HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին Բուլղարիայից մեկնում է Չեխիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է իր այցը Չեխիա։ «Հաջորդը Պրահան է»,- տելեգրամյան իր ալիքում գրել է նա։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ իր այցի ընթացքում նա առարկայական բանակցություններ կվարի Չեխիայի նախագահ Պետր Պավելի, վարչապետ Պետր Ֆիալայի, Սենատի և Պատգամավորների պալատի նախագահներ Միլոշ Վիստրչիլի և Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ։ Բացի այդ, նա կհանդիպի կառավարության, խորհրդարանի անդամների ու ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ 

Զելենսկին նաև նշել է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Ուկրաինային «պաշտպանական աջակցության հարցը, եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը, ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովը, Զապորոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակը, ինչպես նաև՝ «Խաղաղության բանաձևի» իրագործումը»։

Ինչպես հայտնում է Չեխական հեռուստաընկերությունը՝ հղում անելով հանրապետության իշխանություններին, Զելենսկին Չեխիայի նախագահի նստավայր կժամանի տեղի ժամանակով մոտ 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00-ին)։ 

Ուկրաինայի նախագահի այցը Չեխիա ուղեկցվում է անվտանգության խստացված միջոցառումներով։ Օդանավակայանի պատվավոր հյուրերի և միջազգային պատվիրակությունների տերմինալը, որտեղ կժամանի Զելենսկին, հսկում են դիպուկահարներն ու ոստիկանները։ Երևանի ժամանակով 17:00-ից փակ է Պրահայի ամրոցը։

Չեխիան Եվրամիության այն երկրներից է, որոնք ամենամեծ օգնությունն են ցուցաբերում Ուկրաինային։ Չեխիան կդառնա 15-րդ երկիրը, որ Զելենսկին այցելել է 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։ Ուկրաինայի նախագահը Չեխիա է ժամանում Բուլղարիայից, իսկ վաղը կմեկնի Թուրքիա։ 

Ի դեպ, Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան արտասահմանցի առաջին պետական գործիչներից էր, որ այցելեց Կիև։ Նրա այցը տեղի էր ունեցել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից երեք շաբաթ անց։ Իսկ այս տարվա ապրիլին Ուկրաինա այցելեց Չեխիայի նախագահ Պավելը։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter