HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սումգայիթում կայացել է Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի շինծու գործով դատական նիստը

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում այսօր մեկնարկել է հայ գերիներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի շինծու գործով դատական գործընթացը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքուն նրանց մեղադրում է, իբր, «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման և ադրբեջանցի զինվորականների վրա հարձակման մեջ»։

Բաքուն այս շինծու գործի շրջանակներում նշում է, որ «գործով տուժած են ճանաչվել 4 ադրբեջանցի»։ Ադրբեջանական քարոզչամեքենան պնդում է, թե, իբր, Ղազարյանն ու Հովագիմյանը «Ադրբեջանի սահմանապահ ծառայության Զանգիլանի սահմանապահ ջոկատի ներկայացուցիչների նկատմամբ ուժ են կիրառել, ապօրինաբար հատել Ադրբեջանի պետական սահմանը, <...> ինչպես նաև Զանգիլանի շրջանի Ռազդարա գյուղի տարածքում հարձակվել ադրբեջանական զորամասի վրա»։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե «հայ գերիների համար ապահովվել է թարգմանչի ներկայությունն ու փաստաբանական օգնությունը»։ Ադրբեջանական կողմի նշում է, թե հայ երկու գերիները ծառայություն էին անցնում Գորիսում։ 

Այս շինծու գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 5-ին։

Մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ  մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել էր զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել էր, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: 

«Միաժամանակ պահանջ է ներկայացվել տրամադրելու տեղեկատվություն վերջիններիս պահման վայրի, պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը առևանգվել էին Սյունիքի Շիկահող գյուղի միջդիրքային հատվածից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter