HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ստեփանակերտում ինձ սովորական մարդկային շփումը շատ է պակասում». արցախցի լուսանկարիչ

«Ստուդիայում դու անում ես՝ ինչ ուզում ես։ Դու ես ստեղծում, դու ես որոշում։ Փաստավավերագրական լուսանկարչության մեջ այդպես չէ․ պահն է, որը պետք է բաց չթողնես։ Ես նախընտրում եմ ստուդիան»,- ասում է Դավիթ Արզումանյանը։ 

Դավիթը 13 տարեկանից հաճախում է Ստեփանակերտի «Թումո» կենտրոն։ Արդեն մի տարի սովորում է գրաֆիկ դիզայնի, եռաչափ մոդելավորման, երաժշտության ու լուսանկարչության խմբերում։   

«Նկարել սկսել եմ մինչև «Թումո» հաճախելը։ Սկզբում՝ հեռախոսով, հետո՝ սովորական լուսանկարող սարքով։ Էդ լուսանկարող սարքը չգիտեմ ինչպես էր հայտնվել տանը։ Ծանոթներիցս մեկը ցույց տվեց՝ ինչպես կարող եմ օգտագործել, մի քիչ բացատրեց պարամետրերը։ Սկսեցի նկարել, հիմնականում՝ արշավներ»,- պատմում է Դավիթը։ 

Նա Sunrise Stepanakert 2023 արվեստի փառատոնի լուսանկարիչն է։ Ասում է՝ ամենաշատը վարպետաց դասերն է սիրում նկարել։ Վարպետաց դասերն իրականացվում են Sunrise-ի միջոցառումների շրջանակում։

«Մեկ էլ կինոդիտումներն եմ սիրում նկարել, բայց մարդկանց շատ եմ խանգարում։ Աշխատում եմ քիչ նկարել ու շատ չշարժվել։ Մարդիկ կան՝ հենց հասկանում են նկարում ես, ամբողջությամբ փոխվում են՝ էմոցիաները, շարժումները, երբեմն խուսափում են, նույնիսկ՝ վախենում: Ամենալավ նկարներն այն ժամանակ են ստացվում, երբ մարդիկ կարողանում են անկեղծ մնալ լուսանկարող սարքի օբյեկտիվի դիմաց»,- ասում է Դավիթը։ 

Արցախը նրա համար եկեղեցիների ճարտարապետությունն է ու սարերը։ 

«Կարծում եմ` Արցախի մասին ամենաշատը խոսում են եկեղեցիներն ու լեռները: Եթե ինձ ասեին՝ ցույց տուր Արցախը մի նկարով, ես երևի եկեղեցու նկարներ կանեի լեռների ֆոնին: Ստեփանակերտ դուրս գալ ու նկարել այդքան էլ չեմ սիրում։ Միայն մի քանի տեղ կա, որ հետաքրքիր է. եկեղեցին, Բեկորի այգին և ուղղաթիռների կայանատեղին, որտեղից երևում է ամբողջ քաղաքը»,- նշում է Դավիթը։ 

Ասում է՝ Ստեփանակերտում մարդիկ միայն շրջափակման մասին են խոսում, անընդհատ զբաղված են խանութներում ինչ-որ ապրանք գտնելու հարցով, տպավորություն է, որ ուրիշ բանի մասին մտածել չեն կարողանում։ 

«Մարդիկ ինձ սկսել են պակասել։ Նույնիսկ նրանց խոսելաձևն է փոխվել։ Ինչ կգտնենք այսօր խանութում՝ միայն դա է մնացել իրենց մտքում։ Իսկ ինձ սովորական մարդկային շփումը շատ է պակասում: Չեմ կարող անընդհատ մտածել ուզածս բանը խանութներում փնտրելու մասին: Եթե մտածս առաջին խանութում չկա, ուրիշ տեղ դրա համար չեմ գնում ու չեմ փնտրում»,- ասում է նա:

-Մտածե՞լ ես, որ հնարավոր է լույս էլ չունենանք, ու հնարավոր է՝ չկարողանաս նկարել,- հարցնում եմ նրան։ 

-Չորս հատ մարտկոց ունեմ, մի ամիս կձգեմ,- պատասխանում է Դավիթը։ 

Գլխավոր լուսանկարում՝ Դավիթ Արզումանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter