HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Լեոնիդ Ազգալդյան. «Երբեք ոչ մեկի ճախրանքը մի ընդհատեք»

Վաղը՝ հունիսի 21-ին, լրանում է Լեոնիդ Ազգալդյանի մահվան 20 տարին:

Նրա գլխավորած Ազատագրական բանակի ջոկատի ազատամարտիկ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հիշում է, որ նախքան Ազատագրական բանակի հիմնադրումը Լ. Ազգալդյանն Աշոտ Նավասարդյանի հետ նախաձեռնել էր Անկախության բանակի ստեղծումը: Սակայն երբ վերջինս որոշեց հիմնադրել Հանրապետական կուսակցությունը, Լ. Ազգալդյանը, ով երդվյալ անկուսակցական էր, առանձնացավ և ձեռնամուխ եղավ Ազատագրական բանակի ստեղծմանը:

Լ. Ազգալդյանն առաջիններից էր, ով 80-ականների ցույցերի ժամանակ արդեն հասկացել էր, որ այդ ամենը վերածվելու է զինված պայքարի: Իր ընկերների հետ նա սկսեց զենք պատրաստել:

Գ. Գինոսյանի խոսքերով` նրա հրամանատարության 4 տարիների ընթացքում զինվել է ընդամենը 6 զինվոր, իսկ նրա գլխավորած ջոկատը ազատագրել է 27 բնակավայր: Գ. Գինոսյանը հիշում է իր հրամանատարի խոսքերը` այս երկրում` մերօրյա Հայաստանում, ավելի թանկ արժեք ունեցող երևույթ չկա, քան կամավոր զինվորագրված հայ տղան:

Ազատագրական ջոկատի թիկունքի պատասխանատու Նորիկ Գալստյանի վկայությամբ` իրենց ջոկատին ակտիվորեն աջակցել է ԵՊՀ-ն` օգնելով սննդամթերքի ու զինամթերքի հարցում: Ն. Գալստյանը Լ. Ազգալդյանին հիշում է որպես խելացի, տաղանդավոր և ընդունակ անձնավորություն, ով առաջատար էր թե գիտությունների, թե սպորտի բնագավառում:

Գ. Գինոսյանի խոսքերով` Լ. Ազգալդյանը նժդեհյան գաղափարախոսության կրողն էր: Նժդեհն ասում էր` հայ զինվորը սովոր չէ, որ իր հրամանատարը հրամայում է խրամատից, նա սովոր է հրամանատարին տեսնել իր կողքին: Այդպիսին էր և Լեոնիդը, ով միշտ իր ջոկատի կողքին էր և ոգեշնչում էր տղաներին: Միաժամանակ նա ջոկատում խիստ կարգուկանոն էր պահում` չծխել, չխմել, զենքը միշտ ձեռքին պահել: Գ. Գինոսյանի համոզմամբ` հենց Լ. Ազգալդյանն է «Նժդեհի հոգեզավակը», իսկ ինքը նրան որակել է որպես «բազամաբևեռ մագնիս», չնայած մագնիսն ունենում է երկու բևեռ: Նա ոչ միայն զինվոր է կերտել, այլև ՀՀ քաղաքացի, նրա ջոկատում լինելը մի մեծ դպրոց էր, որտեղ թրծվել են նաև բանակի ապագա սպաները:

Լաչինի ազատագրումից հետո Լ. Ազգալդյանն ասել է, որ այս հաղթանակները կհավասարվեն զրոյի, եթե այս ամենի հետևում կանգնած չլինի կանոնավոր բանակը: Այժմ բանակի կազմավորման հետ կապվում են տարբեր անձանց անուններ, սակայն Գ. Գինոսյանի խոսքերով` Լ. Ազգալդյանն առաջիններից է եղել, ով նման գաղափար է արտահայտել:

Լ. Ազգալդյանն իր անկուսակցական լինելու սկզբունքին հավատարիմ է մնացել մինչև կյանքի վերջ: Արտասահամանցի լրագրողի այն հարցին, թե նա ինչ գույնի է, այսինքն` ինչ կուսակցության է հարում, Լեոնիդ Ազգալդյանը ծնկաչոք վերցրել է մի բուռ հող և ասել, որ դա է իր գույնը. հայ զինվորը չպետք է երանգավորում ունենա:

Գ. Գինոսյանը հիշում է իր հրամանատարի մարգարեությունը` եթե ուզում եք, որ Արցախը վերամիավորվի Հայաստանին, ապա պետք է ազատագրել Քելբաջարը: Քելբաջարի ազատագրումը տեղի է ունենում արդեն Լ. Ազգալդյանի մահից հետո, դա իրականացնում է Մոնթե Մելքոնյանը, սակայն ազատագրությանը մասնակցել են նաև Լ. Ազգալդյանի ջոկատի տղաները:

Երկու բանախոսներն էլ հիշեցին Լ. Ազգալդյանի խոսքերը` ազատագրված տարածքները սակարկման ենթակա չեն: Նա համոզված էր, որ ով կորցնի Արցախը, նա էլ կկործանվի. եթե Արցախը կորցնի Հայաստանը, Հայաստանը կկործանվի, եթե Ադրբեջանը` ապա Ադրեբջանը: Իսկ Արցախը նրանն է, ում պատկանում է Շուշին: Գ. Գինոսյանի համոզմամբ` հենց սրանով է բացատրվում «Ադրբեջանի հիստերիան»:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ինչու մինչ այժմ Լ. Ազգալդյանը հերոսի կոչում չունի, բանախոսները պատասխանեցին, որ հերոսի կոչումը տալիս է ժողովուրդը: Բացի Ազգալդյանից՝ կան մի շարք մարդիկ ևս, ովքեր արժանի են, բայց չունեն այդ կոչումը: Այնինչ, Ն. Գալստյանի խոսքերով, նրանք բոլորը ժողովրդական հերոսներ են: Միաժամանակ նա հավելեց, որ պարտված Ադրբեջանը զինադադարից հետո ավելի շատ մարդկանց կոչումներ և շքանշաններ տվեց, քան Հայաստանը:

Այնուհետև Գ. Գինոսյանը հիշեց Լ. Ազգալդյանի հետ կապված մեկ այլ դեպք, երբ մի խմբով մեքենայով գնալիս տղաներից մեկը օդում արծիվ է տեսել և ցանկացել է կրակել: Լեոնիդը զենքը իջեցրել է և ասել` երբեք ոչ մեկի ճախրանքը մի ընդհատեք, առավել ևս, որ այդ թռչունը նաև Հայաստանի զինանշանի վրա է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter