HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Ադրբեջանը իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում»․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 29-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հունիսի 27-ի ադրբեջանական սադրանքին, որի հետևանքով զոհվել է Արցախի ՊԲ-ի 4 զինծառայող։

«Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և ընկերներին՝ պիտի ընդգծեմ, որ այս ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր Ադրբեջանի տեղեկատվական գրոհներով, թե իբր ԼՂ ՊԲ-ն շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադարի ռեժիմը»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական լրատվության հրապարակումների մտացածին լինելը ԼՂ իշխանությունների կողմից հետևողականորեն ի ցույց է դրվել, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում։

Փաշինյանի համոզմամբ՝ Ադրբեջանի գործելակերպը ավելի ու ավելի տեսանելի կերպով ընկալվում է նաև միջազգային հանրության կողմից, ինչի թարմ ապացույցը նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևն է։

Նա ընթերցեց բանաձևի 15-րդ կետը, որտեղ ասվում է․ «Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից և կոչ է անում Ադրբեջանին մերժել նման հռետորաբանությունն ու քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի դեմ, այդ թվում՝ հանրային և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կիրառվող, այդպես էլ ատելության հանցագործությունների դեմ պայքարելու համար»։

Նույն բանաձևի 8-րդ կետում Վեհաժողովը արձանագրում է․ «Ներկա անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ ԼՂ-ի հայ բնակչությունը ստիպված կլինի լքել իր տներն ու համայնքները։ Այս համատեքստում Վեհաժողովը հրատապ կոչ է անում լուծել ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության խնդիրները Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմում չեզոք միջազգային ներգրավվածության միջոցով»։

Վեհաժողովն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, արձանագրել է ԼՂ-ին մատակարարվող բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների արգելափակման փաստը, Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերականգնել այդ մատակարարումները և կատարել Լաչինի միջանցքը ապաարգելափակելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանը։

Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց արձանագրել այն, որ ԵԽԽՎ-ի բանաձևի կապակցությամբ ընդունված հանձնարարականում նույն մարմնի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը գնահատվում է որպես հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամ, և ԵԽ արտաքին գործերի նախարարների կոմիտեի ուշադրությունն է հրավիրում այդ ճգնաժամի վրա՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք հնարավորինս արագ փաստահավաք առաքելություն կազմակերպելու անհրաժեշտությունը։

Փաշինյանի գնահատմամբ՝ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով, և ՀՀ ԱԳՆ-ն հետևողական կլինի բանաձևի դրույթները Նախարարական կոմիտեի, այսինքն՝ ԵԽ-ի գործադիր մարմնի օրակարգում պահելու առումով։

«Վերդառնալով հունիսի 27-ի սադրանքին՝ պիտի ընդգծեմ, որ դրա նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, ԼՂ-ի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելու նպատակ ունեն։ Այս օրերին Հայաստանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի գլխավորությամբ, Վաշինգտոնում շարունակում է բանակցությունները Ադրբեջանի պատվիրակության հետ Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ։

Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի և մեր կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների ու բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter