HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմի 500-րդ օրը Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Զմեինի կղզուց

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման 500-րդ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Սև ծովում գտնվող Զմեինի կղզուց, որը դարձել է ուկրաինական պայքարի խորհրդանիշներից մեկը։ Դեռ պատերազմի առաջին օրերին ռուսական զինված ուժերը կարողացել էին գրավել այս կղզին և գերեվարել այնտեղ գտնվող ուկրաինացի ուժայիններին։ Ռուսական ռազմանավին ուկրաինացի զինվորականի պատասխանը դարձել էր համացանցում ամենաքննարկված թեմաներից մեկը։

«Լայնամասշտաբ պատերազմի 500 օր։ Զմեինի։ Ազատ Ուկրաինայի ազատ կղզի։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր այստեղ կռվել են բռնազավթիչների դեմ։ Հարգել ենք հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել այս մարտում, որը լայնամասշտաբ պատերազմի ամենակարևորներից մեկն է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Տեսանյութում երևում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղեկցում են նաև Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը և նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Թե կոնկրետ երբ է տեղի ունեցել կղզի այցը, հայտնի չէ։ Սակայն Զելենսկին հուլիսի 2-ին այցելել էր Օդեսայի մարզ, որի կազմում էլ գտնվում է կղզին։

Վլադիմիր Զելենսկին այս կղզուց տեսանյութ է հրապարակել դրա ազատագրումից ուղիղ մեկ տարի անց։ 2022 թվականի հուլիսի 7-ին «Зґард» կամավորական ստորաբաժանման ներկայացուցիչները հայտարարել էին, որ կղզու վրա դարձյալ ծածանվել է Ուկրաինայի դրոշը։

«Զմեինին միշտ ուկրաինական է եղել և կլինի։ Եվ որևէ ժամանակավոր բռնազավթում դա չի փոխի։ Մեր գումարտակն առաջինն էր, որ ազատագրվելուց հետո այցելել է Զմեինի կղզի։ Դա ռիսկային էր, բայց հիմա կղզում ծածանվում է մեր դրոշը»,- հայտարարել էին ստորաբաժանման ներկայացուցիչները։

Լուսանկարը՝ կադր Վլադիմիր Զելենսկիի հրապարակած տեսանյութից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter