
«Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը հակապետական գործողություն է»․ Դավիթ Սանասարյան
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը հակապետական և հայկական շահերին դեմ գործողություն է։ «Հետքին» տված հարցազրույցում այս մասին հայտարարեց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս։
Սանասարյանի կարծիքով՝ իշխանությունները չեն պատկերացնում, թե ինչ խնդիրների առաջ է կանգնելու Հայաստանը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով, քանի որ դա միայն մեծացնելու է Ադրբեջանի ախորժակը, որն էլ իր գործողություններով ցույց է տվել, որ չի հետևում որևէ պայմանավորվածության։
Դավիթ Սանասարյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահը նշում է, որ հանձնաժողովից լուրջ բացահայտումների ակնկալիքներ պետք չէ ունենալ։
«Գլխավոր հարցն այն է, թե ինչ տեղի ունեցավ և ինչու, և արդյոք հնարավո՞ր է այս թերությունները ջրի երես հանելուց հետո բանակում շտկել նմանատիպ խնդիրները։ Ես վստահ չեմ, որ դա արվելու է, բայց գոնե մի բանում վստահ եմ, որ այդ խնդիրները մինչև վերջ մատնանշվելու են»,- ասաց Սանասարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում։
Մեկնաբանել