
Ֆիլադելֆիա. կիսավեր տրամադրություն եւ հայուհի նկարչուհին
Միացյալ Նահանգների առաջին մայրաքաղաք այցելությունս եղանակի դժգոհության ուղեկցությամբ էր:
Թվով չորրորդ քաղաքն այս դիմավորեց ինձ մռայլ ու տխուր տրամադրությամբ: Երբ քաղաքի ներսում ես` կենտրոնում, ամեն ինչ այնքան հարթ ու խաղաղ է թվում, զարգացումը` ակնհայտ, աճն` անխուսափելի…Հիմա էլ Փիլադելֆիան շարունակում է մնալ բնակեցված եւ մեծ քաղաքներից մեկը:
Այս քաղաքում աշխատանքային օրն այնպես սկսվեց, որ հանգրվանս դարձավ հյուսիսային մասը. քաղաքն այստեղ մեռած է:
Նա, ով եղել է Նահանգներում, կամ նա, ով տեսել է հոլիվուդյան ֆիլմերի գունագեղ փողոցները, շոկի մեջ կընկնի միանգամից: Ես էլ:
Կանգնած եմ բակերից մեկում, որտեղ պլաստմասե շշերի արանքում տեղավորում եմ ոտքս ու նստում մի հնամաշ քարի:
![]() |
![]() |
Զարմանալի է` չկա աշխարհի մի անկյուն, որտեղ ավերածություն չլինի: Այս քաղաքի կենտրոնից դուրս ամեն բան ճռճռան է, հնամաշ եւ անշուք:
Ֆիլադելֆիայում «Street art»-ը թերեւս ամենազարգացածն է: Հանդիպում եմ այդ արվեստով զբաղվող մարդկանց, ովքեր արդեն հարյուրավոր շենքեր են նկարազարդել: Ստեղծում են նրանք այս ամենը մի նորակառույց բիզնես կենտրոնի ներսում, որը քաղաքի կենտրոնում է:
Նրանցից մեկը հայուհի է: Ցավոք, նրա մասին պատմող տիկինն ավելի շատ է տեղեկացված Հայաստանից, հայից…Նկարչուհին զարմացած նայում է. թվում է` փորձում է հարցնել. «Ինչո՞ւ ես այդքան զարմացած. ի՞նչ կա հայ լինելու մեջ»:
![]() |
![]() |
Այդ սենյակում երկար մնալ չես կարող. ցուրտ է, ներկերի հոտը խառնված է օդին ու մի հայուհի, որը սառնությամբ պատասխանում է մասնագիտական հարցերին:
Մեկ ժամ անց Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ կանգնած զննում եմ թարմ ծաղիկները: Ֆիլադելֆիան եւ Նահանգների մնացած քաղաքները կարողանում են ճշգրտորեն արտատպել ողջ աշխարհը. ամեն քաղաք` իր վրձնահարվածով, ամեն մի անկյուն` իր յուրօրինակությամբ:
![]() |
![]() |
Հունական փոքրիկ ռեստորանը մոտ է այս հուշարձանին: Հենց ինքը “Little Petre”-ի սեփականատեր հույնը ուրախ է, որ հայ հյուր ունի:
Աչքս թեքում եմ կողքի սեղանին նստած երկու տղամարդկանց վրա. շունը, որ անհամբեր սպասում է մի կտոր մսի, նստած է նրանց ոտքերի մոտ:
«Այստեղ այդպես է. ամեն մարդ, ամեն կենդանի միայն իր սնունդն ունի»,-ասում է թարգմանիչս:
Ես ծիծաղում եմ: Նա էլ: Շունը հաչում է երկուսիս վրա:
![]() |
![]() |
Չորսօրյա զննումներս այս քաղաքում ծանր տպավորություն թողեցին: Հատկապես սեւամորթների երեխաները, որոնց մեծ մասը բնակվում էր քաղաքի տարբեր անկյուններում: Զբաղվածության համար ստեղծված կենտրոնները անշուք էին, բայց հյուրընկալ, իսկ այստեղ ծնվում են արվեստի գործեր: Ձեռքիս տակով բազմաթիվ նկարներ, լուսանկարներ եւ քանդակներ անցան…Երբ թերթում ես քաղաքի առօրյան, մատներիդ տակ զգում ես, որ ամերիկյան այս քաղաքն անցյալ ունի…Հարուստ անցյալ: Բայց չգիտես ինչու, երբ փոխվում է ժամանակը, պատմության մի անիվ ծռում է ողջ ընթացքն ու սկսում ավիրել մինչ այդ կառուցածը:Եվ քաղաք, որտեղ ընդունվել է մի ահռելի պետության Ազատության հռչակագիր, այժմ լռության եւ անշուքության մեջ է:
Այդպիսին է Ֆիլադելֆիան:
Լուսանկարները` Անուշ Քոչարյանի
Մեկնաբանել