HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետը տիրացել է համայնքային հողերին

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական համայնքապետը պաշտոն ստանալուց հետո զբաղված է համայնքային հողերին տիրանալով։ Գյուլագարակում իր ապօրինի կառուցած շինություններն օրինականացնելուց հետո, դրանց զբաղեցրած համայնքային հողերը քրոջ որդու անունով գրանցելուց բացի՝ համայնքապետը զբաղվել է մերձավորի անունով գրանցված հողի կատեգորիայի փոփոխմամբ և հաջողության հասել։ Փաստաթղթավորումից հետո ավելի ցածր գնով ձեռք բերված գույքերը բազմապատիկ թանկ փորձում են իրացնել։

Գյուլագարակից Դենդրոպարկ տանող ճանապարհի աջ մասում 4 առանձին շինություն կա։ Անհատական քոթեջներ են, որոնք օրավարձով տրվում են հանգստացողների։ Գյուլագարակում գրեթե բոլորը գիտեն, որ քոթեջները տարիներ առաջ կառուցել է համայնքապետ Խաչիկ Վարդանյանը, և դրանք փաստացի պատկանում են նրան։

Այսօր է միայն պարզվել, որ տնակները կառուցվել են համայնքային հողի վրա, ապօրինի և այն ժամանակ, երբ Գյուլագարակ համայնքը ղեկավարում էր նույն Խաչիկ Վարդանյանը։ Վարդանյանը, ի պաշտոնե պատասխանատու լինելով համայնքային գույքի նկատմամբ, չի կատարել իր պաշտոնական պարտականությունները։ Ավելին, զավթել է համայնքային հողամասը։ Դրա վրա, առանց քաղաքաշինական փաստաթղթերի, որոնք կրկին համայնքի ղեկավարն է տալիս, կառուցապատում է իրականացրել։

«ՀՎԿ-ից՝ ՀՀԿ, ՀՀԿ-ից՝ ՔՊ․ իշխանության վերադառնալու կարճ ճանապարհը»

Խաչիկ Վարդանյանը 20 տարի անտառտնտեսությունում աշխատելուց հետո՝ 2016 թ․-ին, անդամակցելով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը (նախկին ՕԵԿ), ընտրվել է Գյուլագարակ գյուղական համայնքի ղեկավար։ Համայնքապետի պաշտոնը երկար չի զբաղեցրել։ 2017 թ․-ին հարակից գյուղերը միավորվում են Գյուլագարակի հետ, և արտահերթ ընտրություններ անցկացվում։ Խաչիկ Վարդանյանը լքում է ՀՎԿ-ն և անդամակցում ՀՀԿ-ին՝ ընտրապայքարի մեջ մտնում Կուրթանի երկարամյա գյուղապետ, ՀՀԿ-ական Մհեր Գևորգյանի հետ։ Վարդանյանը պարտվում է։ 2021 թ․-ի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած՝ իշխանությունների ճնշումներից հետո, Մհեր Գևորգյանը հրաժարական տվեց։ Լոռու ՔՊ-ական մարզպետ Արամ Խաչատրյանի որոշմամբ Խաչիկ Վարդանյանը վերադարձավ Գյուլագարակ համայնքի ղեկավարի պաշտոնին՝ նշանակվելով համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Մեկ տարի պաշտոնավարելուց հետո Խաչիկ Վարդանյանը, արդեն որպես «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամ, գլխավորեց ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը։ ՔՊ-ի հաղթանակից հետո՝ 2022 թ․-ից, Վարդանյանը Գյուլագարակ համայնքի ղեկավարն է։

Ապօրինի կառուցապատում՝ համայնքային հողում

Արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ Դենդրոպարկ տանող ճանապարհի աջ մասում 2017 թ․-ի օգոստոս ամսին մասնակի կառուցված է 4 քոթեջ։ Այսինքն՝ շինարարությունը սկսվել է մինչ օգոստոս ամիսը։ Ամիսներ անց Գյուլագարակ խորոշացված համայնքի արտահերթ ընտրություներն էին։ Քոթեջները կառուցվել են ընտրություններից առաջ, իսկ ընտրություններում Խաչիկ Վարդանյանը պարտվեց։

Հաջորդ համայնքապետ Մհեր Գևորգյանը միայն 2 տարի անց է զբաղվել համայնքային հողում ապօրինի կառուցված շինություններով և բավարարվել է 400 հազար դրամ տուգանելով։ Վարչական ակտը Խաչիկ Վարդանյանի ազգականը վիճարկել է դատարանում և կարողացել է այն չեղարկու մասին որոշում ստանալ։

«Հետք»-ի նկարահանող խումբը 2019 թ․-ին եղել է քոթեջների տարածքում, նկարահանել վարձակալության հանձնված քոթեջները։ Այդ ժամանակ անտառտնտեսության աշխատակիցները մեզ փոխանցել էին, որ քոթեջները գտնվում են վարձակալված անտառային հողում։ Հետագայում պարզել ենք, որ հողերը համայնքային են։ Իսկ անտառային հողը ծառապատ տարածքն է, որին կանդրադառնանք ստորև։

2021 թ․-ի հուլիսին Խաչիկ Վարդանյանը նշանակվում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 3 ամիս անց Գյուլագարակի ավագանին որոշում է քոթեջների զբաղեցրած համայնքային հողամասի կատեգորիան փոխելու գործընթաց սկսել։ Քաղաքաշինության կոմիտում ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս արոտավայրը հասարակական կառուցապատման հող դարձնելու նախաձեռնությանը։ 2022 թ․-ի ապրիլին ավագանին փոխում է հողամասի կատեգորիան։ Այս ամենից երկու շաբաթ անց Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը իր որոշումներով (1, 2) օրինականացրել է ինքնակամ կառուցված քոթեջները և վաճառել իր քրոջ որդուն՝ Վահե Պապոյանին։ Քոթեջների զբաղեցրած հողամասից բացի՝ Վահե Պապոյանին է օտարվել արդեն հասարակական կառուցապատման մոտ 2000 քմ հողամասը։ Երկու հյուրատան օրինականացման և հողամասի սեփականաշնորհման համար Վահե Պապոյանը պարտավորվել է  համայնքին վճարել 1 միլիոն 376 հազար դրամ, մյուս երկուսի և հողամասի համար՝ 1միլիոն 391 հազար դրամ։

Այս ամենից բացի, հյուրատներին կից համայնքային 2000 քմ հողը 2022 թ․-ին նախ վարձակալությամբ, ապա, կարճ ժամանակ անց, 180 000 դրամով օտարվել է կրկին համայնքի ղեկավարի քրոջ որդուն՝ Վահե Պապոյանին։

Քոթեջներին կից 1873 քմ համայնքային հողամասն էլ նախ վարձով է տրվել համայնքապետի ազգականին փոխկապակցված անձին, ապա՝ 180 հազար դրամով վաճառվել։ Մեկ ամիս անց վաճառքի որոշումը չեղարկվել է, մնացել է վարձակալության իրավունքը։

Վահե Պապոյանի անունով է նաև անտառտնտեսության հետ կնքված վարձակալության պայմանագիրը, որով պետական սեփականություն անտառային հողի 5000 քմ տարածք է վարձակալվել։ Տարեկան ընդամենը 196 հազար դրամով վարձակալված տարածքը քոթեջներին զուգահեռ է՝ դեպի անտառի խորք 20 մետր լայնությամբ, 250 մետր երկարությամբ ուղղանկյունաձև անտառապատ հող է։ Հիշեցնենք, որ Խաչիկ Վարդանյանը մոտ 20 տարի Ստեփանավանի անտառտնտեսությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։

Այս ամենից բացի, Գյուլագարակ համայնքի բնակիչներց մեկից 2022 թ․-ին 7.5 միլիոն դրամով 1 հեկտար հող է ձեռք բերել համայնքապետի քրոջ որդու ընկերը։ Համայնքի ղեկավար դառնալուց հետո Խաչիկ Վարդանյանը ձեռնամուխ է լինում գյուղատնտեսական այդ հողամասը հասարակական կառուցապատման կատեգորիայի փոխելու գործին։ 

Գյուլագարակից դեպի Դենդրոպարկ տանող ճանապարհի ձախ մասում, համայնքի ղեկավարի քրոջ որդու ընկերոջ՝ Անդրանիկ Սարգսյանի անունով գրանցված հողամասի կատեգորիան 2022 թ․-ին փոփոխվել է։ Հողամասի կատեգորիայի փոփոխման համար հողի սեփականատերը համայնքի բյուջե պետք է վճարեր 2 միլիոն 478 հազար դրամ։

Կատեգորիան փոխելու որոշման հիմքում մի ծրագիր է դրվել, ըստ որի՝ պետք է քոթեջներով հանգստյան գոտի կառուցվի, աշխատատեղեր ստեղծվեն։ Բիզնես ծրագրի փաթեթն ուսումնասիրելուց պարզեցինք, որ մի քանի էջից բաղկացած ծրագրի տակ լուրջ ֆինանսական հաշվարկ չկար։ Իսկ կատեգորիայի փոփոխումից շատ չանցած՝ հողամասը 1 քմ-ն 35 ԱՄՆ դոլար արժեքով (1 հա-ն՝ 350 հազար դոլար) վաճառքի է հանվել։

Համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, տեղեկանալով այս հոդվածը գրելու մեր մտադրության մասին, չցանկացավ հրապարակման նպատակով պարզաբանում տալ։

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Ձևավորումը՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանություններ (4)

Նարինե
Հետաքրքիր է, Գյուլագարակից Ստեփանավան ճանապարհը' որը շատ լավ վիճակում էր եւ վերանորոգշան կարիք չուներ' նույնպես այս "բարեգործի" շնորհիվ է կրկին ասֆալտապատվում?? Անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտ է ձեւավորվում։
Նարինե Դոխոլյան
Խաչիկ Վարդանյանը այն եզակի անձանցից է, ով հոգ է տանում Գյուլագարակ համայնքի ու նրա բնակիչների համար, զարգացնելով տուրիզմը, ստեղծելով աշխատատեղեր։ Բացի այդ շատ գրագետ և համեստ մարդ է։
Նաիրա Համբարձումյան
Ես ճանաչում եմ այս մարդուն, էս ամենը հեյրուրանք է, մշտապես աչքի է ընկել համայնքի նկատմամբ սրտացավությամբ ու բարի գործերով։
Garnik Torosyan
I am supporter of Civil-Contract political organization, I am very interested to your report, I would like to put some of your questions to party higher-arci. Please keep me informed with follow ups of this case.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter