HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ըստ ԿԿՀ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն կեղծ տվյալներ է ներկայացրել Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների մասին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկել է գլխավոր դատախազություն՝ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ԿԿՀ նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի՝ հունիսի 22-ի որոշումից, որը հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում։


Պատգամավոր լինելն ու վճարովի վիրահատություններն անհամատեղելի են

Պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հարուցվել է 2023թ․ մարտի 13-ին։ Հանձնաժողովի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2021թ․ օգոստոսի 2-ին պատգամավորի պաշտոնը ստանձնելուց հետո Չարչյանը շարունակել է վիրահատություններ կատարել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում և ստանալ վարձատրություն։ Հիշեցնենք, Արմեն Չարչյանը 2014-2021թթ․ եղել է «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրենը։

Հանձնաժողովը հարցում է կատարել Պետական եկամուտների կոմիտե, որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ Արմեն Չարչյանը 2022թ․ մայիս-նոյեմբեր ամիսներին «Իզմիրլյան» ԲԿ-ից քաղաքացիաիրավական պայմանագրով ստացել է աշխատանքային վարձատրություն։

ԿԿՀ-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների մասին նյութեր, որոնցից մեկը հրապարակվել է 2023թ․ մարտի 2-ին՝ «Վիրահատությունը կատարել է պրոֆեսոր Արմեն Չարչյանը» վերնագրով, իսկ մյուս երկուսը՝ 2022թ․ հունիսի 8-ին և հոկտեմբերի 10-ին՝ նույնաբովանդակ վերնագրերով։


Բժշկական կենտրոնը հերքել է՝ Չարչյանը չի վարձատրվել

Այս ամենի վերաբերյալ ԿԿՀ-ն գրություն է ուղարկել «Իզմիրլյան» ԲԿ՝ առաջարկելով ներկայացնել 2021թ․ օգոստոսի 2-ից մինչև 2023թ․ հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների քանակի, ժամանակացույցի և բնույթի մասին տվյալներ։ 

Բժշկական կենտրոնից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրել են, որ «Իզմիրլյան» ԲԿ-ն Բժշկական համալսարանի կլինիկական բազան է, իսկ Արմեն Չարչյանն այնտեղ իրականացրել է համալսարանի 5-րդ կուրսի ուսանողների և 1-3-րդ տարվա կլինիկական օրդինատորների թեորետիկ և կիրառական ուսուցում, որոնց շրջանակում նա մասնակցում է որոշ վիրահատությունների՝ որպես Համալսարանի վնասվածքաբանության օրթոպեդիայի ամբիոնի վարիչ և ցույց տալիս, թե ինչպես պետք է կատարել վիրահատության այս կամ այն փուլը։ Ըստ «Իզմիրլյան» ԲԿ-ի գրության՝ Արմեն Չարչյանը որևէ բուժական գործունեություն չի ծավալել, չի կատարել ամբողջական վիրահատություն և աշխատավարձ չի ստացել։ 

Ըստ բժշկական կենտրոնի՝ պացիենտների հիվանդությունների պատմագրերում Արմեն Չարչյանի մասնակցությունը ֆիքսված է հետևյալ կերպ՝ «Հիվանդը վիրահատվել է պրոֆեսոր Ա․Գ․ Չարչյանի գիտական մանկավարժական ղեկավարությամբ»։

Համացանցում հրապարակված տեսանյութերի վերաբերյալ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը հայտնել է, թե դրանք եղել են գործընկեր կազմակերպության վրիպակները, և լիարժեք չտիրապետելով իրավիճակին՝ սխալ տեղեկություն են հրապարակել։ Նախկինում «Վիրահատությունը կատարել է պրոֆ․ Ա․Գ․ Չարչյանը» վերնագիրը փոխարինվել է «Վիրահատությունը կատարվել է պրոֆեսիոնալ մասնագիտական խմբի կողմից՝ պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ՓԲԸ-ի գիտական համակարգող Արմեն Չարչյանի գիտաուսումնական ղեկավարությամբ» վերնագրով։


Հանձնաժողովը նշում է, որ շտրիխով ջնջել են վիրահատող բժշկի անուն-ազգանունը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով հիվանդությունների պատմագրերը, պարզել է, որ դրանցից 4-ում ուղղիչ գրիչով՝ շտրիխով, փակվել է վիրահատող բժշկի անուն-ազգանունը և ավելացվել է այլ անուն-ազգանուն, ինչից Հանձնաժողովը եզրակացրել է, թե վիրահատող բժշկի անուն-ազգանունը փոփոխված տարբերակով է ներկայացվել։

Այս ամենը հաշվի առնելով՝ Հանձնաժողովի մոտ ձևավորվել է ողջամիտ կասկած այն մասին, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի ներկայացրած փոփոխված տվյալները նպատակ ունեն չեզոքացնել անհամատեղելիության պահանջների հնարավոր խախտումները։ 

Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ կատարված արարքը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, և ըստ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի՝ երբ հանձնաժողովը այդպիսի եզրակացության է հանգում, վարչական վարույթը կասեցնում է, իսկ վարույթի նյութերն ուղարկում է գլխավոր դատախազություն՝ դրանց իրավական գնահատական տալու նպատակով, ինչը և այս դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ արել է։

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter