HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Ոսկե Ծիրան»-ի Ծուռ Ծիրանը՝ Տակեշի Կիտանոյի «Վիզը» ֆիլմը

«Հումորը նման է բռնության. երկուսն էլ անսպասելիորեն են գալիս ձեզ վրա, և որքան անսպասելի, այնքան ավելի ուժեղ է ազդեցությունը»,- Տակեշի Կիտանոյի այս խոսքերի ամենավառ դրսևորումն իր վերջին՝ «Վիզը» ֆիլմն է։ Սամուրայական ժանրը, սկսած Ակիրա Կուրասավայից, առանցքային և ինչ-որ առումով սակրալ է համարվում ճապոնական կինեմատոգրաֆիայում։ Կիտանոյի՝ համանուն վեպի հիման վրա նկարահանված սամուրայների կյանքի մասին պատմող «Վիզը» ֆիլմը այդ ժանրի ամբողջական հեգնումն է։

Ճապոնական կինոյի պատմության ամենաէքսցենտրիկ անհատականությունը՝ ռեժիսոր, դերասան, հաղորդավար, գրող, սցենարիստ, նկարիչ Տակեշի Կիտանոն այս տարվա  հոբելյանական 20-րդ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուրն էր, հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնել ռեժիսորին փառատոնի բացմանը միայն:

Նրա վերջին՝ «Վիզը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա Կաննի 76-րդ կինոփառատոնում։ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի Ծուռ Ծիրան ծրագրի (հիմնական ծրագրից դուրս, գիշերային ցուցադրության ֆիլմեր) շրջանակում՝ հուլիսի 10-ին տեղի ունեցավ Կիտանոյի ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ Դիտմանը ներկա պետք է լիներ նաև հեղինակը, բայց անկանխատեսելի Կիտանոն չեկավ։

Բազմաթիվ հեղինակավոր մրցանակների՝ Սեզարի, Վենետիկի կինոփառատոնի բազմակի  դափնեկիր 76–ամյա Տակեշի Կիտանոյի՝ «Վիզը» ֆիլմը ռեժիսորի խոսքերով իր վերջին ֆիլմն է։

Ֆիլմը պատմում է Ճապոնիայում 16-րդ դարում տեղի ունեցած պալատական ​​հեղաշրջման մասին։ Ինչպես իր մնացած ֆիլմերում գլխավոր հերոսներից մեկի՝ Հիդեյոսիի դերում Կիտանոն է։ Նույնիսկ ռեժիսորի չափանիշներով ֆիլմում շատ է արյունը։ Նրա ֆիլմի հերոսները չեն փորձում համակրանք առաջացնել․ արժանապատվության, հերոսականության ոչ մի նշույլ, միայն փոքրոգի, իշխանության ձգտման նկրտումներ։ Նույնիսկ զոհվելուց սամուրայները պատկերված են անհարմար, ծիծաղելի վիճակում։

Դեռ իր կարիերայի սկզբում Կիտանոն պատմել է մեծանուն Ակիրա Կուրասավային իր երազանքի մասին՝ նկարել լայնամասշտաբ ֆիլմ 1582թ. Ճապոնիայում ծավալված դեպքերի, Օդա Նոբունագայի դաժանությունների և մահվան մասին։ Կուրասավան պատասխանել է, որ այդ դեպքում Կիտանոն կգերազանցի իր «Յոթ սամուրայներ» ֆիլմը։ Ստացվե՞լ է գերազանցել, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց որ արժե դիտել թե՛ մեկը, թե՛ մյուսը, միանշանակ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter