
«Իջևանի ՃՃՇ»-ն ուզում է, որ լրատվամիջոցը ներողություն խնդրի և զրպարտության համար ավելի շատ վճարի
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ «Իջևանի ՃՇՇ» ընկերության դիմումով վերաքննիչ բողոքն ընդդեմ Իջևանի հեռուստաընկերության և լրագրող Նաիրա Խաչիկյանի:
Հիշեցնենք, որ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն անցյալ տարվա հուլիսին հայց էր ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Իջևան ստուդիա» ՍՊԸ-ի և Նաիրա Խաչիկյանի` ներողություն խնդրելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Հայկական երկրորդ (Հ2) հեռուստաալիքով հեռարձակվող «Լրաբեր» լրատվական ծրագրի 21.06.2011թ. թողարկման ընթացքում ցուցադրվել է Նաիրա Խաչիկյանի, Արմեն Ասատրյանի, Իջևանի հեռուստաընկերության կողմից «Լրաբեր»-ի համար պատրաստված, «Ու՞ր են քանդված սալաքարերը» վերտառությամբ, երեք րոպե տևողությամբ տեսանյութը, որում «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի վերաբերյալ հնչել են մասնավորապես հետևյալ արտահայտությունները` «գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված մի պարզ անվամբ` Իջևանի ճանշին ձեռնարկություն», «քանդել ու սալահատիկը ծածուկ վաճառել», «երևի մասնագիտական որակի ու անաչառության պակասն է, որ ծնել է նման հետևանքներ», «Իջևանի ճանշինի թեթև ձեռքով վաճառվել են», «Մետաղագործների փողոցի 36 միլիոն դրամի ծախսման ու մսխման աշխատանքների մասին են բարձրաձայնում բնակիչները հորդառատ անձրևներից հետո»:
Դատարանը գտել է, որ հետևյալ արտահայտությունները՝ «Մետաղագործների փողոցի 36 միլիոն դրամի ծախսման ու մսխման աշխատանքների մասին են բարձրաձայնում բնակիչները հորդառատ անձրևներից հետո», «սալահատիկը քանդել են և ծածուկ վաճառել» և «Իջևանի ճանշինի թեթև ձեռքով վաճառվել են» արատավորել են հայցվորի գործարար համբավը և չեն համապատասխանում իրականությանը, այսինքն` զրպարտություն են:
Առաջին ատյանի դատարանը մասնակի էր բավարարել հայցվորի պահանջը, այն է՝ պատասխանող Նաիրա Խաչիկյանից հօգուտ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել 50 հազար դրամ` որպես զրպարտության համար փոխհատուցման գումար, ինչպես նաև 20 հազար դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության և 1500 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Դատարանը գտել է, որ «Իջևան ստուդիա» ՍՊԸ-ն պատշաճ պատասխանող չի եղել, քանի որ հայցվորի կողմից որևէ ապացույց չի եղել, որ «Իջևան ստուդիա» ՍՊԸ-ն Իջևանի հեռուստաընկերության հիմնադիր կամ հեռարձակողն է:
«Իջևանի ՃՇՇ» ընկերությունն իր վերաքննիչ բողոքում խնդրել է դատարանին՝ պարտավորեցնել պատասխանող կողմին ներեղություն խնդրել իրենից և հօգուտ իրեն բռնագանձել 2 միլիոն 64 հազար դրամ:
Կողմերն այսօրվա նիստին ներկա չէին, և դատական ակտի հրապարակման օր նշանակվեց հուլիսի 4-ը:
Մեկնաբանել