HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանն ադրբեջանական կողմին կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունն իր մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի վերաբերյալ։ Նման հայտարարությամբ այսօր՝ հուլիսի 6-ին հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք խիստ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի ու Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման առնչությամբ։ Ըստ առկա տեղեկությունների՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վատթարանում է։ Ցավով պետք է արձանագրել, որ մատակարարման դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է առանց սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի պաշարների մնալ»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։ 

Ըստ Զախարովայի՝ այդ ամենը հակասում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ բոլոր պայմանավորվածություններին։ «Մենք Բաքվին և Երևանին կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների քաղաքացիական նպատակներով անարգել երթևեկությունը»,- հայտարարել է նա։

Շարունակելով մեկնաբանել Լաչինի միջանցքի փակ լինելու թեման՝ Զախարովան նշել է, որ Լաչինի միջանցքով երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ համաձայնությունից հետո։ «Լաչինի միջանցքով երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ ձևաչափով պայմանավորվածության արդյունքում, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,- ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը կապ է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու նպատակով։ Նրա պնդմամբ՝ այդ շփումները շարունակվում են թե՛ քաղաքական մակարդակով, թե՛ խաղաղապահ ուժերի միջոցով։

Լուսանկարը՝ Sputnik / Евгений Одиноков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter