ այլ խանութում ձեթ չկա, մեկ այլ խանութում կաթնամթերք չկա։Շատ դժվար է ընդհանրապես որևէ ապրանք հայթհայթել, ամբողջ քաղաքը կարող է պտտվես, որպեսզի ինչ-որ մի տեղ ինչ-որ մի փոքր քանակությամբ կարողանաս քեզ անհրաժեշտ ապրանքը գտնես։ Սա դեռևս ամբողջական շրջափակման 12-րդ օրն է, պատկերացրեք՝ ևս 10 օր հետո ինչպիսի խայտառակ վատ վիճակ է լինելու։  

Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել բնակիչների հետ եւ ի՞նչ առաջնահերթ խնդիրներ են ներկայացրել նրանք Ձեզ։

Մեծ խմբերով հանդիպումներ չեմ ունեցել բնակչության հետ, բայց գրասենյակը միշտ բաց է, ամբողջ օրը քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում, ընդունելություն աշխատակազմի, այդ թվում նաև ինձ մոտ ցանկացած ժամի։ Խնդիրները տարաբնույթ են․ սոցիալական խոցելի խմբի ներկայացուցիչների մոտ բոլոր տեսակի ապրանքների պակաս կա, և մենք փորձում ենք լիազոր մարմնի հետ համատեղ՝ Սոցապ նախարարության աջակցությամբ օժանդակություն, օգնություն տրամադրել։ Կան անձինք, որոնց կարողանում ենք տարբեր կերպ, հիմնադրամների միջոցով սննդով ապահովել։ Խնդիրները մեկը չեն, երկուսը չեն, բազմաթիվ են, և առհասարակ, ամենակարևոր մտահոգությունը, որ քաղաքացիների կողմից բարձրաձայնվում է, դա ճանապարհի հարցն է, և այն, թե ե՞րբ է կարգավորվելու այս անորոշությունը, Արցախի հարցը ստանալու իր հանգուցալուծումը։ Համար առաջին հարցն այսօր բացի սոցիալական աջակցության ծրագրերի շահառուներին հետաքրքրող հարցերից, ցանկացած արցախցու մոտ դա էդ հարցն է, թե ի՞նչ է լինելու մեր վերջը, ի՞նչ է լինելու հետո, մինչև ե՞րբ ենք շարունակելու ապրել էս զրկանքներով ու տառապանքներով։

Ներկայում, երբ Արցախի կառավարությունն անցել է խնայողությունների ռեժիմին, ի՞նչ է լինելու, երբ այդ խնայողություններն էլ վերջանան։

Երբ խնայողությունները վերջանան, մենք կհայտնվենք սովի, կհայտնվենք, աղետալի իրավիճակի մեջ, որովհետև ևս մեկ անգամ ուզում եմ շեշտադրել, որ Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների ավելի քան 90%-ը մշտապես ներկրվել է Հայաստանի Հանրապետությունից։ Դա վերաբերում է բոլոր ոլորտներին՝ սկսած վառելիքից, պարենից, դեղորայքից վերջացրած հագուստով և այլն։ Եթե այս իրավիճակը շարունակվի նման ձևով, մենք ամբողջությամբ կտրված լինենք Հայաստանի Հանրապետությունից և աշխահից, մենք ուղղակի հայտնվելու ենք սովի և աղետալի իրավիճակում։ Այս առիթն օգտագործելով՝ կուզենայի սրա մասին ևս մեկ անգամ բարձրաձայնել և կոչ անել հասկանալու պահի ամբողջ լրջությունը։ 120 000 մարդ այսօր գոյաբանական իրական սպառնալիքի ներքո է ապրում՝ չիմանալով, թե վաղն ինչ է լինելու իր հետ և մշտապես հույս ունենալով, որ հաջորդ առավոտը ավելի լավը կլինի։ Ցավոք, ամեն օր այդ անորոշություններն ավելի են խորանում։ 

Ներկա պահին քանի՞ բնակիչ ունի Հայաստանի բժշկական կենտրոններ տեղափոխվելու եւ այնտեղ բուժօգնություն ստանալու կարիք։

Վերջին թարմացմամբ, քանի որ երեկ ու այսօր ևս կազմակերպվել է բուժառուների տեղափոխում, այս պահի դրությամբ 173 անձ կա, որ բժշկական օգնություն ստանալու հերթացուցակում է։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով պետք է կազմակերպվի նրանց տեղափոխությունը։ 

Արցախի շրջափակումից մինչ օրս քանի՞ քաղաքացի է բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել Հայաստան։

Ամբողջ շրջափակման ընթացքում 525 անձ տեղափոխվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, ևս 71 անձ բժշկական նպատակներով տեղափոխվել է ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ։ 

Այս իրավիճակից դուրս գալու համար ի՞նչ լուծումներ եք Դուք տեսնում։

Մեր պահանջը շարունակում է նույնը մնալ անցակետի մասով։ Շատ-շատերի, այդ թվում նաև միջազգային դերակատարների համար երևի այլևս պարզ է, որ այդ անցակետը «դամոկլյան սուր» է Ադրբեջանի ձեռքին, ցանկացած պահի փակելու և Արցախում հումանիտար աղետ ստեղծելու համար։ 

Բայց հենց հիմա արդեն իսկ կանգնած չե՞նք այդ աղետի առջև։

Այո՛, մենք հենց հիմա այդ աղետի առջև կանգնած ենք։ Լուծումն այն է, որ ի վերջո, թե՛ ռուս խաղաղապահների կողմից եռակողմ հայտարարության համաձայն, թե՛ միջազգային տարբեր դերակատարների կողմից միջազգային դրույթներին համաձայն՝ հստակ գործողություններ ձեռնարկվեն էս ամեն ինչին վերջ տալու համար, քանի որ իրապես սա երկար շարունակվել չի կարող, որովեհետև ամեն օրն ուղղակի ավելի խոցելի է դարձնում Արցախի ժողովրդի վիճակը թե՛ հոգեպես և թե՛ արդեն իսկ ֆիզիկական տեսանկյունից հաշվի առնելով, որ պարենամթերքի հետ կապված ևս լրջագույն խնդիր կա։ Որոշումները քաղաքական մակարդակում պետք է կայացվեն։ Կոնկրետ ՄԻՊ-ի մասով, թե ինչ լուծումներ կա, կարծում եմ այս ընթացքում մեր գործիքակազմի տակ եղած բոլոր հնարավորություներն օգտագործվել են և այսօր էլ շարունակվում են օգտագործվել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու և այս հանցավոր գործողություններին վերջ տալու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter