
Ռուբեն Հայրապետյանը ոչ թե նեմեց, այլ` ֆենոմեն
«Եթե նրանք տուն ունենային, եթե նրանք ունենային հայրեր ու
մայրեր, նրանք իրենց կյանքն այսպես չէին ավարտի,
նրանք չէին սպանի ահա այսպես, առանց որևէ պատճառի»:
Վիլյամ Սարոյան
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցածը առաջին նման միջադեպը չի, բայց կլինի՞ վերջինը կամ գոնե նվազելու միտում կա, թե ոչ՝ պարզ է դառնում դեպքի շուրջ ծավալվող արձագանքներից, արտահայտած դիրքորոշումներից և մեկնաբանություներից:
ՀԱՐՑ
Որտե՞ղ է խնդրի պատճառը, դեպքը դիտարկում ենք որպես արդյո՞ւնք, թե՞ առանձին միջադեպ. ինչու՞ չի քննարկվում առհասարակ ծեծը որպես մեր հասարակության մշակութային ֆենոմեն.
Նորություն չեմ ասի` նշելով, որ ընդամենը հիշել է պետք շաբաթներ առաջ տարածված երկու դպրոցական աղջիկների ծեծկռտուքը, իսկ եթե շատ հեռու էլ չգնանք, ընդամենը կարելի է հիշել դրվագներ բոլորիս մանկությունից, ծեծը՝ որպես երևույթ խոր արմատներ ունի մեր ընտանեկան մշակույթում: Ի դեպ` սա լրիվ տեղավորվում է ընտանիքի այն մոդելի մեջ, որի պահպանումը պրն նախագահը կարևորեց իր վերջին ելույթներից մեկում: Դպրոցական աղջիկների ծեծկռտուքը արդյունք է դպրոցում ուսուցիչների կողմից պարբերաբար կիրառվող ուժով, ինչի օրինակներն ու փաստերը տասնյակներ են, շատ դեպքերի ինքս եմ ականատես եղել, երբ օրինակ՝ մայրաքաղաքի դպրոցներում աշակերտին լռեցնում են գրչատուփ ու այլ ձեռքի տակ եղած իրեր գլխին նետելով և այլն: Գաղտնիք չէ, որ մեր մշակույթում ծնողների կողմից դաստիարակության ամենատարածված միջոց ծեծը ավելի ընդունված է, «արդյունավետ», փորձված ու «հայեցի», քան դաստիարակման լեզվական տարբերակը: Դպրոցականների ծեծկռտուքի կադրերի տրամաբանական շարունակությունը «Հարսնաքարի» միջադեպն էր, որին բնականորեն հաջորդելու է մեկ այլ միջադեպ, հետո էլի աղմուկ-նոր միջադեպ-աղմուկ-ծեծողներ-ծեծվողներ-աղմուկ ու էսպես շարունակ: ռուբենհայրապետյանները մեր մշակույթի ծնունդ են, եկե՛ք վերացնենք մի քանի հայրապետյան, բայց դրանից ծեծը չի զիջելու իր ուրույն տեղը մեր մշակույթի մեջ: Եթե մտածելու որևէ բան ունենք, ապա գոյություն ունեցող միակ խնդիրն այստեղ է:
Այսքանով կարող եմ եզրափակել միջադեպին անդրադարձս, որովհետև այն ինչ ասելու եմ սրանից հետո, ոչինչ չի ավելացնելու վերը նշածս պատճառին՝ այն հիմնականն ու գլխավորն է, բայց ,ամեն պարագայում, կփորձեմ վերլուծել այն աղմուկը, որ պտտվում է կոնկրետ միջադեպի շուրջ:
Ուրեմն.
Ուրեմն առաջին կարևոր հանգամանքը, ըստ իս, այն է, որ մեկնաբանությունների հիմնական աղմուկը ոչ թե երևույթի դեմ է, այլ կոնկրետ անձերի՝ Ռուբեն Հայրապետյան, կոնկրետ կուսակցության՝ ՀՀԿ, առաջ են քաշվում տուժածների մասնագիտական որակներն ու զբաղեցրած պաշտոնները. ես համոզված եմ, որ եթե նույն երևույթը տեղի ունենար որևէ X կառույցում, մեղավոր լինեին X անձնավորության անվտանգությունն աշխատակիցներ, ապա մարդիկ ընդամենը մի քանի անգամ հոգոց հանելուց հետո թեման կփակեին ու ամեն ինչ կշարունակվեր առաջվա պես. մարդիկ կսպանեին իրար, իրավախախտները փողոցներում կլինեին, իսկ մենք ֆեյսբուքում ստատուսներ կգրեինք :
Այսօր անձերի խնդրի շուրջ են կենտրոնացած թե՛ օրինակ՝ ֆեյսբուքյան քննարկումները, թե՛ ընդդիմադիր մամուլը, թե՛ օրինակ ոստիկանապետի հայտարարությունը, ինչը խոսում է այն մասին, որ երկու կողմերն էլ երևույթը հավասարաչափ դիտարկում են ոչ թե կոնկրետ հիվանդ հասարակության խնդիր, այլ կապում են տվյալ հանրույթում կոնկրետ անձերի գոյության հետ: Նման մոտեցումը միջադեպը դարձնում է մասնավոր խնդիր ու չի դիտարկում այն, որպես առհասարակ անթույլատրելի ու մի մարդու, մի քաղաքացու դեմ ուղղված քայլ: Խնդիրը կրկին տեղափոխվում է օլիգարխիա- բանակ-ՀՀԿ-ընդդիմություն դաշտ: Սա, իհարկե, կարող է լինել խնդրի մաս, բայց ոչ ավելին կամ առավել ևս ամբողջը:
Հետո.
Հետո օրինակ՝ Արթուր Սաքունցն ու մի խումբ մարդիկ պահանաջում են ընդհուպ մինչև բոյկոտել Հայրապետյանի բոլոր բիզնեսները, մի խումբ ակտիվիստներ արդեն երթ են նախաձեռնում, բայց պայքարի նման տարբերակների առաջարկումն ու կիրառումը, ի՞նչ կապ ունեն հարցի իրավական դաշտ տեղափոխման հետ:
Եթե ուզում ենք հասնել որևէ փոփոխության, անմիջապես ու բացառապես պետք է քննարկել հարցի իրավական դաշտում հնարավոր լուծման տարբերակները կամ դրանց շրջանցումները, բայց նույն ֆեյսբուքում արդեն խմբեր կան, որտեղ պահանջվում են պատժել ՆԵՄԵՑ Ռուբոյին: Պահանջի ձևակերպումն արդեն իսկ խոսում է այն մասին, որ պայքարը ոչ թե ֆիզիկական կամ իրավաբանական անձի դեմ է, ով կարող է իրավական դաշտում պատասխանատվության ենթարկվել, այլ ինչ-որ կրիմինալ հեղինակությունների, որոնք ի դեպ իրավական դաշտում հարցեր չեն լուծում: Այնքան ժամանակ, որքան մենք կպայքարենք ՆԵՄԵՑռուբոների դեմ, նրանք կշարունակեն գոյություն ունենալ: Մեր խնդիրը պիտի լինի Ռուբեն Հայրապետյան քաղաքացու հետ՝ այն էլ նրա մեղավորությունը փաստացի ապացուցվելուց հետո միայն:
Մյուս կողմից.
Մյուս կողմից պակաս կարևոր չի ֆիքսել Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի «Ա1+»-ի հետ զրույցի մի քանի կետեր, որոնց լեզուն ավելի շատ բան է պատմում, քան բուն պատասխանները.
1. Նազարյանը խոսքում նշում է, որ «Հարսնաքարի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը, հայտարարել է, որ «որեւէ մեկի համար ինքը չի փորձելու ոչ միջամտել, ոչ ասել»: Բացի այդ «ազատվելու են աշխատանքից մնացած բոլորը».
Նման հայտարարությամբ ոստիկանապետը ընդամենը բացահայտ փաստում է, որ նման գործերի ժամանակ ռուբենհայրապետյանները իրավունքներ ունեն որևէ մեկի պաշտպանելու, միջամտելու ու ասելու... բայց այս անգամ մարդիկ կարող են հանգիստ լինել, քանի որ Հայրապետյանը որոշել է որևէ մեկին չպաշտպանելու բարի կամք դրսևորել:
2.Մյուս աբսուրդն այն է, որ Հայրապետյանը իր քաղաքացիական կեցվածքը էլ ավելի համոզիչ դարձնելու համար հավելյալ պատիժ է խոստանում մնացած աշխատողներին՝ սպառնալով մնացած բոլորին հեռացնել աշխատանքից: Սա կարող է դիտվել սեփկանատիրոջ կողմից՝ գործատու, աշխատողների իրավունքների խախտում ու կամայականություն ՝ մինիմում, նորմա մեր իրականության մեջ՝ մաքսիմում:
3. Հաջորդ կարևոր կետն է, որ հնչող հարցին, թե եթե տվյալ հաստատության մատուցողները կարող են հաճախորդներին մահվան դուռը հասցնել, ապա մենք լուրջ խնդիրներ ունենք սպասարկող-սպառող ինստիտուտում, ոստիկանապետը պատասխանում է, որ «նման միջադեպ կարող է տեղի ունենալ ամեն տեղ»: Այսինքն պետական մակարդակով հայտարարություն է հնչեցվում, որ սա համարյա անխուսափելի ու բնականոն միջադեպ էր: Իհարկե, դա այդպես է, եթե հասարակության մեջ օրենքին փոխարինում է ավանդույթը:
Շարունակելով թեման ոստիկանապետը անկեղծանում է, որ մատուցողները, անվտանգության աշխատակիցները «հո՞ չեն իմացել, որ ՊՆ աշխատակիցներ են» և ամեն ինչ «քաղաքացիների մեջ վեճի պես է եղել»: Այսինքն եթե ՊՆ աշխատակից կամ պետական պաշտոնյա չես, ավելին՝ քաղաքացի ես, ապա նման միջադեպերը նորմա են:
Զարմանալու ոչինչ չկա, զարմանալու միակ բանը ոստիկանապետի չափազանց անկեղծությունն է:
Այս ամենը գիտենք բոլորս ու ասածներումս որևէ նոր բան չկա, բայց երբ սա ոչ թե երկու ընկերների մտերիմ զրույց է, այլ՝ ոստիկանապետի պաշտոնական հայտարարություն, ընդամենը նշանակում է, որ այն ինչ տեղի է ունեցել լավ էլ օրինաչափ է, բնականոն ու աղմկելու, իսկ առավել ևս զարմանալու որևէ պատճառ չունենք: Իսկ մյուս կողմից, եթե հասարակական արձագանքը շարունակվի կենտրոնանալ անձերի շուրջ, շարունակեն պայքարել ոչ թե քաղաքացիների, այլ մարդկանց կրիմինալ մականունների, կուսակցությունների դեմ, եթե բացի հարցի իրավական կողմից շարունակենք պաթետիկ հռետորական հարցադրումներ, ապա այս հարցում ևս և մեղավոր, և մեղադրող կողմերի լեզուների ու մշակույթների միջև կդրվի հավասարի նշան ու այսպես էլ փոքր քաղաքում մեզ ոչ մեկ չի պատմի ճշմարտությունը, հատկապես երբ այն երեկվանն էր…
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել