HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը համաձայնվել է աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնվել է աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

«Պարոն Էրդողանը համաձայնվել է որքան հնարավոր է արագ խորհրդարանի վավերացմանը ներկայացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը և աշխատել խորհրդարանի հետ կարճ ժամկետներում` այդ փաստաթղթի վավերացման ուղղությամբ»,- հայտարարել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ իր հերթին ՆԱՏՕ-ն խոստացել է ստեղծել հատուկ մեխանիզմ և ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ներկայացուցչի պաշտոն։

Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի  հանդիպման արդյունքում։

Թուրքական Yeni Şafak-ն էլ հայտնել է, թե Շվեդիայի անդամակցության փոխարեն ինչ կստանա Անկարան։ Մասնավորապես, ըստ Yeni Şafak-ի, ԵՄ ներկայացուցիչները համաձայնվել են արագացնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, այդ թվում` Մաքսային միությանն անդամակցելու և նրա քաղաքացիների համար առանց վիզայի այցելությունների թույլտվության մասով։

Ըստ թուրքական պարբերականի՝ թուրքական կողմի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ «Անկարան ստացել է այն, ինչ ուզում էր, այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը կարագանա»։

Այսօր ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ եթե իր երկիրը միանա Եվրոպական միությանը, ապա Թուրքիան պատրաստ կլինի աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ 

«Ես դիմում եմ այն երկրներին, որոնք Թուրքիային արդեն ավելի քան 50 տարի ստիպում են սպասել Եվրամիության դռների առջև։ Սկզբում բացեք դեպի ԵՄ Թուրքիայի համար ճանապարհը, իսկ այնուհետ մենք կբացենք դեպի ՆԱՏՕ Շվեդիայի ուղին, ինչպես դա արդեն արել ենք Ֆինլանդիայի համար»,- Վիլնյուսում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին մեկնելուց առաջ հայտարարել էր Թուրքիայի նախագահը։

Նա հավելել էր, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ իր այս դիրքորոշումը մտադիր է արտահայտել նաև գագաթնաժողովի ժամանակ։

Թե ինչպես պետք է Թուրքիայի համար բացվեր ԵՄ ճանապարհը, Էրդողանը չի մանրամասնել։ BBC News-ը ենթադրում է, որ խոսքը Եվրամիությանն այդ երկրի անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլի մասին է։ 

Թուրքիան 1963 թվականին ստորագրել է Եվրոպական տնտեսական համագործակցությանն ասոցացման համաձայնագիրը։ 1987 թվականին այդ երկիրը ԵՄ անդամակցության հայտ ներկայացրեց, իսկ 1999 թվականին ստացավ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։ 2005-2006 թվականներին տեղի ունեցան Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության պաշտոնական բանակցությունները։ Դրան հաջորդած տարիներին Թուրքիայի իշխանությունները երբեմն հայտարարում էին, որ այդ երկիրը այլևս չի պատրաստվում անդամակցել Եվրամիությանը, սակայն երբեմն էլ նշում էին, որ ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է։

Շվեդիան և Ֆինլանդիան միասին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ էին ներկայացրել 2022 թվականի ամռանը՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետ։ Արդեն այս տարի Ֆինլանդիան դարձավ այդ կառույցի լիիրավ անդամ։

ՆԱՏՕ-ին անդամակցության համար անհրաժեշտ է, որ անդամ բոլոր երկրները հավանություն տան այս կամ այն թեկնածուի դիմումին։ Թուրքիան Շվեդիային մի քանի պայման է ներկայացրել։ Մասնավորապես, Թուրքիայի իշխանությունները պահանջում են արտահանձնել այն մարդկանց, որոնց Անկարան մեղադրում է ահաբեկչության մեջ, ինչպես նաև «կանխարգելել PKK-ի գործունեությունը», որին Անկարան ահաբեկչական կազմակերպություն է որակում։

Լուսանկարը՝  Anadolu գործակալության 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter