
Մոսկվայում սպասում են Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան հանդիպման արդյունքներին
Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Բաքվի ու Երևանի միջև խաղաղության։ Այդ մասին ռուսական news.ru-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բրյուսելում հուլիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նրա խոսքով՝ ինչ-որ եզրակացություններ անելը դեռևս վաղաժամ է։
«Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական երկխոսության, որը կհանգեցնի կայուն խաղաղության հաստատմանը։ Այդ իսկ պատճառով եզրակացություններ պետք է անել ըստ հանդիպման արդյունքների»,- ասել է Զախարովան։
Այսօր, ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը կկայանա պլանավորվածից շուտ՝ հուլիսի 15-ին (ի սկզբանե նշվում էր հուլիսի 21-ը- խմբ.)։ «Հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջըթնաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- ասել էր Փաշինյանը։
Նա նաև հավելել էր, որ Արցախում առկա հումանիտար ճգնաժամի պատասխանատվությունը կրում է Բաքուն։
Լուսանկարը՝ РИА Новости / Евгений Одиноков
Մեկնաբանել