HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Իսկական արցախցին, որ էս հողի համար հոգի ու շունչ կտա, Արցախից դուրս չի գա». Ստեփանակերտի բնակիչ

Արցախի շրջափակումից հետո Անի Հովհաննիսյանի առավոտը սկսվում է լրահոսը թերթելով։ Սահմանային վիճակի մասին լուրերն է ստուգում, ապա մտածում, թե ինչ պետք է պատրաստի։ Ընտրությունը մեծ չէ, բացի ընդեղենի մի քանի տեսակներից՝ պատրաստելու ոչինչ չկա։ 

Միրգ, բանջարեղենի շատ տեսակներ, քաղցրավենիք, կաթնամթերք, ձեթ ու էլի շատ տարրական թվացող ապրանքներ, որի պակասը մենք՝ Հայաստանում բնակվողներս չենք զգում, Արցախում հնարավոր չէ գտնել։

Անին 2 երեխա ունի, բնակվում է Ստեփանակերտում։ Ամուսինը՝ Անդրանիկ Սարգսյանը, զինվորական է։ Ապրում են ամուսնու հարազատների հետ՝ 8-հոգանոց ընտանիքում։ Շրջափակման պատճառով Անին նաև աշխատանքն է կորցրել. կոսմետիկայի ու խնամքի պարագաների վաճառքով էր զբաղվում, գրասենյակ էր բացել, բայց Լաչինի միջանցքի փակման պատճառով, երբ փոխադրումներն անհնար դարձան, Անին փակեց գրասենյակն ու դարձավ գործազուրկ։ Հիմա դուստրերի՝ Մարիամի ու Մարինեի խնամքով է զբաղվում։

Գործազուրկ են դարձել նաև Անիի ամուսնու՝ Անդրանիկի քույրն ու եղբայրը, որոնք աշխատում էին Կաշենի հանքավայրում։

Մեծ ընտանիքում հոգսերն ավելի շատ են։ Շրջափակման պայմաններում, երբ սնունդը բազմազան չէ ու քիչ է, պետք է այնպիսի կերակուրներ պատրաստել, որ բոլորին հերիքի։

«Հնարավոր ուտելիքների մի ցուցակ ունենք ու մի երկու օրը մեկ նույն ցուցակը կրկնում ենք, արդեն կես տարի, բայց դե լավ կլինի»,- հույսը չի կորցնում Անին։ 

Ստեփանակերտում իրենց տան բակի հողն են սկսել մշակել։ Մինչ շրջափակումը հողագործությամբ չէին զբաղվում, հիմա բանջարեղենի որոշ տեսակներ, կանաչեղեն են ցանել։

Ձմռան ամիսներին, երբ սաստիկ ցուրտ էր, սովորաբար որևէ ապրանք գնելու համար Անին ժամերով հերթ էր կանգնում դրսում, հաճախ, երբ իր հերթը հասնում էր, անհրաժեշտ ապրանքը սպառված էր լինում։

Հիմա, երբ Ադրբեջանն արգելել է նաև հումանիտար փոխադրումները, հերթ կանգնելու իմաստ չկա, որովհետև արդեն գրեթե բոլոր խանութները դատարկ են։

«Ստեփանակերտում մի խանութ կա, որտեղ ձու են վաճառում, մի քանի օր առաջ մեր հարևանը առավոտյան 9-ից հերթ էր կանգնել, ես չկարողացա գնալ, իմ կտրոնը տվեցի, խնդրեցի՝ եթե հաջողվի, 5 կամ 10 ձու էլ մեր համար բերի, երեկոյան արդեն ժամը 6-ն էր, նոր վերադարձավ՝ 10 ձու ձեռքին, ասաց՝  5-ը քեզ, 5-ը՝ մեզ, էնքան վատ էի ինձ զգում։ Քաղաքակիրթ աշխարհում ո՞նց սենց բան հնարավոր կլինի, ո՞նց կարող է մի ամբողջ օր 10 ձվի հերթ կանգնես»,-ասում է նա։

44-օրյա պատերազմի օրերին ինքն ու երեխաները Արմավիրում էին՝ բարեկամի տանը։ Ամուսինը, եղբայրը, հայրը՝ դիրքերում։ Պատերազմից հետո, երբ Անին վերադարձավ Արցախ, վստահ էր, որ էլ երբեք Արցախը չի լքելու։ Հիմա էլ է նույն կարծիքին։

«Իսկական արցախցին, որ էս հողի համար հոգի ու շունչ կտա, Արցախից դուրս չի գա, երբեք, ինձ, իմ շրջապատի շատ ու շատ մարդկանց ստիպելով էլ չես կարող հանել Արցախից։ Ես գիտեմ մի ճիշտ, միակ ճիշտը մեր հողում մնալն է»,-ասում է Անին։

Հուլիսի 25-ին կլրանա Անիի կրտսեր դստեր՝ Մարինեի 6-ամյակը։ Ծննդյան տորթ Մարինեն չի ունենա։ Հրուշակեղենի խանութներն ու արտադրամասերը փակ են, քանի որ շաքարավազ չկա։ Անին էլ չի կարող թխվածք պատրաստել, ձուն, կաթնամթերքը, որ պետք է օգտագործի, կարող են խնայել ու մի քանի օր օգտագործել։

Մարինեն խնդրել էր, որ իր ծնունդը ընկերների հետ լողավազանում նշեն, Անին ասել է, որ չեն կարող։ «Դե նշենք, հրավիրենք, բա ի՞նչ հյուրասիրենք»,-ասում է ԱՆին։

Երեխաներն ամենից շատ քաղցրավենիք ու միրգ են ուզում, Անին բացատրում է, որ հնարավուրություն չկա գտնելու, բոլորն էլ չունեն, բոլորի տանն էլ նույն խնդիրն է, ասում է՝ երեխաները հասկանում են։

Հիմա Անին երեխաների հետ մի քանի օրով Մարտունու շրջանի Եմիշճան գյուղ՝ հայրական տուն է գնացել։ Եմիշճանից դեպի Ստեփանակերտ ավտոբուսը վառելիքի սղության պատճառով աշխատում է շաբաթական 3 անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին։ Հաջորդ հնարավորության դեպքում Ստեփանակերտ կվերադառնա։

Անիի հայրը՝ Գեղամ Հովհաննիսյանը, ծնունդով Շիրակի մարզից է։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ջոկատ է կազմել, եկել Մարտունի, մասնակցել Մարտունու պաշտպանությանը, հետո հինգ ընկերներով մնացել են Մարտունիում, Եմիշճան գյուղում տներ կառուցել ու բնակություն հաստատել այնտեղ։

«Մայրս արցախցի է, մորս ու հայրենիքի՝ Արցախի հանդեպ սերը հորս պահեց այստեղ, ու մենք էլ երբեք էստեղից դուրս գալ չենք պատրաստվում»,-ասում է Անին։

Հիմա էլ 60-ամյա Գեղամ Հովհաննիսյանն աշխարհազորայինի ջոկատով հսկում է հայրենի Եմիշճանի սահմանները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter