HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Փաստաբանները պահանջում են ՆԳՆ ոստիկանապետի հրաժարականը

Այսօր՝ հուլիսի 11-ին, մեկնարկեց փաստաբանների եռօրյա գործադուլը: Նրանք հրաժարվել են պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ բողոքելով փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության և պատկան մարմինների ոչ պատշաճ արձագանքի դեմ:

Փաստաբանները պահանջում էին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը: Ըստ փաստաբանների՝ նրանց նկատմամբ բռնությունների միջադեպերը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ:

Փաստաբանների պալատի շենքից նրանք քայլերթ իրականացրին դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը հանձնելու համար:

Նշենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ոստիկանության բաժանմունքում կիրառվել էր բռնություն։ Ալավերդյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ բռնություն էին գործադրել ոստիկանները, և վերջինիս պաշտպանելու նպատակով նա միջամտել էր գործընթացին և ինքը ևս դարձել բռնության զոհ։

Դեպքից ավելի վաղ՝ փետրվարին, ոստիկանության Էրեբունու բաժանմունքում բռնության զոհ էին դարձել նաև փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը։ Նրանք ներկայացրել էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։

Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն ասաց, որ այս ակցիային միացել է 502 փաստաբան: Նա նշեց, որ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերը տեղի են ունեցել Արամ Հովհաննիսյանի պաշտոնավորման օրոք:

«Եթե ոստիկանապետը պատշաճ արձագանքեր և փորձեր բռնությանը ներգրավված ոստիկանների նկատմամբ իրավական գործընթաց կիրառել, մենք չէինք թիրախավորի նրան»,- ասաց նա:

Զոհրաբյանի խոսքով՝ փետրվարին տեղի ունեցած դեպքին հաջորդել է ոստիկանության արագ արձագանքը և ոստիկանության 2 ծառայողի լիազորությունները դադարեցրել են, իսկ Կարեն Ալավերդյանի դեպքով թեև գործը քննվում է ԱԱԾ-ում և երկու ոստիկանի նկատմամբ խոշտանգման մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել, սակայն ոստիկանության կողմից իրավական ընթացակարգ չկա:

Նա ասաց, որ գիտակցում են, որ իրենց պահանջով պաշտոնատար անձը հրաժարական չի տա, իրենց նպատակն է ուշադրություն հրավիրել այս հարցին և բացառել փաստաբանների նկատմամբ բռնությունը:

Բռնության ենթարկված փաստաբան Կարեն Ալավերդյանը հայտնեց, որ մի քանի օր առաջ հանդիպել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ, բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը և որոշակի հետևողականություն եղել է:

ՆԳ նախարարության մոտ հասնելուն պես Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը մուտք գործեցին շենք՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և ՆԳ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հետ հանդիպելու նպատակով: 

Գրեթե մեկ ժամ տևած հանդիպմանը ներկա է եղել նաև ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Արա Զոհրաբյանը հայտնեց, որ հանդիպման ժամանակ Սիմոն Բաբայանը ներկայացրել է իրենց հուզող խնդիրները, երկուստեք այդ խնդիրների շուրջ եղել է վերլուծություն:

«Որոշվեց, որ ՆԳ նախարարության հետ կստորագրվի համապատասխան հուշագիր: Կստեղծվի հանձնախումբ՝ կազմված ոստիկաններից և փաստաբաններից, որը նմանատիպ դեպքերում օպերատիվ արձագանք կտա»,- ասաց Զոհրաբյանը:

Փաստաբան Կարեն Ալավերդյանի դեպքով ծառայողական քննությունն ընթացքի մեջ է: «Իրենք հավաստիացրին, որ մեղավորները օբյեկտիվ պատասխանատվություն կկրեն և ասացին, որ այսուհետ փաստաբանների հետ կապված նման դեպքեր չեն լինի և այլևս չեն կրկնվի»,- նշեց Զոհրաբյանը:

Նա ասաց, որ այս հանդիպման արդյունքներից գոհ են, և այսօր երեկոյան տեղի է ունենալու ակումբի նիստ, որտեղ կքննարկեն հետագա անելիքները:

Հանդիպումից հետո ՆԳՆ ոստիկանությունը հրապարակեց նաև հայտարարության տեքստը, որը հետևյալն է.

«Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը, քննարկելով Ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու և Կենտրոնական բաժիններում 2023 թ. փետրվարին և հունիսին արձանագրված ոստիկանների և փաստաբանների հետ կապված միջադեպերը, հայտարարում են՝

  1. Կողմերը կարևորում են փաստաբանության և ոստիկանության ինստիտուտների դերակատարումը Հայաստանի իրավական համակարգում.
  2. Կողմերը անընդունելի են համարում բռնությունների ցանկացած դրսևորում.
  3. Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությունների արդյունքներով իր գնահատականը տվել է Էրեբունու բաժնում տեղի ունեցած միջադեպին, իսկ Կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպը գտնվում է ծառայողական քննության ընթացքում.
  4. Ներքին գործերի նախարարությունը հավաստիացնում է, որ միջադեպերին ներգրավված ոստիկանության ծառայողների արարքներին կտրվի պատշաճ իրավական գնահատական՝ ապահովելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն.
  5. Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը կստեղծեն ոստիկանության ծառայողներից և փաստաբաններից կազմված հանձնախումբ՝ նման իրավիճակներում օպերատիվ արձագանքելու, փոխադարձ քննարկումներ, վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողների և փաստաբանների վարքագծի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:
  6. Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը մոտ օրերս կստորագրեն համագործակցության հուշագիր»:

Մի խումբ փաստաբանների ակցիան շարունակեց նաև ԲԴԽ-ի դիմաց՝ պահանջելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականը:

Նշենք, որ հունիսի 26-ին փաստաբանները գործադուլ էին արել՝ կրկին բողոքելով փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեմ և պահանջելով Կենտրոնի ոստիկանական բաժանմունքի ղեկավարի հրաժարականը, սակայն չէին ստացել պատկան մարմիններից պատշաճ արձագանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter