
Խաչատուր Քոքոբելյանը վստահեցնում է` Լաստիվերին վտանգ չի սպառնում
Հիդրոէլեկտրակայանը, որը պատկանում է Քոքոբելյանների ընտանիքին` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի որդուն և ազգակցին, ավելի ներքև է կառուցվելու, քան 850 նիշն է: «Լաստիվերի Ջրվեժը, որը գտնվում է 1210 նիշի վրա, պարզապես անհամատեղելի է մեր հէկերի տարածքի հետ: Մենք երբևէ չենք թաքցրել, որ մենք այդտեղ հիդրոկայան ունենք գործող և կառուցվող, և հստակ ասում եմ և հիմա էլ չեմ թաքցնում, որ մենք, չափումներ անելու ժամանակ, հաշվի առնելով, որ այդ ջրվեժը գտնվում է 1210 նիշի վրա, ավելի ներքև ենք վերցրել ջրթույլտվությունը և վարձակալել հողերը, որ նման կարգի խնդիրներ չառաջանան»,- «Հետքին» պարզաբանեց Խաչատուր Քոքոբելյանը:
Հիշեցնենք, որ զբոսաշրջիկներին գայթակղող Լաստիվերի ջրվեժի ճակատագիրը մտահոգել էր ենոքավանցիներին և իջևանցիներին, քանի որ պարզ չէր, թե ով և որտեղ է պատրաստվում նոր փոքր հէկ կառուցել Խաչաղբյուր գետի վրա:
Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ ինքը քաջատեղյակ է և վստահեցնում է, Լաստիվերի ջրվեժի հատվածում հիդրոէլեկտրակայան թե' իրենց, թե' այլ ընկերությունների կողմից չի կառուցվում. «Ես տարածքը նայել եմ, ես փարատում եմ բոլոր անհանգստությունները և ամենայն պատասխանատվությամբ և հստակ ասում եմ դա»:
Խաչատուր Քոքոբելյանը նաև ասաց, որ իրենց նախատեսած նոր փհէկը ընդհանրապես բնությանը չի վնասելու, քանի որ ճանապարհի վրա է, և հնարավոր է հաջորդ տարի սկսեն կառուցել, բայց հնարավոր նաև չկառուցեն ընդհանրապես` կապված ֆինանսական միջոցների բացակայության հետ:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել