
Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցումը կվիճարկվի Եվրոպական դատարանում
Էական կարգապահական խախտման հիմքով այսօր Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշեց դադարեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները: Դավիթ Հարությունյանի փաստաբաններից Զորայր Հարությունյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ պատրաստվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնել՝ վիճարկելով որոշումն ու բարձրաձայնելով ոչ միայն ընթացակարգային, այլև բովանդակային խախտումների մասին:
Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել լրատվամիջոցների հետ ունեցած հարցազրույցի պատճառով:
2023թ. ապրիլի 7-ին, դատավորների ընդհանուր ժողովի օրը, Դ. Հարությունյանը լրագրողներին ասել էր, որ ԲԴԽ-ում միշտ փոխհամաձայնեցում կա, ինչը նշանակում է, որ այն ուղղորդվում է ինչ-որ մեկի կողմից։ Հարությունյանը քննադատել էր նաև դատավորների լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ որոշումները։
Դրանից հետո Արդարադատության նախարարությունը դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել էր ԲԴԽ:
Նշենք, թեև դատավորին կարգապահական պատասխանատվության էին ենթարկում հրապարակային հարցազրույցի համար, սակայն արդարադատության նախարարության ներկայացուցիչները միջնորդել էին ԲԴԽ-ում նիստն անցկացնել դռնփակ, ինչն էլ բավարարվել էր:
Նույնիսկ այսօր, ԲԴԽ որոշման եզրափակիչ մասը հրապարակվել է առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների: Կարգադրիչները պատճառաբանել են, թե դահլիճում ազատ տեղ չկա ու լրագրողներին ուղղորդել են մի սենյակ, որտեղ դրված է եղել մոնիտոր՝ որոշման եզրափակիչ մասը լսելու համար:
«Խնդրելու ենք առաջնահերթություն տալ գանգատին ու արդեն այդ պրոցեսով շարժվենք առաջ:
Նկատի ունենալով առկա վիճակը՝ կարծում եմ կտան առաջնահերթություն ու բավականին արագ կունենանք արդյունք»,-ասում է Զ. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Զորայր Հարությունյանը հունիսի 21-ին դիմել էր ՄԻԵԴ՝ Բարձրագույն դատական խորհրդում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքում թույլ տրվող խախտումների վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով:
Եվրոպական դատարանն արագ ընթացք էր տվել և գրագրություն սկսել: Զորայր Հարությունյանը նշել էր, որ ԲԴԽ-ին տեղյակ են պահել ՄԻԵԴ-ում ընթացող գործընթացների մասին, հետևաբար փաստաբանը չէր բացառում, որ Դավիթ Հարությունյանի գործով արագ որոշում կայացնելը դրանով է պայմանավորված:
Մեկնաբանել