
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, հավանաբար, իր պաշտոնը կզբաղեցնի ևս մեկ տարի՝ չնայած ղեկավարումն այլ անձի փոխանցելու նրա բազմիցս արտահայտած ցանկությանը: Այդ մասին Euractiv պարբերականն իմացել է ՆԱՏՕ-ի չորս դիվանագետից։
Ակնկալվում էր, որ Սթոլթենբերգը, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում էր 2014 թվականի հոկտեմբերից, կհեռանար այս աշնանը, սակայն դրա փոխարեն նա կարող է պաշտոնավարել ևս մեկ տարի: Որոշումը կարող է ընդունվել արդեն չորեքշաբթի օրը՝ հունիսի 28-ին։
Սթոլթենբերգի հնարավոր իրավահաջորդներից ոչ մեկը, այդ թվում Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կամ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, դեռ չեն կարողացել ստանալ ՆԱՏՕ-ի 31 անդամ պետությունների աջակցությունը:
ՆԱՏՕ-ի դիվանագետները նշում են, որ Սթոլթենբերգն ապացուցել է ճգնաժամերի ժամանակ Դաշինքը կառավարելու իր ունակությունը: «Փոթորկի ժամանակ նավապետին փոխելը վտանգավոր է», - պարբերականին ասել է Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Պարբերականի զրուցակիցները նշում են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մանդատի երկարաձգումն ավելի շատ ժամանակ կտա Ուկրաինային կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցության վրա կենտրոնանալու համար՝ ներքին քննարկումների մեջ մտնելու փոխարեն:
Քանի որ ակնկալվում է, որ Սթոլթենբերգի իրավահաջորդը կընտրվի հաջորդ տարվա կեսերին, դրա թեկնածությունը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Եվրախորհրդարանի ընտրություններից հետո Եվրոպական միությունում առանցքային պաշտոնների նշանակումների հետ միասին:
Դաշինքի որոշ անդամներ, սակայն, մտավախություն ունեն, որ Սթոլթենբերգի երկարատև պաշտոնավարումը կարող է դիտվել որպես Դաշինքում «ժողովրդավարության հսկայական դեֆիցիտ»:
Ավելի վաղ, ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հակված են երկարաձգել գործող գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի լիազորությունների ժամկետը՝ իրավահաջորդի ընտրության հետ կապված դժվարությունների պատճառով:
Լուսանկարը՝ Valeria Mongelli/Bloomberg
Մեկնաբանել