Էկոնոմիկայի նախարարությունը չի ցանկանում բացահայտել վարկային ծրագրից աջակցություն ստացող 4 ընկերությունների անունները
Զբոսաշրջության և ագրոբիզնեսի մեջ ներդրումներ կատարող մասնավոր 4 ընկերությունների համար ենթակառուցվածքներ կստեղծվեն Համաշխարհային բանկի (ՀԲ) տրամադրած «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» (ՏՏԵԶ) վարկային ծրագրով։ 2022թ․ տարեվերջին ծրագրի կառավարման կոմիտեն (ԾԿԿ) մասնավոր ընկերություններից ստացված 4-ը հայտ է հաստատել, որոնք աջակցություն կստանան վարկային ծրագրից։
Վարկային ծրագրի համակարգման և քաղաքական աջակցության համար պատասխանատու Էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվեց տեղեկություններ տրամադրել, թե որ ընկերությունների հայտերն են հաստատվել։ Բանավոր զրույցի ժամանակ մերժումը բացատրվել է անձնական տվյալների գաղտնիության պահպանմամբ, իսկ մեր երկու գրավոր հարցումներին պատասխանելիս նախարարությունը պարզապես շրջանցել է հարցը։
2016թ․ դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի վավերացրած «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի «Պետական-մասնավոր ներդրում» ենթաբաղադրիչի համար 5 մլն ԱՄՆ դոլար էր հաստատվել: Էկոնոմիկայի նախարարության պատասխան գրությունից տեղեկանում ենք, որ ծրագրի «Հանրային-մասնավոր ենթակառուցվածքներ» բաղադրիչի բյուջեն փոփոխվել է։ Այն ավելացվել է 1 մլն դոլարով և այժմ կազմում է 6 մլն ԱՄՆ դոլար (80%-ը ՀԲ-ի վարկային միջոցներից, 20%-ը՝ պետական բյուջեի համաֆինանսավորումն է)։
Վարկային ծրագրի իրականացման 7-րդ տարին է և մինչ օրս մասնավոր ներդրողին աջակցության ենթաբաղադրիչով մեկ ծրագիր է ավարտվել։ Նախարարությունը ներկայացրել է այս բաղադրիչով ավարտված միակ ծրագրի՝ Արենի գյուղում Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կառուցած «Արենի Ուայթ հոթել» հյուրանոցային համալիրի համար ստեղծված ենթակառուցվածքները, որի համար ծախսվել է մոտ 1,5 մլն դոլար։ «Արենի գինու հյուրանոց»-ի համար կառուցվել է՝ 700 մ ջրագիծ, 700 մ կոյուղու ցանց, 800 մ2 մաքրման կայան, 50 մ2 պոմպակայն, ջրամատակարարան լողավազան 100 մ2, գազամատակարարում 9,5 կմ, դրենաժային ջրանցքների մաքրում 2800 մ2, էլեկտրականության մատակարարում՝ 500 մ, էլեկտրակայան՝ 35-0,4 կվտ և 2 հատ 10-4630 կվտ տրանսֆորմատորներ 4 բաժին, 400 մ2 ասֆալտապատում, 1400 մ օպտիկական ինտերնետ կապ։
«Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերության համար ինժեներական ենթակառուցվածքներ ստեղծելու պայմանն այն է եղել, որ ընկերությունը 90 աշխատատեղ պետք է ստեղծի հյուրանոցային համալիրում, ևս 6 աշխատատեղ կբացվի այլ գրասենյակներում։ Նոր հյուրանոցային համալիրը, որը կրում է «Արենի գինու հյուրանոց» անվանումը, ունենալու է 100 սենյակ՝ նախատեսված 212 հյուրերի համար: Ակնկալվում է, որ նոր զբոսաշրջային ուղղությունը կնպաստի համայնք այցելող զբոսաշրջիկների թվի ավելացմանը և կձևավորվեն լրացուցիչ կոմերցիոն եկամուտներ:
Ծրագրի կառավարման կոմիտեն (ԾԿԿ) անցած տարի հանրային-մասնավոր ներդումներին վերաբերող 10 դիմում է քննարկել, որից հաստատել է 4-ը՝ «ԴԻ ՍԻ ԴԻ», «ՋիԲիԷյջ», «Ապագա Տուր» և «Մայմեխ Ռիզորթ» ՍՊԸ-ների հայտերը։ Ծրագրի իրականացման պատասխանատու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) 2023թ. փետրվարի 27-ին «Արմստրոյ» ՍՊԸ-ի հետ 26 մլն 400 հազար դրամի պայմանագիր է կնքել։ Ընկերությունը պարտավորվել է ընտրված ընկերություններից երեքի՝ «Ապագա Տուր» ՍՊԸ, «ՋիԲիԷյջ» ՍՊԸ և «Մայմեխ Ռիզորթ» ՍՊԸ-ի համար, 120 օրվա ընթացքում ենթածրագրերով նախատեսված աշխատանքների նախագծային փաստաթղթերի փաթեթ մշակել և շինարարության ընթացքում հեղինակային հսկողություն իրականացնել։
Այսպես, վարկային ծրագրով նախատեսվում է արտաքին ինժեներական ենթակառուցվածքներ ստեղծել «ՋիԲիԷյջ» ՍՊԸ-ի՝ Գառնի գյուղում կառուցվող հյուրանոցառեստորանային համալրի համար։ Ծրագիրն իրականացնող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) ընկերության համար կառուցելու է՝ ճանապարհ, հրապարակն է բարեկարգելու, էլեկտրամատակարարում, ջրամատակարարման և կոյուղու ցանց է կառուցելու։
Դիլիջան քաղաքի Առողջարանային փողոցում «ԴԻ ՍԻ ԴԻ» ՍՊԸ-ն «La Valette Resorts» քաղաքային տներով զբոսաշրջային ավան է կառուցում, որի համար արտաքին ինժեներական ենթակառուցվածքներ պետք է ստեղծել՝ ջրամատակարարման և կոյուղատարի կառուցում, գազամատակարարման անցկացում, արտաքին լուսավորության և հեռահաղորդակցության համակարգերի կառուցում։
Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գործող «Ապագա Տուր» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրին մոտեցնող ճանապարհի և հեռահաղորդակցության գծի կառուցում։
Վանաձոր քաղաքում «Մայմեխ Ռիզորթ» ընկերության հանգստի և ժամանցի գոտին սպասարկող արտաքին ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում՝ ճանապարհ, ջրամատակարարման, կոյուղու և գազամատակարարման համակարգի կառուցում։
Հայտերը հաստատելու համար Տարածքային զարգացման հիմնադրամը և Համաշխարհային բանկը մեկ տասնյակից ավելի չափորոշիչներ են սահմանել։ Մասնավորապես՝
- ներդրումները պետք է իրականացվեն միայն զբոսաշրջության կամ ագրոբիզնեսի ոլորտում,
- առաջարկվող ներդրումները պետք է սոցիալ-տնտեսական օգուտ բերեն հարող տարածքների բնակիչներին,
- մասնավոր ներդրումների նվազագույն ծավալը պետք է կազմի 200 մլն դրամ և այլն։
Հայտատուներից զբոսաշրջության ոլորտի միակ երկարակյացը «Ապագա Տուր» ՍՊԸ-ն է, գործում է շուրջ 20 տարի և հայտնի է արկածային զբոսաշրջության բազմատեսակ ծառայություններով։ Ընկերությունը ձգտում է տարածաշրջանում զբոսաշրջության խոշոր կենտրոն դառնալ: Տավուշի մարզի Ենոքավան գյուղում «Ապագա Տուր»-ի հիմնած «Յելլ էքստրիմ Պարկ»-ը ակտիվ հանգստի սիրահարների համար է, այստեղ է գտնվում աշխարհի տասը ամենաերկար զիփլայններից մեկը։ Գործում է նաև՝ պարագլայդինգ, ռոփ պարկ, քառանիվ մեքենայով արտաճանապարհային երթևեկություն, լեռնահեծանվավազք, փեյնթբոլ, ձիարշավարան, ինտելեկտուալ, տրամաբանական խաղեր և այլ ծառայություններ:
«Ապագափրոջեքթս» ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Չիբուխչյանը հայտնեց, որ մի քանի տարի դիմել են ծրագրին՝ աջակցություն ստանալու համար, անցած տարի վերջապես իրենց հայտը հաստատվեց։ Այս տարի «Յելլ էքստրիմ Պարկ»-ում շահագործման են հանձնելու ևս երկու ատրակցիոն և ռեստորան։
Վարկային ծրագրով նախատեսվում է Ենոքավան գյուղից մինչ «Ապագա Ռեզորթ»-ի ռեստորանին մոտեցնող 2,7 կմ ճանապարհ կառուցել և հեռահաղորդակցության կապ անցկացնել։ Տ․ Չիբուխչյանն ասաց, որ վերջին տարիներին այդ ճանապարհի երկայնքով այլ ընկերություններ են բիզնես հիմնել՝ տուրիզմի և ագրոբիզնեսի ոլորտում, կառուցվող ճանապարհը նաև նրանց համար է։ Ժամանակին իրենք գրունտային ճանապարհ են կառուցել, ակնկալում են, որ շուտով մրցույթ կհայտարարվի ճանապարհն ասֆալտապատելու համար։ Տարածքն անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներով ապահովել են տարիների ընթացքում։
Մյուս երեք ընկերությունները՝ ՋիԲիԷյջ» ՍՊԸ-ն, ԴԻ ՍԻ ԴԻ-ն և «Մայմեխ Ռիզորթ»-ը, նորաստեղծ են։ Նրանց կառուցելիք հյուրանոցառեստորանային համալիրի և զբոսաշրջային ավանի մասին ոչինչ չի հրապարակվել, հայտնի չէ նաև ներդրումների ծավալը՝ հասնո՞ւմ է 200 մլն դրամի կամ դրանից տնտեսական ի՞նչ օգուտ կարող են ստանալ այդ տարածքների բնակիչները։ Առհասարակ, ինչ հավելյալ արժեք են ստեղծելու նրանք զբոսաշրջության ոլորտում և ինչո՞վ են տարբերվելու շրջակա հյուրանոցներից և ռեստորաններից, որոնց համար վարկային միջոցներով ենթակառուցվածքներ պետք է ստեղծվեն։
Գառնիում նոր հյուրանոցառեստորանային համալիր կկառուցվի
«ՋիԲիԷյջ» ՍՊԸ-ն 2018թ․ մայիսին է գրանցվել պետական ռեգիստրում, ընկերության հիմնադիրները Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներ Սաթենիկ Հակոբյանը և ամերիկահայ Փեգգի Գրիգորյան են, հողատարածք են գնել Գառնիում, հեթանոսական տաճարին հարակից փողոցում՝ հյուրանոցառեստորանային համալիր կառուցելու համար։ Շինության հիմքերը դրվել են երեք տարի առաջ, բայց սեփականատերերից Փեգգի Գրիգորյանը մահացել է և շինարարությունն ընդհատվել է (շինթույլտվության մասին որոշում չկա)։ 2021թ․ հունվարին ընկերությունում ունեցած նրա 50% բաժնեմասը գնել է Երևանի բնակիչ Հակոբ Հակոբյանը, որը նաև ընկերության տնօրենն է։
Հակոբ Հակոբյանը Երևանի «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի համասեփականատեր Հրայր Հակոբյանի որդին է։ Նա նույնպես գործարար է և մինչ այս ընկերությունում բաժնետեր դառնալը՝ բաժնեմասեր է ունեցել այլ ընկերություններում՝ «Էկոպանել գրուպ ԱՊՀ», «Հին բակ» ՍՊԸ, «Գրին Փլանթ» ՍՊԸ-ը։ Նշված բոլոր ընկերություններում ունեցած բաժնեմասերից հրաժարվել է 2019թ․։
Հրայր Հակոբյանը Երևանի «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի համասեփականատեր լինելուց բացի, այլ բիզնեսներ ունի։ Նրան պատկանող «Սպիտակ դելֆին» ՍՊԸ-ն մեծ ձկնաբուծարան ունի Մասիս համայնքի Նորամարգ գյուղում, այն 20,86 հա հողատարածք է զբաղեցնում և կառուցվել է գյուղնշանակության հողատարածքի վրա։ Դրանից միայն 1,5 հա է ջրային հող, ձկնաբուծարանն օրինական կառույց չէ։
Էկոնոմիկայի նախարարությունը շեշտել է, որ ենթակառուցվածքային ներդրումներն իրականացվում են հանրային պատկանելիություն ունեցող տարածքների վրա՝ չանցնելով մասնավոր տարածքների սահմանագիծը։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Գառնիում հյուրանոցը կառուցվում է գյուղի կենտրոնական հատվածում, որտեղ կա հոսանք, գազ, ջուր։ Այդ փողոցում բազմաթիվ ռեստորաններ և հյուրատներ են գործում, որոնք առանց նշված ենթակառուցվածքների չէին կարող գործունեություն իրականացնել։ Փողոցը, որտեղ «ՋիԲիԷյջ» ՍՊԸ-ն հյուրանոցառեստորանային համալիր է կառուցում, ասֆալտապատ չէ և կոյուղի չունի։ Նախարարությունը հավաստիացնում է, որ այդ տարածքի բնակիչները միացումների դեպքում կարող են օգտվել կառուցվող ենթակառուցվածքներից։
Քաղաքային տներով զբոսաշրջային ավան Դիլիջանում
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Առողջարանային փողոցում «ԴԻ ՍԻ ԴԻ» ՍՊԸ-ն «La Valette Resorts» քաղաքային տներով զբոսաշրջային ավան է կառուցում։ ՏՏԵԶ վարկային ծրագրով արտաքին ինժեներական ենթակառուցվածքներ են ստեղծվելու այս ընկերության համար՝ ջրամատակարարման և կոյուղատարի կառուցում, գազամատակարարման անցկացում, արտաքին լուսավորության և հեռահաղորդակցության համակարգերի կառուցում։
«ԴԻ ՍԻ ԴԻ» ընկերությունը 2020թ․ դեկտեմբերին է գրանցվել Հայաստանում։ Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է Մալթայի հայ համայնքի ղեկավար Վերոնիկա Բոյաջյանին։ Վ․ Բոյաջյանը ծնվել է Երևան քաղաքում, ավարտել է Երևանի բժշկական համալսարանը, ունի գիտական աստիճան : 2005 թվականից նրանց ընտանիքը բնակվում է Մալթայում: 2009թ․ Բոյաջյանն ընտրվել է Մալթայի հայ համայնքի նախագահ: Նրա կենսագրականում նշվում է, որ ակտիվորեն մասնակցում է սոցիալական, քաղաքական եւ բարեգործական միջոցառումներին, ինչպես նաև նախաձեռնում է դրանք:
Բոյաջյան ամուսինները Դիլիջանի Առողջարանային փողոց թիվ 12 հասցեում մոտ 18.5 հա հողամաս ունեն, որտեղ քաղաքային տներով զբոսաշրջային ավան են ցանկանում կառուցել։ Ինչպի՞սն է լինելու ավանը՝ տեղեկատվություն չկա ՏՏԵԶ ծրագրի բովանդակային մասի համար պատասխանատու Զբոսաշրջության կոմիտեի էջում։
Դիլիջան համայնքի պաշտոնական կայքում այս ընկերության մասին միայն համայնքի ղեկավարի երկու որոշում է տեղադրված, ընդ որում շինթույլտվության մասին որոշում չկա։ 2021թ․ նոյեմբերի 22-ին կայացված որոշումներով Վերոնիկա Բոյաջյանի ամուսնու՝ Աշոտ Բոյաջյանի դիմումի հիման վրա Դիլիջան համայնքի ղեկավարը նրանց պատկանող Առողջարանային փողոց թիվ 12 հասցեի 18.4356 հա հողամասից առանձնացվող հողամասերին առանձին հասցեներ է տրամադրել։ Նշված հողամասից առանձնացվել է 0.206 հա հողամաս, ևս 0.0358 հա հողամաս։
Վանաձորում հանգստի և ժամանցի գոտի կկառուցվի
ՏՏԵԶ ծրագրով արտաքին ինժեներական ենթակառուցվածքներ կստեղծվեն Վանաձոր քաղաքում կառուցվող «Մայմեխ Ռիզորթ» ՍՊԸ-ի հանգստի և ժամանցի գոտին սպասարկելու համար։ Այս մասնավոր ընկերության համար նախատեսվում է ճանապարհ, ջրամատակարարման, կոյուղու և գազամատակարարման համակարգ կառուցել։
«Մայմեխ Ռիզորթ» ՍՊԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է 2021թ․ հունիսին։ Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է Վանաձորի բնակիչ Զոհրաբ Քեշիշյանին։ Վերջինս 2003թ․-ից է զբաղվում բիզնես գործունեությամբ, բայց ոչ զբոսաշրջության ոլորտում։ Նրան է պատկանում նաև մրգերի և բանջարեղենի մշակմամբ ու պահածոյացումով զբաղվող «Ռոզֆռուդ» ՍՊԸ-ն, որի 100% բաժնեմասը ձեռք է բերել 2017թ․։
Համացանցում ոչինչ չկա, թե ինչպիսին է լինելու «Մայմեխ Ռիզորթ» ՍՊԸ-ի հանգստի և ժամանցի գոտին, չնայած արտաքին ինժեներական ենթակառուցվածքների նախագծային փաստաթղթերի փաթեթի մշակման աշխատանքների համար նախագծող ընկերությանը 45 օր ժամանակ էր տրված։ Պայմանագիրը կնքվել է 2023թ. փետրվարի 27-ին և վաղուց հանրային լսումներ պետք է իրականացվեին Վանաձոր համայնքում՝ ծրագիրը ներկայացնելու համար, որը տեղի չի ունեցել:
Համաշխարհային բանկի բոլոր ծրագրերի համար պարտադիր են բնապահպանական և սոցիալական փորձաքննություն անցնելը, և արդյունքներն ազդակիր համայնքում քննարկելը։ «Պետական-մասնավոր ներդրում» ենթաբաղադրիչի համար սահմանված չափորոշիչներով ընտրված ընկերություններից նաև շրջակա միջավայրի ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) է պահանջվել։ Ի՞նչ վախեր ունի Ծրագրի կառավարման կոմիտեն, երբ չի ցանկանում բացահայտել ընկերությունների ծրագրերը և նրանց ՇՄԱԳ-ները։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել