HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

«Շրջափակումը առիթ էր՝ մարդկանց ավելի լավ ճանաչելու»․ արցախցի ուսուցիչ

Արցախի Մաճկալաշեն գյուղում հոսանքը կմիացնեն երեկոյան ժամը իննին՝ չորս ժամով, հետո նորից 2 ժամով կանջատեն, էլի կմիացնեն, նորից կանջատեն։ Այս ժամերը խառնել չի կարելի, քանի որ հասցնելու շատ բան կա։ Գեորգիի հետ հարցազրույցը հեռախոսազանգի միջոցով է, քանի որ հոսանք դեռ չկա, հետևաբար՝ նաև ինտերնետ տեսազանգի համար։

Գեորգի Ավշարյանը Մաճկալաշեն գյուղի մաթեմատիկայի ուսուցիչն է։ Այստեղ հաստատվել է պատերազմից հետո, երբ Մարտունու շրջանի իրենց գյուղը՝ Շեխերը, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչ այդ նա մաթեմատիկա էր դասավանդում Շեխերում, հետո նախարարությունից գործուղեցին Մաճկալաշեն։

«67 աշակերտ ունենք մեր դպրոցում, փոքր դպրոց է՝ դասարաններում՝ 4-5 հոգի, դասերի ժամանակ երեխեքը շատ զբաղված էին լինում ու ժամանակ չէին ունենում ուրիշ բաների վրա կենտրոնանալու համար, էդ առումով լավ էր՝ շրջափակումից շատ չէին խոսում, հարցեր տալիս»,-ասում է Գեորգին։

Նրա խոսքով՝ կրթական պրոցեսի վրա էլ է ստեղծված վիճակը բացասաբար ազդում, դպրոցում բուհի համար պարապող երեխաներ կան, որոնց շտեմարաններ են հարկավոր, ուղեցույցներ, բայց քանի որ նոր հրատարակվածները Արցախ չեն հասնում, ստիպված հներով են բավարարվում։

Բացի իր հիմնական ժամերից Գեորգին նաև մաթեմատիկայի և ազգագրական պարի խմբակներ ունի գյուղում։ Ասում է, որ աշակերտների 60-70 տոկոսը հաճախում է որևէ խմբակի, ու այս իրավիճակում էլ խմբակների գործունեությունը չի դադարել։

«Բացի մեր գյուղից նաև հարակից գյուղերում եմ պար դասավանդում, բայց հիմա, որ արդեն վառելիք չկա ու սեփական մեքենաս չեմ օգտագործում, էդ գյուղեր չեմ կարողանում հասնել, ու ժամանակավորապես պարապմունքները դադարեցված են»,- ասում է Գեորգին։

Ուսուցչի խոսքերով՝ շրջափակմանը գյուղում ավելի հեշտ է դիմադրել․ բանջարեղենն ամբողջությամբ իրենք են աճեցնում, կարիք չկա սպասելու, թե երբ խանութը կարտոֆիլ կստանա, որ մեկ-երկու կիլոգրամ գնեն։

«Միշտ էլ որոշակի քանակի բանաջարեղեն աճեցրել ենք մեր այգում, բայց հիմա ավելի շատ ենք անում, հատկապես հիմա ծուլանալու պահը չի։ Գրեթե ամեն ինչ ունենք՝ լոբի, կարտոֆիլ, վարունգ, դդմիկ։ Ճիշտ է, միայն մեզ է հերիքում, բայց նորմալ է։ Շատ նաև չէինք կարող անել այն պատճառով, որ ոռոգումը արտեզյան ջրով է, իսկ դրա աշխատանքի համար էլի հոսանք է պետք»,- նշում է մաթեմատիկայի ուսուցիչը և ավելացնում, որ թթի ու խաղողի այգիներ նույնպես ունեն, այս տարի դրանցից օղի պետք է քաշի։

Վերջին անգամ Գեորգին խանութից մի քանի օր առաջ է գնումներ արել։ Կտրոնով գնել է շաքարավազ, մակարոնեղեն և ձեթ, սպասում է, որ մյուս ապրանքներն էլ ստանան, իմաց տան, գնա, վերցնի։ Ապրանքների 90 տոկոսը կտրոնով է, առայժմ միայն դեղերն են առանց կտրոնի։

«Մենք տեղական արտադրության գրեթե ոչինչ չունենք Արցախում, ամեն ինչ ներկրվել է դրսից, դրա համար էլ էս պահին համարյա ամեն ինչի պակասություն էլ կա, միակ լավ բանը, որ մեր արտերի հացահատիկը դուրս չի եկել էստեղից ու առայժմ բավարարում է, մնացած ամեն ինչն էլ պակասություն ա անում ու կտրոնով ենք ստանում»,- ասում է Գեորգին։

Ուսուցչի կարծիքով՝ այս իրավիճակում շատ աշխատել է պետք։ Ասում է, որ կարող է չաշխատել ու նստել սպասել, թե երբ կտրոնով բանաջարեղեն կստանա, բայց մի քանի մետր այն կողմ անմշակ հող ունի, մշակել է ու իրենց ինչ պետք է աճեցրել։ Ճիշտ է, միայն իրենց է հերիքում, բայց անհրաժեշտության դեպքում ուրիշին էլ է տալիս։

«Միշտ չի, որ մարդիկ իրենց ցույց են տալիս էնպիսին, ինչպիսին կան, ու էս շրջափակումը առիթ եղավ, որ մարդկանց գոնե մի քիչ ավելի լավ ճանաչես։ Էս ընթացքում շատ եմ նկատել՝ ոնց են մարդիկ փոխվել, ավելի հարգող, սիրող, օգնող դարձել։ Փոխօգնությունն է շատացել, մարդիկ ավելի շատ են միմյանց դրության մեջ մտնում»,- նշում է Գեորգին։

Հարցին, թե երբևէ մտածել է շրջափակումից հետո ուրիշ տեղ ապրելու մասին, կտրուկ պատասխանում է՝ ոչ։

«Պատերազմից հետո, երբ մեր գյուղը՝ Շեխերը, գրավեցին, ես ու կինս տեղափոխվեցինք Ռուսաստան բայց կարճ ժամանակ հետո հետ եկանք, եթե չուզեինք երբեք էլ չէինք գա, նույնն էլ այսօր։ Միշտ մտածում եմ, որ դժվարությունները ոչ թե շրջանցելու այլ հաղթահարելու համար են։ Կարևորն այս պահին Արցախում մարդիկ կան ու էդ մարդիկ շատ լավ գիտակցում են, թե ինչի են էստեղ, էս փորձությանն էլ անպայման դիմանալու ենք»,- ասում է Գեորգի Ավշարյանը։

Գլխավոր լուսանկարում՝ Գեորգին կնոջ` Մարիամի հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter