HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Եթե Վահանյանն էդտեղ լիներ, ճիշտ հրաման տար, չէինք ունենա էդքան զոհ». Խուռհատի գործով տուժողների վկայությունը

Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի նախկին ժամկետային զինծառայող Ալբերտ Գրիգորյանը վստահ է՝ եթե գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը չլքեր իրենց, ճիշտ հրամաններ տար, իրենք նման իրավիճակում չէին հայտնվի և այդքան զոհ չէին ունենա։

2020թ. հոկտեմբերի 10-ին ադրբեջանցիները հարձակվել են Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակը, մեծամասամբ՝ 2 ամսվա զինծառայողներ։

Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, թողնելով անձնակազմին միայնակ, իջել է սարից և հեռացել՝ պատճառաբանելով, թե վիրավոր է։

Իշխան Վահանյանը մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։ 

Մնալով առանց գումարտակի հրամանատարի՝ զինծառայողների մեծ մասը, անտեղյակ լինելով, որ Հադրութ քաղաքը գրավված է, գնացել է հենց այդ ուղղությամբ, զոհվել կամ հայտնվել շրջափակման մեջ։

Երեկ՝ հունիսի 30-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շրջափակման մասին մանրամասներ էին ներկայացնում գործով տուժող ճանաչված 3 զինծառայողներ։

Տուժող Ալբերտ Գրիգորյանը նշեց, որ 2020թ. հուլիսի 21-ին է զորակոչվել բանակ, եղել է շարքային զինծառայող։

Ջրականից գումարտակի անձնակազմը նահանջել է Հադրութ և տեղակայվել Խուռհատ սարի վրա։

«Բարձրացել ենք սարի ամենավերևի պոստը, դիրքավորվել ենք, բոյ ա գնացել։ Երբ արդեն ավելի ուժեղ, բլիժնի բոյ էր սկսել, մոտ էին մեզ, հրաման ենք ստացել կրակել։ Սկսել ենք  կրակել անտառի մեջ, հետո հրաման են տվել, որ էդտեղ չկրակենք, մերոնք են էդտեղ, հետո ասել են՝ աջ կողմից են գալիս, ու էլի կրակում էին էնտեղից, մենք էլ իրենց ուղղությամբ կրակել ենք։ Վիրավորներ ենք ունեցել էդ ընթացքում, նահանջ են տվել, ասել են՝ իջնենք։ Իմ կողքը չի եղել հրամանատար, որ ասի էս կողմ կրակեք, ուղղակի որ կրակոց է եղել, պատասխան կրակ ենք բացել։ Որ արդեն կողքից էին կրակում, էդ կողմ էինք կրակում, մեր վրա էին գալիս կրակոցները, մենք էլ պատասխան կրակում էինք, մինչև գոռացին՝ նահանջ, սաղ հետ էին քաշվում կրակելով, վիրավորներին էլ օգնում էինք։Հովհաննես Մուրադյանը (կապի դասակի հրամանատար) հեռախոսով կապվել էր, գիտեինք, որ 3-րդ վաշտը մեզնից վերև ա, մեզ ասեցին, որ պետք չի բարձրանալ, պետք է հետ գնալ։ Արդեն հետ էինք գալիս նույն ճանապարհով, ու սկսեցին կրակել բոլոր կողմերից, ու տենց արդեն ընկանք շրջափակման մեջ»,- պատմում է Ալբերտը։

Հովհաննեսը կապի դուրս գալու նպատակով առանձնացել է, որից հետո Ալբերտը նրան այլևս չի տեսել։ Նրանց հետ մնացել է միայն մի պահեստազորային՝ Արտյոմ անունով։

«Անտառի մեջ բոյը որ եղավ, մնացինք էդտեղ, մութն արդեն ընկնում էր, ու մեր վերևից ադրբեջանցիների զորքերն էին, մեր հրետանին կրակում էր, լսում էինք, որ գոռում էին, բայց իրենք մեր վերևով անցնում էին, մնացինք նույն տեղում։ Մի քիչ հարմար տեղ էր, չէինք երևում»,- պատմում է տուժողը։

Անձնակամզը մնացել է նույն տեղում, առավոտյան որոշել են անտառով շարժվել։ Դեռևս Վանք գյուղ չհասած՝ ադրբեջանցիները սկսել են կրակել։

«Վերևից կրակում էին, գրանատներ էին շպրտում մեր կողմ, դաժե հայերեն խոսում էին, ասում էին՝ դուրս եկեք։ Մենք հասկանում էինք, որ կարան իրանցից լինեն, սպասում էինք՝ տեսնենք՝ ինչ ա լինում։ Էդ պահին չէինք կրակում, որ չերևայինք՝ կոնկրետ որտեղ ենք, իրանք ուղղակի կրակում էին»։

Այդտեղ զինծառայողների մի մասը վիրավորվել է։ 

«Անտառից հետո ճանապարհ կար, մտնում էր էլի անտառ, ասեցինք՝ վազենք էդ կողմ, շոշն անցնենք դեպի անտառի մյուս կողմ, էդ ընթացքում զորքից մի քանի հոգու խփեցին, վիրավորվեցին, կեսը մահացան, ՄՈԲ-ին՝ Արտյոմին էլ են էդտեղ խփել, մահացավ։ Մենք վիրավորներին բռնած՝ վազելով անցել ենք, գցվել ենք անտառի մեջ, դրանից հետո քայլելով իջել ենք, Վանք գյուղ մտել, տուն ենք մտել, վիրավորներին ինչով կարողացել պերեվյազկա ենք արել, օգնել, ու մնացել էդտեղ»։

Զինծառայողները փորձել են կապ հաստատել, սակայն չի հաջողվել։ Ալբերտի խոսքով՝ կապ եղել է միայն առաջին օրը։

«Երբ մտել ենք էդ տուն, հեռախոսի մեջ զարյադկա չկար, տան հայաթը ակումուլյատոր կար, տղերքից մարդ կար, որ մի քիչ հասկանում էր, էդ կանտակտներով զարյադկա տվեց, զանգել ենք, ասել են, որ տարածքն արդեն մերը չի, պետք ա սպասենք էնքան մինչև օգնություն գա։ Մի քանի օր էդտեղ ենք մնացել»,- պատմում է նա։

Ալբերտը նշում է, որ ծառայությունից վերադառնալուց հետո է իմացել, որ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը փախել էր։

«Որ էդտեղ լիներ, ճիշտ հրամանա կտար, մենք  էլ կանեինք, չէինք հայտնվի էդ վիճակում, չէինք ունենա էդքան զոհ»,- ասում է նա։

Ըստ քրեական գործում առկա տեղեկությունների՝ Իշխան Վահանյանը բեկորային վիրավորում է ստացել։

Դատախազ Գևորգ Ավետիսյանը հետաքրքրվեց, թե սարի վրա զինծառայողներն ի՞նչ վիրավորում էին ստացել։

-Հրազենային- պատասխանեց Ալբերտը։

-Մարտի ընթացում ի՞նչ զինատեսակներից էր կրակում հակառակորդը և հնարավո՞ր էր առհասարակ բեկորային վիրավորում ստանալ,- հարցրեց հանրային մեղադրողը։

-Էդ ընթացում ավելի շատ ինքնաձիգով էին կրակում,- ասաց տուժողը։

«Մենք տենց լուրջ չէինք ընդունում իրեն՝ որպես հրամանատար». Ռոբերտ Վարդանյան

Ալբերտի հետ մինչև շրջափակման մեջ մնալու վերջին օրը եղել է նաև գործով մեկ այլ տուժող ճանաչված Ռոբերտ Վարդանյանը։ Ռոբերտը նշում է, որ Խուռհատ սարից իջնելուց տեսել է Վահանյանին։ 

«Լայն ժպիտն ա մեջս տպավորվել, որ կողքով գլուխը տրաքած զինվոր էին տանում, խնդում էր»,- ասաց Ռոբերտը։

Տուժողի խոսքերից հետո իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, ծնողները վրդովվեցին։

«Սպաները որոնք մարտ էին վարում, իրենք վերևում էին, Ղարիբյանն էր, Հովհաննեսը և Արտյոմը։ Վահանյանը տեղակայված էր մեր թիկունքում՝ ճանապարհից 30-40մ վերև։ Հետո տեսա ձեռը դրել ա հետևը, գնում էր, նստեց ՈՒԱԶ-ը, դրա բագաժնիկում կամ հետևի նստարաններին վիրավոր զինվոր կար, ինքն էլ նստեց ու գնաց։ Լավ չէր քայլում ոնց որ, ոչ մի բան չասեց, գնաց։Մենք տենց լուրջ չէինք ընդունում իրեն որպես հրամանատար, որ ինքը փախել էր, հուսալքվեինք»,- նշում է նա։

Դատավոր Ջոն Հայրապետյանը հարցրեց՝ ինչո՞վ էր դա պայմանավորված։

«Լավ սպան, ինձ չի թվում, որ զորքին կշարի, կհելնի, կկանգնի դեմը, կասի՝ ես մասիվցի տղա եմ, լավ տղա եմ, սաղիդ հերերից լավ ավտո եմ քշում»,- պատասխանեց տուժողը։

Ռոբերտի խոսքերից հետո իրավիճակը նիստերի դահլիճում կրկին լարվեց։ Ծնողները դժգոհեցին Վահանյանի քմծիծաղից։

«Ուզում ենք էս կծիկը բացվի, որ դուք, ձեր երեխաները չարժանանաք մեր բախտին»- ասաց ծնողներից մեկը։

Շարունակելով խոսքը՝ Ռոբերտն ասաց, որ ինքը չի տեսել և չի կարող պատկերացնել՝ ինչպես է Վահանյանը վիրավորվել։ «Չեմ հիշում, որ էդ սարի վրա սնարյադ ընկած լինի կամ՝ կամիկաձե խփած»։

Նահանջից հետո՝ շրջափակման մեջ հայտնվելու ժամանակ, Ռոբերտը վիրավորվել է և 43 օր մյուս զինծառայողների հետ մնացել Վանք գյուղի տներից մեկում։

Գործով մեկ այլ տուժող Էրիկ Խաչատրյանը ևս նշեց, որ վիրավորներին իջեցնելիս տեսել է, թե ինչպես է Վահանյանը ծիծաղում։

«Վիրավորներին իջեցնելիս, մոտ 15-20 վիրավոր պետք է տանեին, հասել ենք Վահանյանին, ռացիայով խնդալով խոսում էր, մենակ էն եմ հիշում, որ նեռվայնացած էի իր արարքի վրա, որ ինքը ռացիայով խնդում ա, էն էլ էն ժամանակ, երբ զոհեր ունեինք ու վիրավորներ, որոնց չէինք կարողանում իջեցնել։

Ըստ Էրիկի՝ այնտեղ, որտեղ Իշխան Վահանյանը կանգնած էր, հնարավոր չէր վիրավորում ստանալ. «էդտեղ պատրոն չի հասել, մենակ վերևն էր կրակոցներ։ Որտեղ ինքը կանգնած էր, իր գնալուց հետո է սկսվել կրակոցներ։ Ինքը, ձեռքը հետև դրած, նստեց «Վիլիսի» դեմը, հետևից էլ՝ 2-3 վիրավոր։ Մեզ ոչ մի բան չի ասել»։

Տուժողի խոսքով՝ ինքը Իշխան Վահանյանի վիրավորման պահը չի տեսել։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 21-ին՝ ժամը 14:00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter