
Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերով
Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերով և Բաքվին ու Երևանին կոչ է անում վիճելի հարցերը կարգավորել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ հունիսի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հաճախակի դարձած զինված միջադեպերով և հրադադարի ռեժիմի խախտումներով, կողմերին զսպվածության ու բոլոր վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կոչ ենք անում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ փոխգործակցությամբ»,- հայտարարել է Զախարովան։
Նա հավելել է, որ ռուսական կողմը ելնում է նրանից, որ Ղարաբաղում իրավիճակի սրման թուլացմանը կնպաստեր «Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման և խաղաղ բնակչության բնականոն կենսագործունեության համար պայմանների ստեղծման ուղղությամբ միջոցների շուտափույթ ձեռնարկումը»։
Հիշեցնենք, որ Արցախի պաշպանության բանակը այսօր վաղ առավոտյան հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ ՊԲ-ի փոխանցմամբ՝ հայկական կողմն ուներ 4 զոհ։ Ավելի ուշ, հրապարակվել է նաև նրանց անունները՝ Արմո Աբգարյան (54 տարեկան, գ․ Գիշի), Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան (երկուսն էլ 20 տարեկան՝ Ստեփանակերտից), Գագիկ Բալայան (36 տարեկան, գ․ Գիշի):
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել