
ԲԴԽ-ն մեկ օրում 4 դատավորի լիազորություն է դադարեցրել
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանից բացի, ևս 3 դատավորի լիազորություններ է դադարեցրել: էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները:
Այս դեպքում ևս դատավորների կարգապահական պատասխանատվության հիմքը եղել է Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը:
Նախարարությունը միջնորդել էր կարգապահական պատասխանատվության ենթարկել նաև Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, սակայն նրա մասով գործը կարճվել է: Ս. Թադևոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, և հունիսի 14-ին ԲԴԽ-ն որոշել էր դատավոր Ս. Թադևոսյանի լիազորությունները համարել դադարած:
Վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դատավորները կայացրել են դատական ակտ՝ խախտելով արդար դատաքննության իրավունքը: ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում է արձանագրել:
Այս գործով ԲԴԽ անդամ-դատավոր Արշակ Վարդանյանը հատուկ կարծիք է գրել՝ կողմ չլինելով մեծամասնության կողմից կայացրած որոշման հետ:
Նշենք, որ Աստղիկ Խառատյանը 24 տարի՝ 1999թ-ից, աշխատում էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Արշակ Պետրոսյանը դատավորի կարիերան սկսել է 1996թ-ից, իսկ Արտակ Բարսեղյանը՝ 1999թ-ից:
Մեկնաբանել