HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Ջրականի «Կյաժը»․ 3-րդ գումարտակի հրամանատար Դավիթ Նազարյանը

Արցախյան 44-օրյա պատերազմում Ջրականի ուղղությամբ հակառակորդի հարձակման  գլխավոր հարվածը եղել է 3-րդ և 2-րդ հրաձգային գումարտակների պաշտպանության շրջանի դիրքերի ուղղությամբ։ 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ջրականում՝ 9-րդ պաշտպանական շրջանում հաջողվել է 6 գիշեր և 7 ցերեկ դիմադրել ադրբեջանական մի քանի անգամ գերազանցող զինված ուժերի հարձակմանը՝ թշնամուն պատճառելով մեծածավալ կորուստներ։  

Երրորդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Դավիթ Նազարյանի գլխավորությամբ,  գումարտակին հաջողվել է պատերազմի առաջին օրերին հետ վերցնել և պահել իրենց դիրքերը՝ մինչև 2020թ․-ի հոկտեմբերի 3-ը։ Դավիթ Նազարյանը զոհվել է հոկտեմբերի 18-ին՝ Հադրութի շրջանի Թութակներ կոչվող տեղամասում։

Դավիթ Նազարյանի ծննդյան օրը Լեջան գյուղում․ դպրոցական ռազմակրթական միջոցառում

Հուլիսի 9-ին Ջրականի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար Դավիթ Նազարյանի ծննդյան օրն էր, իր հարազատ Լեջան գյուղում հավաքվել էին Դավիթի մարտական ընկերները: Լեջանի միջնակարգ դպրոցում՝ Դավիթ Նազարյանի անվան դասասենյակում մարտական ընկերները հիշեցին տարբեր դրվագներ ընկերոջից, պատմեցին մարտական գործողություններից։

«Դավիթի հետ անցել ենք երկար ճանապարհ՝ Քարվաճառում, Կապանում և վերջում 2020թ․-ին միասին ծառայում էինք Ջրականում։ Ես  9-րդ ՊՇ-ի հրամանատարն էի, ինքը՝ գումարտակի հրամանատար։ Խնդրում եմ այսօր տխուր չլինել, այսօր մեր ընկերոջ ծննդյան օրն է։ 2022թ․-ի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ էլ եմ մասնակցել` որպես հրմանատար, կողքս էլի իմ զինակից ընկերներն էին ու մենք ամեն որոշում կայացնելուց մտքում հիշում էինք մեր զոհված ընկերների համարձակությունը։ 9-րդ պաշտպանական շրջանում հակառակորդի գործողությունների ընթացքում որևէ մարտական դիրք հակառակորդը չի կարողացել առանց կորուստներ կրելու տիրել։

Դավիթ Նազարյանի գլխավորած 3-րդ գումարտակի ամեն 7-հոգանոց դիրքի վրա հարձակվել է 70-80 հոգանոց հակառակորդի խումբ ու մինչև հոկտեմբերի 3-ը գումարտակը կանգնել է իր պաշտպանական շրջանում և հասցրել է հակառակորդին առավելագույն կորուստներ, բոլոր իմ դրած խնդիրները գումարտակի հրամանատար Դավիթ Նազարյանը կատարել է։ Առանց գումարտակի՝ ենթակա հրամանատարների, առանց դիրքի ավագների, զինվորների գնդի հրամանատարը սովորական մարդ է, ես ուժեղ եմ եղել իրենցով»,-պատմեց 44-օրյա պատերազմի ժամանակ 9-րդ ՊՇ-ի հրամանատար, գնդապետ Արտյոմ Պողոսյանը:

Իր հրամանատարի ծննդյան օրվա առթիվ Լեջան գյուղ էր եկել նաև Դավիթ Նազարյանի գումարտակի զինվոր Արսեն Գրիգորյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել էր Ջրականի 105-րդ մարտական դիրքի ավագը։

«Նազարյանը 2020թ․-ի գարնանն էր նշանակվել 3-րդ գումարտակի հրամանատար, ես 7-րդ վաշտից էի, կրտսեր սերժանտ, դիրքի ավագ։ Իմ ծառայությանը մնացել էր 4 ամիս։ Զորքը հրամանատարին չէր ճանաչում էնպես, ինչպես ճանաչեց պատերազմի ընթացքում, մինչև էդ իրեն գիտեինք ուղղակի զուսպ, հանգիստ, համեստ մարդ։ 44-օրյայի սկզբի օրվանից նոր հասկացանք՝ ինչ ուժեղ մարդ է։ Պատերազմի հենց առաջին օրը՝ դիրքեր բարձրանալու ճանապարհին մեր վաշտի վրա 5 տանկ էր գալիս, մի պահ խուճապ կար, մեր եղած զենքերով կրակում էինք, բայց ոչինչ չէր լինում, էդ պահին իր «Պիկապով» մեզ հասավ գումարտակի հրամանատարը, վերցրեց մեզ մոտ եղած ձեռքի հակատանակային նռնականետը (ՌՊԳ) ու սկսեց կրակել տանկերի վրա։ Առաջին  օրվանից բոլոր կողմերից լսվում էր «Կյաժ» անունը, մեր գումարտակի հրամանատարի ածականն էր, ինքը ամեն տեղ էր, նույնիսկ վիրավոր վիճակում (վիրավորվել էր ոտքից՝ ականանետի բեկորներից-հեղ․)։ Հոկտեմբերի 10-ին Հադրութի շրջանում էինք, մարտ վարելով, անտառներով շարժվում էինք դեպի Սարինշեն գյուղ։ Զորքն արդեն հոգնել էր, մի մասը խանգարվել էր՝ ընկերներ կորցնելուց, վախից, պայթյուններից, բայց կամբատը (գումարտակի հրամանատարը-հեղ․) դուխ էր տալիս գումարտակին, ոգևորում էր բոլորին, ինքը մեզնից առաջ էր գնում ու գոռում էր՝ բան չմնաց, սաղին խփում ենք։

Հոկտեբերի 14-18-ը Թութակներ կոչվող սարի վրա էինք, էդ առավոտյան մեզ վրա հարձակում տեղի ունեցավ։ Կամբատի հետ վերևի դիրքում էինք, հայացքներով իրար նայեցինք, ինձ ասեց՝ գնա ներքև, ասա՝ վերևը ուշադիր լինեն, հեսա թուրքերը լցվելու են։ Վազում եմ ներքև՝ տղերքի մոտ, ու հենց էդ պահին ռացիայով կապ են տալիս, ասում են՝ կամբատին խփեցին։ Էդ լսելուց  բոլորի զենքերը մի պահ իջան, էդ ահավոր ծանր պահ էր մեր համար»,- պատմում է Արսեն Գրիգորյանը։

Փոխգնդապետ Դավիթ Նազարյանը հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալի, նրան շնորհվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճան շքանշան։ Ջրականի 3-րդ գումարտակից 44-օրյա պատերազմում զոհվել է 37 զինծառայող։

 

Առաջիկայում «Հետքը» մանրամասն կանդրադառնա 2020թ․-ի արցախյան պատերազմում Ջրականի՝ 9-րդ ՊՇ-ի մարտական գործողություներին։

Գլխավոր լուսանկարում՝ 3-րդ գումարտակի հրամանատար Դավիթ Նազարյանն է, Ջրականի 300-րդ դիրքում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter