HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամեն ինչ ստացվեց մեր համառության ու Ստեփանակերտի բարի մարդկանց շնորհիվ

«Ո՞րն է եզրի քո սահմանումը։ Արդյոք եզրերը ստեղծվում են ներքուստ և կամովի, թե նրանք առաջանում են դրսից՝ շրջապատող աշխարհի կողմից պարտադրված։ Եզրերն անհատակա՞ն են, թե՞ հավաքական։ Կա՞ արդյոք վերադարձի կետ»։

«Sunrise Stepanakert» արվեստի փառատոնի թեման եզրերն են։ Փառատոնը մեկնարկվել է հունիսի 30-ին, Ստեփանակերտի պատկերասրահում։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակվելու պատճառով փառատոնին Արցախում ներկայացվում են միայն տեղի արտիստների աշխատանքները։

Փառատոնի մեկնարկը, սակայն, տրվելու է երկու տեղից՝ Ստեփանակերտից՝ Ստեփանակերտի պատկերասրահում, և Երևանից՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում։  

Բացմանը Ստեփանակերտում ներկայացվել են Վանիկ Մեժլումյանի, Սոնա Գևորգյանի, Մարիամ Թամրազյանի, Մարիամ Պապոյանի աշխատանքները՝ եզրեր թեմայով։

Sunrise Stepanakert փառատոնի շրջանակում Ստեփանակերտում կազմակերպչական աշխատանքներով զբաղվում է Գայանե Սարգսյանը։ 

«Sunrise Stepanakert-ը պետք է լիներ մասշտաբային ու Ստեփանակերտում, բայց շրջափակման պատճառով Հայաստանից եկողներ չեղան։ Այս տարի Sunrise-ը կլինի Արցախում և Հայաստանում միաժամանակ։ Մի պահ մտածում էի` այստեղ` Արցախում, հաստատ չի ստացվի։ Շրջափակում է, մարդիկ տրամադրություն չունեն։ Բայց անցած տարվա մեր կամավորներին կարողացանք շատ արագ հավաքել, ու հենց չհուսահատվելու շնորհիվ էլ մեզ մոտ ստացվեց կազմակերպել բոլոր աշխատանքները։ Ճիշտ է, նույն գործը, որն արել ենք անցած տարի մի շաբաթում, այս տարի մի ամիս պահանջվեց, պաստառները չկարողացանք կախել, որովհետև լույսի անջատումների ու գույների պակասի պատճառով Ստեփանակերտի երկու տպարանները նորմալ չեն աշխատում, բացումից կես ժամ առաջ լույսերը չնախատեսված անջատվեցին, տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններից մեր մասնակիցները չկարողացան գալ, բայց մեր համառության ու Ստեփանակերտի բարի մարդկանց շնորհիվ ամեն ինչ ստացվեց»,- ասում է Գայանեն։ 

Փառատոնի շրջանակում տեղի կունենա «Քեզ հաղթանակ կնվիրեմ», Aurora’s Sunrise, DonkeyMentary, A Magical Substance Flows into Me, La Bonga, «Մեկ, երկու, երեք», «Ջունամ», Luka ֆիլմերի ցուցադրությունը։

Փառատոնի մասնակիցները ֆիլմերի մի մասը կարող են դիտել Վալլեքս Գարդեն հյուրանոցի կինոթատրոնում, մյուս մասը՝ ԹՈՒՄՈ կենտրոնում։ 

«Sunrise Stepanakert» փառատոնը անցկացվում է 2021 թվականից։ Փառատոնի հիմնադիրներն են Շուշան Քեշիշյանը և Լիլիթ Հակոբյանը։ Փառատոնը կտևի մինչև հուլիսի 9-ը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter