HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատական կարգով ստացված տեղեկատվությունը «ժամկետանց» է

Պետական մարմիններից տեղեկատվություն ստանալը լուրջ փորձություն է դարձել լրատվամիջոցների համար: Հատկապես պետական միջոցների ծախսերին վերաբերող հարցումներն անհիմն մերժվում են՝ պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիք պարունակելու պատճառաբանությամբ: Այդ տեղեկատվությունը ստանալու միակ օրինական ճանապարհը դատարան դիմելն է: Սակայն դատարան դիմելու համար պետք են ամուր նյարդեր և ժամանակի կորստի գիտակցում՝ տարիներով վճիռների սպասելու համար:

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հունիսի 5-ին դիմել է Վարչական դատարան ընդդեմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջով: Դատարանին խնդրում ենք նախարարությանը պարտավորեցնել տրամադրել պետական բյուջեի հաշվին աջակցություն ստացած տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների անուններն ու ստացած աջակցության չափը:

Հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերի 1-ին Կառավարությունը որոշում ընդունեց 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում գործող կազմակերպություններին։ Աջակցության անհրաժեշտությունը բացատրվեց ընկերությունների կրած վնասներով, որոնք առաջացել էին առաջին հերթին դոլարի նկատմամբ դրամի արժևորման հետևանքով։

Մեր հարցումներին ի պատասխան՝ նախարարությունից հրաժարվել են տրամադրել այն ընկերությունների ցանկը, որոնք պետական աջակցություն են ստացել նշված որոշման շրջանակներում։ Նախարարությունը չի նշել ինչպես ընկերությունների անունները, այնպես էլ նրանց ստացած աջակցության չափը՝ դրանք համարելով առևտրային գաղտնիք։

Դատարանը, նախագահությամբ դատավոր Ելենա Առաքելյանի, հայցադիմումն ընդունել է վարույթ հունիսի 13-ին և առաջին նախնական դատական նիստը նշանակել է 7 ամիս հետո՝ 2024թ. հունվարի 24-ին:

Եթե այդ օրը կողմերից մեկի ներկայացուցիչը կամ դատավորը «համարձակվի» հիվանդանալ, հաջորդ նիստը կնշանակվի ամիսներ անց: Ուսումնասիրելով դատավորի՝ այլ գործերով նիստեր նշանակելու հաճախականությունը, կարող ենք ենթադրել, որ վճիռ կկայացնի 2024թ․-ի վերջին:

Դրա համար կան հիմքեր: «Դատալեքս» տեղեկատվական պորտալում ուսումնասիրել ենք դատավոր Ե. Առաքելյանի մեկ շաբաթվա զբաղվածությունը: Ընտրել ենք 2023թ. հունիսի 1-12-ը, քանի որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցադիմումն այդ ժամանակահատվածում է մակագրվել դատավորին:

Պարզել ենք, որ 7 օրերից Առաքելյանին 5 օրվա ընթացքում մակագրվել է 16 գործ: Ոչ մի գործ չի մակագրվել հունիսի 1-2-ին:

16 գործից 3-ը քննելու է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ առանց նիստ հրավիրելու՝ 6-7 ամիս անց վճիռը տեղադրելով «Դատալեքսում», իսկ 7 գործով հայցի ընդունումը մերժել է, 3-ով՝ վերադարձրել:

Նշված ժամանակահատվածում միայն 4 օր է նիստ ունեցել: 4 օր էլ ընդհանրապես նիստ չի ունեցել: Նշանակել է 19 նիստ, որոնց մոտ կեսը հետաձգվել է:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի պատասխանատուից փորձեցինք ստանալ դատավորի վարույթում գտնվող գործերի քանակի վերաբերյալ տեղեկատվություն: Պարզվեց՝ չեն տիրապետում և այդ հարցով դիմել են դատավոր Առաքելյանին, մինչդեռ վերջինս մեկ ամսով մեկնել է արձակուրդ և այժմ Հայաստանում չէ:

Մեկ տարի անց վճիռ ստանալը ևս իրատեսական չէ՝ հաշվի առնելով, որ վճռից դժգոհ կողմը կարող է վերադասության կարգով բողոքարկել, ինչը ևս 2 տարով հետաձգում է տեղեկատվության ենթադրյալ ստացումը:

Սա այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է, որ յուրաքանչյուր ոք ունի «առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության» իրավունք: 

Իսկ ինչպե՞ս մարդն իրացնի տեղեկացված լինելուիր իրավունքը, երբ պետական մարմինները հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն չեն հրապարակում, իսկ դատական պաշտպանությունն այնքան է ձգձգվում, որ դառնում է անարդյունավետ:

Հարկ է նշել, որ տեղեկատվություն տրամադրելու մերժումով խոչընդոտվում է լրատվամիջոցների կարևոր հանրային առաքելությունը, այն է՝ հանրային մարմինների նկատմամբ «հսկողության» գործառույթը։ Դրանից տուժում է նաև հանրությունը՝ չստանալով անհրաժեշտ տեղեկատվություն:

Բացի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դեմ հայցերից, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ևս երկու դատական գործ ունի՝ տեղեկատվություն ստանալու պահանջով, որոնց վերջը նույնպես չի երևում:

Մասնավորապես, 2019թ. օգոստոսից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա /Երևանի ֆիզիկայի ինստիտուտ/ հիմնադրամի դեմ ներկայացված պահանջը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի` 2011-2019թթ. ընդունած բոլոր որոշումների պատճենները տրամադրելուն պարտավորեցնելու մասին:

Առաջին ատյանի դատարանը վճիռը կայացրել է լրատվամիջոցի օգտին, այնուհետև Ֆիզիկայի ինստիտուտը բողոքարկել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործը բեկանել եւ ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, որտեղ մինչ օրս դեռ քննություն է գնում:

2011-2019թթ. որոշումներն արդեն հնացած են, քանի որ այս ընթացքում կայացվել են այլ որոշումներ: Դրանք այլևս հանրային հետաքրքրություն չունեն, սակայն գործի քննությունը դեռ շարունակվում է: Այս իրավիճակը հավասարազոր է նրան, որ, արդյունավետ դատական պաշտպանություն չիրականացնելով, մերժվել է տեղեկատվություն ստանալու պահանջը:

Նմանատիպ իրավիճակում հայտնվել ենք նաև Վարչական դատարանում:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին խնդրել էինք տրամադրել տեղեկություններ ԱԺ-ի ծառայողական ավտոմեքենաների, դրանց սպասարկման, ծախսերի վերաբերյալ: Մերժել էին տեղեկատվություն տրամադրել, թե ավտոմեքենաներից յուրաքանչյուրն ում է սպասարկում: Չէին տրամադրել նաև ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն:

Վարչական դատարանը վճիռը կայացրել է 2022թ. հունիսի 30-ին՝ ԱԺ-ի նախագահին պարտավորեցնելով տրամադրել տեղեկատվություն, թե ում է սպասարկել 43 ավտոմեքենաներից յուրաքանչյուրը, ինչպես նաև՝ թե որքան է կազմել յուրաքանչյուրի վառելիքի ծախսը:

Ազգային ժողովը, դժգոհ լինելով վճռից, բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան: Բողոքը վարույթ է ընդունվել 2022թ. սեպտեմբերի 5-ին, նիստի օրը նշանակվել է վարույթ ընդունելու որոշումից մոտ 1 տարի 3 ամիս անց՝ 2023թ. նոյեմբերի 30-ին:

Եթե այդ օրը նիստը կայանա և որոշման հրապարակման օր հայտարարվի, չի բացառվում, որ որոշումից դժգոհ կողմը դիմի Վճռաբեկ դատարան, ինչը նշանակում է, որ այդ գործով 2024թ. մարտ-ապրիլ ամսից շուտ հնարավոր չէ վերջնական դատական ակտ ակնկալել:

Ստացվում է, որ Հայաստանում ունենք ուշացած արդարադատության ծայրահեղ վտանգավոր իրավիճակ և ողջամիտ ժամկետներում գործերի քննության երաշխիքի խախտում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ինչպես նաև Վճռբեկ դատարանը հատուկ շեշտել են, որ «ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է» (Justice delayed is justice denied): Գաղափարն այն է, որ դատավարության չհիմնավորված ձգձգումները կարող են կողմերի համար հանգեցնել «արդարադատության մերժման», ինչի ականատեսը լինում ենք տեղեկատվության պահանջի գործերով:

Սրանով է պայմանավորված նաև պետական պաշտոնյաների վարքագիծը՝ տեղեկատվության տրամադրումը անհիմն պատճառաբաներություններով մերժելու հարցում: Քաջ գիտակցում են, որ քչերն ամուր նյարդեր ու համբերություն կունենան 3-4 տարի անց դատական կարգով ստանալ պահանջված տեղեկատվությունը, որը ոչ մեկին պետք չի լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter