
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սլովակիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ հուլիսի 7-ին, ժամանել է Սլովակիա։ Այդ մասին հայտնում է TASR գործակալությունը՝ հղում անելով Սլովակիայի նախագահի մամուլի քարտուղար Մարտին Ստրիժինեցին։
«Ուրբաթ Սլովակիա է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին»,- ասել է Ստրիժինեցը։
Վլադիմիր Զելենսկին ևս հաստատել է Բրատիսլավա այցը։ «Հաջորդը՝ Սլովակիա։ Կարևոր հանդիպումներ Բրատիսլավայում նախագահ Զուզանա Չապուտովայի, վարչապետ Լյուդովիտ Օդորի, Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարի հետ»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ հանդիպումների ընթացքում կքննարկվեն պաշտպանական աջակցության և Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրման հարցերը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը և «խաղաղության բանաձևի» իրագործումը, երկկողմ համագործակցության և էներգետիկ անվտանգության հարցերը։
Slovak President Čaputová welcomed her Ukrainian counterpart Zelensky in Bratislava, who arrived for a visit to Slovakia. Previously, he was in the Czech Republic. pic.twitter.com/iK4sYsmlKI
— Martïn Sůkal 🦁 🇪🇺🇨🇿🇺🇦 (@MartinSukal) July 7, 2023
Ուկրաինայի նախագահին Բրատիսլավայում արդեն իսկ ընդունել է Սլովակիայի նախագահը։ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, սա Վլադիմիր Զելենսկիի առաջին այցն է հարևան այդ երկիր։
Վլադիմիր Զելենսկին Սլովակիա է այցելել Չեխիայից, որտեղ ժամանել էր երեկ երեկոյան։ Նախատեսվում է, որ Ուկրաինայի նախագահն այսօր կայցելի նաև Թուրքիա։ Ստամբուլում նախատեսվում է նրա բանակցությունները Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Լուսանկարը՝ Սլովակիայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել