HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրի-Քաշունիք-Հաթերք. Մովսիսյանների ընտանիքն Արցախում սեփական տուն ունենալու հույսով է ապրում

Քնար Մովսիսյանը հանում է ցեխոտ կոշիկները, հագնում ռեզինե հողաթափերը, կարտոֆիլը լցնում թասի մեջ, բացում ջրի ծորակը ու սկսում կարտոֆիլը մաքրել հողից։

Նա արդեն երրորդ տարին է՝ մշակում է Հաթերքի իրենց ժամանակավոր տան դիմացի հողատարածքը, կարտոֆիլ, լոբի, եգիպտացորեն, գազար ու կաղամբ ցանում։

63-ամյա Քնար Մովսիսյանը ամուսնու՝ Հարութ Մովսիսյանի հետ 1997 թվականին Գյումրիից տեղափոխվել է Արցախ։ 1988-ի երկրաշարժից հետո 10 տարի տնակում են ապրել՝ որդու և դստեր հետ։ 

«Դանիական տնակում էինք ապրում, շատ լավ տնակ էր։ Ես էլ, Հարութն էլ աշխատում էինք։ Մի օր Հարութը եկավ, ասաց՝ Ղարաբաղ կոմիտե կա, գնում են, գրանցվում են, հետո տանում են Արցախ։ Ու առանց մանրամասներ իմանալու, մեր իրերով գնացինք կոմիտեի նախագահի մոտ։ Գրանցվեցինք ու շատ արագ տեղափոխվեցինք Արցախ։ Եկանք ու նորից զրոյից սկսեցինք ամեն ինչ»,- պատմում է Քնար Մովսիսյանը։

Քնարն ընտանիքի հետ հաստատվեց Քաշաթաղի շրջանի Քաշունիք համայնքում։ Քաշունիքը փոքր համայնք է՝ Հակարի գետի ափին։ 2020 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 93 մարդ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Քաշունիք համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ 

Քաշունիքում Քնարի ընտանիքն 9 տարի ապրել է առանց էլեկտրականության։

«Ամբողջ տարածքում լույս չենք ունեցել։ 2007 թվականին նոր լույս քաշեցին։ Լույս ունեցանք ու լույսի հետ էլ ամեն ինչ։ Գազ չկար, փայտի վառարանի վրա ճաշ էինք եփում, ջուր էինք տաքացնում։ Փայտը շատ էր, ջուրը շատ էր, ձուկը շատ էր։ Սկզբում էր ծանր, հետո հունի մեջ էինք ընկել։ Հողամաս ունեինք, այգի էինք արել։ Այդպես 23 տարի ապրել ենք Քաշունիքում»,- նշում է տիկին Քնարը։

44-օրյա պատերազմի ժամանակ Քնարի ընտանիքը մինչև հոկտեմբերի 22-ը գտնվել է Քաշունիքում։ 

«Բոլորն էլ գյուղում էին մնացել, բայց մինչև ամսի 22-ը։ Այդ օրը Իշխանաձորից զանգեցին, ասացին՝ թուրքերը արդեն հասել են Այգեհովիտ։ Դա Հակարի գետի մյուս ափն է։ Գյուղում մնալն արդեն վտանգավոր էր։ Դաշտերով դեպի Գորիս ճամփա կար։ Գյուղից դուրս եկանք կեսգիշերին։ Ոչ մի բան հետներս չէինք վերցրել։ Հավաբունը փակել էինք, խոզերին բաց էինք թողել։ Մտածեցինք՝ մոտիկ տեղ մնանք, մեկ է, էս երկու օրը կվերջանա, մենք էլ հետ կգանք մեր տները։ Քաշունիքի մեր հարևանը Տեղ գյուղում տուն ուներ։ Ես մնացի այդտեղ մինչև պատերազմի ավարտը, ամուսինս 10 օր մնաց, հետո գնաց Գյումրի՝ որդուս մոտ։ Աչքներս ճանապարհին մնաց․ էլ հետ մեր տուն չգնացինք»,- ասում է Քնար Մովսիսյանը։

44-օրյա պատերազմից հետո Քնարն ու ամուսինը՝ 65-ամյա Հարութ Մովսիսյանը, վերադարձան Արցախ։ Չորս ամիս ապրեցին Ստեփանակերտի «Էլդորադո» հյուրանոցում։ 2021 թվականի ապրիլին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հիվանդանոցում Քնարն աշխատանքի ընդունվեց որպես բուժքույր ու ամուսնու հետ հաստատվեց Հաթերքում։ Սկզբում աշխատում էր Հաթերքի հիվանդանոցում, հետո՝ շտապօգնության բաժանմունքում։

Քնարն ասում է, որ գյուղում հիվանդները շատ են, հատկապես շրջափակումից հետո։ Եղել է, որ օրվա մեջ վեց կանչ են ունեցել։

«Ընդհանրապես, հիվանդանոցը միշտ լիքն է։ Մի հիվանդ ունեինք, մի կերպ հնարավոր եղավ տեղափոխել Ստեփանակերտ։ Ստամոքսի խնդիր ուներ, այստեղ համապատասխան սարքավորումներ չունեինք հետազոտության համար»,- ասում է նա։ 

Տունը, որտեղ հիմա են ապրում, գտել են Հաթերքի համայնքապետի միջոցով։

«Տունը կառավարությունը վերանորոգել է, 3 տարով տվել մեզ։ Դրա դիմաց տանտերը վարձի գումար չի վերցնում»,- ասում է Քնար Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ Հաթերք տեղափոխվելուց հետո, սկզբնական շրջանում, կով էին պահում։ 

«Կարմիր խաչը կով էր տվել, մեր Ծովիկ կովը։ Դրանով էինք յոլա գնում։ Հետո տնամերձ տարածքի հողը մշակեցինք։ Գյուղացուն հողն է պահում։ Անասուն էլ պետք է ունենաս, հավեր պահես, ամեն ինչ էլ պետք է անես։ Երբ աշխատանքից վերադառնում եմ, տուն չեմ բարձրանում, միանգամից բանջարանոց եմ գալիս։ Էսօր էլ մեր հարևանի կաթիլայինը միացրել եմ, եկել։ Բոլոր կարևոր բաները ցանել եմ․ կարտոֆիլ, լոբի, եգիպտացորեն, ոլոռ, կանաչի, գազար ու կաղամբ։ Բանջարանոցի այս մի հատվածում գազար էի ցանել, հետո մոռացել էի, լոբի էլ էի ցանել, երկուսն էլ եղել են»,- ասում է տիկին Քնարը՝ ձեռքով ցույց տալով մարգը։ 

Քանդած կարտոֆիլի տեղում սածիլներն է դնում։ Ասում է՝ կարտոֆիլը չէր ցանել, անցած տարի հողում մնացածներն են, իրենք իրենց աճել են։

«Այստեղ մենք դեռ եկող տարի էլ կկարողանանք մնալ։ Տան համար հավաստագրերին ենք սպասում։ Հույս ենք պահում, որ մենք մեր տունը կունենանք, մեր սեփական տունը Արցախում»,- ասում է Քնար Մովսիսյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter