HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Էրեբունու բնակիչները 1 ամսից ավելի է ծորակից ջուր չեն խմում. ջրից տարօրինակ գարշահոտ է գալիս

Ֆեյսբուքյան «Էրեբունու բնակիչ» խմբում վերջին մեկ ամսվա գրառումները վերաբերում են վարչական շրջանում ջրամատակարարման խափանմանը կամ ջրի տարօրինակ համին ու հոտին։ Բնակիչները մեկը մյուսից հարցնում են, թե ո՞վ է տեղյակ ջրանջատումներից։ Հետաքրքրվում են արդյոք հարևան փողոցներու՞մ էլ է ջրից նույն գարշահոտը գալիս։ Բնակիչները մեկը մյուսին «մխիթարում են». Էրեբունու բոլոր փողոցներում նույն վիճակն է։

Մեր խմբագրություն դիմած Արմինե Հայրապետյանը խնդրում էր բարձրաձայնել Էրեբունի վարչական շրջանի խմելու ջրի հարցը։

«Տևական ժամանակ է՝ բացում են արտեզյան հորերի ջուր, որի արդյունքում շշի մեջ անգամ անզեն աչքով տեսանելի է սպիտակ փառը, էլ համի մասին խոսք չկա, մարդիկ ստիպված ջուր են գնում, նույնիսկ ամենաանապահովները, անհնար է այս ջուրը խմել, ծարավ չի հագեցնում, էլ չեմ խոսում առողջությանը վնասելու մասին»,- գրել էր նա։

Արմինե Հայրապետյանը իր 3 հոգանոց ընտանիքի համար ամեն օր 4-5 լիտր ջուր է գնում։

Ասում է, որ օրվա համար նախատեսված բյուջեի կեսը ծախսվում է ջուր գնելու համար։

Մայիսի վերջից վատացել են ջրի համն ու որակը։ Նրանք բնակվում են Աթոյան փողոցում, բայց հարցուփորձ են արել ու հասկացել, որ վարչական շրջանի բոլոր փողոցներում նույն վիճակն է։ Արմինեն ընտանիքի հետ Էրեբունի է տեղափոխվել 3 տարի առաջ։ Հիշում է, որ նախորդ տարիներին՝ ամռան ամիսներին ջրանջատումներ եղել են, որակի փոփոխություն եղել է, բայց այդ ամենը տևել է 2-3 շաբաթ, իսկ այս տարի բավականին երկար է տևում։

«Ղեկավարությունը պետք է հասկանա, որ մենք, բացի ուղղակի սպառող լինելուց, քաղաքացի ենք, որի կյանքի ու առողջության համար պետք է մտածեն, եթե «Վեոլիա Ջուր» ընկերությունը պետական չէ, դա չի նշանակում, որ պետությունը չպետք է հետաքրքրվի, թե իր քաղաքացուն ինչ է մատակարարվում»,- ասում է նա։

Գրիգոր Սարգսյանն ապրում է Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 2-րդ փողոցում։ Արդեն 1 ամսից ավել է, ինչ ծորակից ջուր չի խմում։ Հոսող ջրից տարօրինակ հոտ ու համ է գալիս։ Ջուր բերում է Նուբարաշենի «Սառը Ջուր» տեղանքից։

Նախորդ տարի Գրիգորը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը, հարցը լուծում չի ստացել, և հիմա անիմաստ է համարում նորից դիմել։

«Զանգահարել եմ անցած տարի, ասեցին էտա, կամ պետք է արտեզյան խառնած ջուր խմեք, կամ էլ պետք է անջատենք, էլ էս տարի պետք չգտա զանգելու, որովհետև վստահ եմ՝ բան չի փոխվելու»,- պատմում է Գրիգորը։

Ըստ նրա արդեն մի քանի տարի է՝ ամառվա ամիսներին ջրի համն ու որակը փոխվում են, ջրանջատումները՝ շատանում։

Խմելու ջրի վատ որակի պատճառով, ըստ Գրիգորի, աղեստամոքսային հիվանդություններ են առաջանում բնակիչների մոտ։

Էրեբունի փողոցի բնակիչ Վանուհի Առաքելյանը նշում է, որ բազմիցս ահազանգել է «Վեոլիա Ջուր»։ Մեկ ամիս առաջ ընկերությունից եկել, նմուշառում են արել, ապա հայտնել, որ համի փոխոխություն կա, բայց որակը չի փոխվել։ Վանուհին կարծում է, որ անհնար է համի փոփոխություն լինի, բայց ջրի որակը մնա նույնը։

«Մի ամիս է՝ ծորակից ջուր չենք խմում, բայց մարդիկ ոնց կարող են միշտ ջուր գնել, այն էլ մեծ ընտանիքներում։ Պատկերացնու՞մ եք ամսվա կտրվածքով դա ինչ հավելյալ ծախս է, էն էլ էս շոգ եղանակին, մարդ ոնց կարա շաբաթական 2000-3000 դրամ տա, ջուր գնի։ Ես երկու օր ջուր չգնեցի, ծորակից էի խմում ու ահավոր սրտխառնոցներ ունեի»,- պատմում է Վանուհին։

Նա գոհ չէ ««Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքից։ Վանուհու պատմելով՝ արդեն մի քանի տարի է՝ ամռան 3 ամսին ջրի որակը կտրուկ փոխվում է, բայց սեպտեմբերից մի օրում կրկին վերականգնվում է։ Կարծում է, որ ջրի պաշարները նվազել են, ու խմելու ջրին ոռոգման ջուր են խառնում։

Երեկ՝ հուլիսի 10-ին, Էրեբունի վարչական շրջանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել «Վեոլիա Ջուր» ընկերության Էրեբունու գրասենյակի առջև, բայց դրան որևէ արձագանք չի եղել։

«Հետք»-ը կապ է հաստատել նաև Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի հետ, մեզ հայտնեցին, որ ջրամատակարարման հետ կապված հարցերի հետ ոչ մի կապ չունեն, խնդրի մասին տեղյակ են, բայց լուծումը դուրս է իրանց իրավասությունների շրջանակից և առաջարկեցին դիմել «Վեոլիա Ջուր» ընկերությանը։

Ջրի որակի վատացման, հաճախակի ջրանջատումների մասին գրավոր հարցում էինք ուղարկել «Վեոլիա Ջուր» ընկերություն և խնդրել հնարավորինս արագ պատասխանել, «Վեոլիա Ջուրը» մեր հեռախոսազանգերին ու նամակներին չի պատասխանել։ 

Գլխավոր լուսանկարը՝ https://unsplash.com/photos/8jQC5RHWuSE 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter